ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ԳՐՊԱՆՈՒՄ` ՍՐՏԻ ՎՐԱ
Ես պիտի ակնարկ գրեմ Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանի մասին: Փնտրել-գտել եմ բազմաթիվ հոդվածներ, ընդհուպ` «Զնամյա Ռոդինի» ճակատային թերթի 1943թ.-ի սեպտեմբերի 30-ի համարում տպագրված նյութը, որը Սուրեն Առաքելյանի վերջին ճակատամարտի ու անմահ սխրանքի վավերագիրն է, զրուցել եմ հերոսի համագյուղացիների հետ: Ձեռքիս տակ այնքան նյութ կա, որ մեկ չէ, մի քանի հոդված կարող եմ գրել, բայց…ինչ-որ բան չի հերիքում, ինչ-որ կենդանի թրթիռ, հուզում… Ու ես գնում եմ հանդիպելու հերոսի որդուն` Համլետ Առաքելյանին:
…Սեղանին ալբոմներ կան, նկարներ, հոդվածներ:
-Քեզ համար եմ առանձնացրել,- ասում է Համլետ Առաքելյանը:
-Ես դրանք բոլորը կարդացել եմ,- պատասխանում եմ, -ուզում եմ, որ Դո՛ւք պատմեք:
-Ես հորս չեմ տեսել:
-Գիտեմ:
-Ես էլ քեզ նման թերթերում տպագրված հոդվածներից եմ լսել հորս մասին: Առաջին, թե երկրորդ դասարանում էի: Հայրիկիս մասին հոդվածը կտրել-պոկել էի թերթից, դրել էի լուցկու տուփի մեջ ու միշտ աշակերտական վերնաշապիկիս ծոցագրպանում էի պահում` սրտիս վրա:
Ես հենց հիմա կարող եմ ավարտել մեր զրույցը, ինձ հենց սա էր պակասում, այս պատկերը, հայրը` աշակերտական վերնաշապիկի ծոցագրպանում, սրտի վրա: Ես նայում եմ հերոսի որդուն, որը ճիշտ հորս տարիքին է, ու իր հոր նկարը մեկնել է ինձ` դեմքին մի աննկարագրելի մանկական անպաշտպանվածություն… կարոտ, սեր… ես ուզում եմ ինչ-որ լավ բան ասել նրան, տաք բառեր եմ որոնում…
-Ձեր մանկության ընկերները պատմում են, որ փոքր ժամանակ նախանձել են Ձեզ, որովհետև բոլորը Ձեր մասին խոսելիս ասել են` հերոսի տղան… համ էլ Դուք շատ գեղեցիկ եք եղել, խելացի, լավ դաստիարակված, բարեկիրթ ու օրինակելի: Այդպես են ասում:
Համլետ Առաքելյանը նայում է բացակա, ինչ-որ բան է մտածում:
-Նրանք, ովքեր իրենց կողքին իրական, մարմնավոր հայր են ունեցել, չեն հասկանա այն մարդկանց, որոնց հայրերը թերթում տպագրված հոդված են, պատից կախված նկար, օտար հողում մնացած հուշաքար: Չեն հասկանա այն մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում որոնում են իրենց հայրերին` գույն առ գույն, պատառիկ առ պատառիկ, դրվագ առ դրվագ հավաքելով նրանց կերպարը… Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները հայր ունենան, թող որ սովորական, հասարակ, բայց իրական հայր, որոնք պաղպաղակ կգնեն իրենց համար, անկյուն կկանգնեցնեն: Նախանձե՞լ են` ասում եք: Իսկ ես երանի եմ տվել իմ ընկերներին, որոնք քայլել են իրենց հոր ձեռքից բռնած: Ես ոչ մի կենդանի հիշողություն չունեմ իմ հորից:
-Իսկ ես ունեմ,- ասում եմ ու անմիջապես հասկանում, որ անտակտություն էր ասածս:
Հերոսի տղան ժպտում է ջերմ, հասկացող:
