Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ



Առօրյա հոգս ու վազքի մեջ մեր կողքին ապրում են նրանք՝ հող հայրենիի համար զոհված մեր հերոս նահատակների ծնողներն ու այրիները, եղբայրներն ու քույրերը, երեխաներն ու սիրած աղջիկները։ Անցնում է ժամանակը, եւ ժամանակի հետ նրանց հայացքները բարձրանում են շիրմաթմբերից, նայում աշխարհին ու մարդկանց, գնում են պատմության հեռավոր խորքերն ու ապագան։ Գնում, փնտրում, գտնում են իրենց հարազատին, եւ անմեկնելի մի զրույց է կայանում նրանց միջեւ… Նրանցից մեկն էլ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության» մեդալների ասպետ Գագիկ Գրիգորի Գրիգորյանն է, ում անունը արդեն դարձել է պատմություն, իսկ կյանքը՝ գեղեցիկ ու անկեղծ մի ասք, ինչպես իր ապրած կյանքն է։ Հերոսի կյանքը ներկայացնող ամեն մի բառ դառնում է թախիծ, կարոտ, երազանք, սեր ու հպարտություն։ Նրա մասին պատմող ամեն մի մասունք ընկալենք մեր հոգու աչքերով, որպեսզի նրա մեծադիր լուսանկարներից մեզ ուղղված հայացքը միշտ լինի պարզ ու երազային, հպարտ ու անկոտրում։

…Էջմիածնի Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Գրիգորյանի հիշատակին։ Դպրոցը, որտեղ սովորել է Գագիկը, երեք տարի առաջ անվանակոչվեց հերոսի անունով։ Գագիկն ապրիլի 23-ին դարձավ 40 տարեկան։ Ծնվել է 1971-ի այդ օրը, զոհվել 1991-ի դեկտեմբերի 16-ին՝ 20 տարեկան հասակում։ Հայրը՝ Գրիգորը, ծնունդով Մարտակերտի Չափար գյուղից է, մայրը՝ Սվետլանա Օհանջանյանը, Գորիսի Տեղ գյուղից։ Ավարտելով համալսարանը՝ նրանք ընտանիք կազմեցին եւ բնակություն հաստատեցին այս գյուղում։ Հայրենասեր այդ օջախում ծնվեցին Գագիկը, Գեղամը, Արմենը։ Ծնողները մինչ կենսաթոշակի անցնելը ուսուցչություն էին անում հիմա արդեն իրենց որդու անունը կրող այս դպրոցում։
Գագիկի երկրային այդ 20 տարիներին գումարվեցին էլի օրեր ու ամիսներ, տարիներ, եւ Գագիկը դարձավ քառասուն տարեկան։ Ինչպես նշեցին ելույթ ունեցողները՝ «էլի կգան-կանցնեն օրեր ու տարիներ, եւ կնշվի Գագիկի ծննդյան 50, 60, 70-ամյակները, եւ այսպես շարունակ, որովհետեւ, երբ մարդ արարածը փորձ է կատարում հարստացնել-ձուլվել իր երկրի պատմությանը եւ գնում է այդ ճանապարհով՝ դառնում է հավերժի ճամփորդ։ Այդպիսին էր Գագիկը, այդպիսին էին Վարդանը, Վաչեն, որոնք այդ օրը զոհվեցին Հասանաբադում։ Նրանք գաղափարի մարտիկներ էին՝ նվիրյալ, ընկերասեր, հայրենապաշտ… Նրանք զոհվեցին՝ փորձելով փրկել մեկը մյուսին՝ ոչ մի կերպ չանսալով վիրավոր ընկերոջ հորդորին.
«-Ես ձեր թիկունքը կպահեմ, դուք դուրս եկեք ձորակից…»։
Վերհիշում է Գագիկի ուսանողական եւ մարտական ընկեր Ներսես Դանիելյանը, ով եկել է արտերկրից եւ իր առաջնեկին անվանակոչել է Գագիկ։ (Ի դեպ, իրենց որդիներին Գագիկ են անվանակոչել նաեւ Սուրենը, Սամվելը, Գեղամը։) «Գնացել էինք հետախուզության, հանձնարարված էր անպայման «լեզու» բերել։ Ձորակով բարձրանալիս մեզ նկատեցին։ Դիրքավորվեցինք, սակայն թշնամին վերեւում էր, եւ մեր ամեն մի շարժը նկատելի էր։ Թվով գերակշիռ թշնամին սկսեց կրակե կարկուտ տեղալ մեզ վրա։ Դավիթը վիրավորվեց, Վաչեն զոհվեց։ Գագիկը կայացրեց ճիշտ որոշում՝ արագ բարձրացավ դիմացի բարձունքն ու կրակն իր վրա ընդունելով՝ մեզ հրամայեց նահանջել։ Թվով գերակշիռ թշնամին կրակն ուղղեց այն բարձունքին, որտեղ Գագիկն էր։ Մենք արագ դուրս եկանք վտանգավոր գոտուց։ Հետ դարձա։ Երբ հասա Գագիկին, արդեն վիրավոր էր՝ մի ձեռքը սեղմել էր որովայնին, մյուս ձեռքով կրակում էր։ Ձեռքը արնոտվել էր։ Վիրակապեցի եւ շալակած իջա ձորակ։ Սարից իջնող փոքրիկ առվակի հունը խորացրել էր, եւ ես Գագիկին այդ հունով ջրերի միջով սկսեցի ներքեւ տանել։ Հետո մեզ հասավ Վարդանը, եւ մեկս ոտքերից, մյուսս թեւերից բռնած՝ շարունակեցինք իջնել։ Հերթական կրակոցներից Վարդանը զոհվեց։ Մեզ հետ էր նաեւ Արամը։ Արդեն մթնել էր։ Լսում էինք ձորակի վերեւում ադրբեջաներեն խոսակցություններ։ Նրանք մեզ էին փնտրում։ Գագիկի վերքից էլ արյուն չէր հոսում, սակայն զգացվում էր, որ թուլանում է (արյունը ներս էր հոսում)։ Մենք գերի չհանձնվելու համար պատրաստ պահել էինք նռնակները։ Այդ մասին ասացինք Գագիկին, նա երբ իմացավ, որ դեռ փամփուշտ ունենք, ասաց.
-Կռվեք մինչեւ վերջին փամփուշտը. թուրքին շուտ մի՛ ուրախացրեք… Կտեսնեք, որ դուրս ենք գալու…
Գիշերը վրա էր հասել, ու մենք զգում էինք, որ ե՛ւ թշնամին, ե՛ւ մերոնք մեզ են փնտրում։ Մենք չէինք կողմնորոշվում, թե ո՞վ է յուրային, ո՞վ է թշնամի…
Մեկ էլ մեզ ծանոթ կրակահերթը լսեցինք. դա Դուշման Վարդանի կրակահերթն էր։ Ես ձորակից լուսարձակող գնդակով հայտնեցի մեր տեղը։ Տղաները շտապ իջան մեզ մոտ։ Վարդան Բախշյանին եւ Գագիկին շտապ տեղափոխեցինք Ստեփանակերտի հիվանդանոց… Մթության քողի տակ դա Գագիկի ու Վարդանի վերջին հանդիպումն էր։ Վարդանը զոհվեց 1992-ին։
Դպրոցի նախկին տնօրեն Սահակ Զաքարյանը հիշում է. «Հայրը՝ Գրիգորը, այդ հաղթահասակ մարդը բոթը լսելով ցավից գալարվում էր, մռնչում։ Հետո վեր կացավ ու գնաց Երեւան՝ «որդուն տեսության», եւ դիահերձարանի մոտ հավաքված Գագիկի մարտական ընկերներին առաջին հարցը այս եղավ. «Իմ որդին ինչպե՞ս ընդունեց մահը՝ տղամարդավարի՞»։ Ու նայելով նրանց դեմքերին՝ հասկացավ, որ այդպես է եղել։ Հետագայում տղաները