-Դե՛, պատմի՛ր:
-Հայրս ինձ շքերթ էր տարել Մայիսի 1-ին` ուսերին նստեցրած: Մի օր էլ մի ահռելի ձուկ էր բերել, դրել էինք խոհանոցի սեղանին… ու ինձ համար կարմիր, պուտերով խալաթ, որը մինչ օրս պահում եմ: Երեք տարեկան էի այդ ժամանակ:
…Լուսամուտը բաց է: Բակում խաղացող երեխաների աղմուկը լցվել է ներս: Գարնանային տաք արևը թրթռում է վարագույրին: Ես ու հերոսի զավակը, որը ճիշտ հորս տարիքին է, մեր անհայր մանկությունն ենք հիշել ու իրար հերթ չտալով՝ պատմում ենք մեր հայրերի մասին:
…Բայց ես այս հոդվածում իմ հոր մասին չեմ գրի: Իմ հայրը հերոս չէ, նա պարզապես իմ հայրն է: Ես կգրեմ Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանի որդու պատմությունը «հեռավոր Անապայում հուշաքար դարձած» իր հոր մասին:
-Ասում են` դեռևս իր կենդանության օրոք Գորիսի շրջանի բնակիչները հորս կնքել են Տաթևցի Կորյուն մականունով, որովհետև հայրս ոստիկան էր ու մեկ անգամ չէ, որ կռիվ էր տվել հանցագործների դեմ, մարդասպանություն էր կանխել՝ վտանգելով կյանքը, նրան հարվածել են դաշույնով…
-Տարբեր հոդվածներ համադրելիս հասկացա, որ Ձեր երկու հորեղբայրները նույնպես զոհվել են Հայրենական պատերազմում` Բագրատն ու Հովհաննեսը: Այդպե՞ս է: Մի ընտանիքից երեք զո՞հ: Մի մորից` երեք որդի՞,- հարցնելիս մարմնովս սարսուռ է անցնում: Համլետ Առաքելյանը գլխով է անում:
-Բագրատ հորեղբայրս դասակի հրամանատար էր, հայրս` ջոկի: Նույն գնդում էին կռվում: Նովոռոսիյսկի ուղղությամբ մարտերի ժամանակ լեյտենանտ Բագրատ Առաքելյանը ծանր վիրավորվում է ու մահանում բուժկետում` հորս գրկի մեջ: Խորհրդային Միության հերոս Նվեր Սաֆարյանը պատմում էր, որ եղբոր զոհվելուց հետո հայրս կորցրել էր հանգիստը: Խնդրում էր իրեն ներգրավել բոլոր վտանգավոր օպերացիաներում…
-Շատ հուզիչ էր Սուրեն Առաքելյանի վերջին ճակատամարտի մասին պատմող հոդվածը` տպագրված ճակատային թերթում` 1943թ.-ին. «մոտենում է վաշտի հրամանատարին ու ասում` թույլ տվեք գրավել բարձունքը»:
-Մարտն անհավասար էր: Բոլորից առաջ սողեսող բարձունքին է մոտենում հայրս: Մարտիկները հետևում են նրան: Հայրս երկու նռնակ է նետում թշնամու դզօտի վրա: Հակառակորդի կրակակետը լռում է: Մարտիկները ոտքի են կանգնում ու սկսում են գրոհել բարձունքը: Բայց անակնկալ սկսում է գործել թշնամու գնդացիրը:
Արդեն վիրավոր` լարելով վերջին ուժերը` հայրս նետվում է հրակնատի վրա, փակելով կրակի ճանապարհը… քիչ անց բարձունքին ծածանվում է եռագույնը:
Նա ասում է «եռագույնը»` կարմիր դրոշի փոխարեն: Ես չեմ ուղղում, որովհետև նրա սխալն ըստ էության ավելի ճիշտ է:
-Մի բան ասե՞մ: Ինձ միշտ թվացել է, թե կրծքով դզօտը փակելու պատմությունները հորինված են, լեգենդ են, առասպել… մեզ արիացնելու համար են:
-Ականատեսներն են պատմում,- ասում է հերոսի որդին արդարանալու նման:
Ես ամաչում եմ իմ խոսքերից: Համլետ Առաքելյանը շարունակում է:
-Երբ առաջին անգամ գնացինք այն գյուղը, որտեղ հայրս զոհվել է, դզօտը դեռևս այնտեղ էր:
-Այն դզօ՞տը, որի կրակե երախը փակելիս զոհվել է Սուրեն Առաքելյա՞նը,- ես փորձում եմ քավել մեղքս:
-Այո՛: Հիմա դզօտի տեղում հորս հուշաքարն են կանգնեցրել:
Մեզ տեսնելով, գյուղացիներից մեկը` Յուլյան, սկսեց գյուղով մեկ բղավել` հերոսի որդին է եկել, Սուրենի որդին: Հետո պատմեց, որ իր աչքերով տեսել է ամենը` հորս սխրանքը, ընկնելը…
-Յուլյան եկե՞լ էր Հայաստան Անապայի պատվիրակության կազմում, երբ Տաթև գյուղի՝ Սուրեն Առաքելյանի անվան դպրոցի բակում կանգնեցվում էր հերոսի արձանը:
-Չէր եկել, բայց, Աստծո հաջողությամբ, մի օր կհրավիրեմ նրան Հայաստան: Մինչ օրս նամակներ է գրում մեզ: Ռուսները երախտապարտ ժողովուրդ են: Անապայից եկած մարդիկ մի բուռ հող էին բերել այն վայրից, որտեղ ամփոփված է հորս մարմինը: Մի տեսակ թեթևացա: Ասես՝ հայրս տուն դարձավ, իր գերեզմանն ունեցավ հայրենիքում: Յուլյան պատմում է, որ ռուսական գյուղում բոլոր հարսանիքներն սկսվում են հորս հուշաքարից, նորապսակները ջրում են եղևնիները, ծաղիկներ են դնում հուշաքարին: Երկու որդիներս մեկ անգամ չէ, որ եղել են Անապայում, մասնակցել են միջոցառումներին, հպարտացել են…
…Ես ուրիշ բան եմ մտածում: Համլետ Առաքելյանի թոռը` 16-ամյա Նարեկը, աննկատ մտել է ներս ու լսում է մեր զրույցը:
«Իսկ նա կայցելի՞ մեծ պապի գերեզմանին,- մտածում եմ,- կհպարտանա՞ նրա սխրանքով: Իսկ 20-30 տարի հետո՞…»
-Հայրս սերժանտ էր,- Համլետ Առաքելյանն իր մտքերի հետ է,- ասում են` երազել է սպա դառնալ: Առաջնեկս` կրտսեր Սուրեն Առաքելյանը, ոստիկան էր, փոխգնդապետի կոչումով զորացրվեց, թոշակի անցավ, կրտսեր որդիս` Վազգեն Առաքելյանը, գնդապետ է: Սա իմ փոքրիկ տուրքն է հորս հիշատակին:
-Իսկ իմ հայրն ուզում էր, որ ես բժշկուհի դառնամ: Հակառակի պես՝ քիմիան իմ ամենաչսիրած առարկան էր: Մամաս մինչև հիմա երեսով է տալիս:
-Հայրդ կհպարտանար քեզնով,- ասում է հերոսի որդին: Ինչ-որ անպատեհ արցունք եկել-հասել է կոպիս ու հետ չի գնում… Համլետ Առաքելյանը մի նկար է ցույց տալիս, կուրծքը մեդալներով զարդարած տղամարդը ծնկած է:
-Հորս մարտական ընկերն է,- ասում է Համլետ Առաքելյանը,- ասում է` ների՛ր, որդի՛ս, որ ես ողջ մնացի, իսկ քո հայրը զոհվեց:
Հիմա արդեն ոչ ոք չի կարող ասել, որ արցունքն անպատեհ է: Նույնիսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ են զգում այն մարդիկ, որոնց հայրերը թերթից պոկված հոդված են` լուցկու տուփի մեջ, աշակերտական վերնաշապիկի ծոցագրպանում` սրտի վրա…
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Պատմության էջերից