միշտ այդ պահը այսպես էին վերհիշում. «Գրիգոր դայի, մենք սպասում էինք, որ դու պիտի գաս, ողբաս, լաց լինես, նաեւ մեզ մեղադրես, սակայն դու իջար մեքենայից ու քո միակ ու վերջին հարցը այդ եղավ. «Իմ որդին ինչպե՞ս ընդունեց մահը»։ Դա այնքան նման էր Վարդան Մամիկոնյանի՝ Ավարայրից առաջ իր զինվորներին ուղղված խոսքին. «Իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»։
Գագիկի մյուս մարտական եւ ուսանողական ընկեր Սամվել Ներսիսյանի խոսքն էլ ասես այս մտքի շարունակությունը լինի. «Խոստովանենք, որ սովորական մահկանացուներից քչերին է բախտ վիճակվում, որ մահվանից 20 տարի անց նշեն, հիշեն իրենց ծննդյան օրը, սակայն կան մարդիկ, անկախ իրենց երկրային ապրած տարիների քանակից, ձուլվում, մերձենում են իրենց ազգի պատմությանը, ներկային ու գալիքին եւ դառնում են հավերժի ճամփորդներ։ Նրանցից մեկն էլ Գագիկ Գրիգորյանն էր։ Փառք մեր ընկերոջը, Ծնունդդ շնորհավոր, սիրելի եղբայր»։
Ու Գագիկի մարտական, ուսանողական, դպրոցական ընկերները՝ Սամվելը, Ալբերտը, Նարեկը, Կարենը, Համլետը, Բենիկը, Աշոտը, Արթուրը, Գագիկի զոհված ընկերոջ՝ Դերոյի քույրը՝ Հեղինեն, հորեղբայրը՝ Մելիք դային, հորեղբոր որդիները, մորաքույրներ Աստղիկը, Սեդան, Ալլան դրվագներ են վերհիշում՝ քսանից ավելի տարիների վաղեմությամբ դեպքեր։ Հավաքվել է Առատաշենի ողջ հասարակությունը եւ հպարտությամբ լսում է իր ծոցից ծնված, սնված, մեծացած Գագիկ Գրիգորյանի, ինչպես նաեւ ազատամարտի մեր հաղթանակին իրենց կյանքը նվիրաբերած Կարեն Հովհաննիսյանի, Հուսիկ Սլոյանի, Ռաֆիկ Մանուկյանի, Գեւորգ Գեւորգյանի մասին։ Ապրիլի 23-ն է, եւ դպրոցի տնօրեն Սեւակ Ղազարյանն ու համայնքի ղեկավար Հովհաննես Անդրեասյանը իրենց ելույթներում հատկապես կարեւորում են այն, որ Գագիկի եւ նրա ընկերների սերունդը փոխեց մեր պատմության ընթացքը, մեր միջից դուրս բերեց զոհի բարդույթը. «Ամեն առավոտ դպրոց մտնող յուրաքանչյուր առատաշենցի երեխա պետք է հայացք գցի Գագիկի մեծադիր լուսանկարին եւ գոտեպնդվի, զգա, որ ինքն է վաղվա զինվորն ու իր երկրի տերը։ Կյանքը շարունակվում է, հերոսները չեն մեռնում»։
Դպրոցի պատմության ուսուցչուհի Ազատուհի Կիրակոսյանն ասում է. «Գագիկի համար երազանք էր Արցախի ազատագրումը։ Դեռ ուսումնառության սկզբից նա անդամագրվեց ինստիտուտի «Նժդեհ» ջոկատին եւ մասնակցեց Էրքեջի, Գետաշենի, Հադրութի, Բերդաձորի, Երասխավանի մարտերին։ Քանի որ տարիքով եղել է ամենափոքրը, ընկերները սկզբում նրան փորձել են ռազմադաշտ չտանել, սակայն վերադառնալով տեսել են, որ Գագիկը իրենցից հետո մեկնել է սահմանային այլ հատվածներ։ Առատաշենի Գագիկի անվան դպրոցի սաները այսօր հպարտությամբ են մտնում դպրոց, ուր նրանց դիմավորում է խոհուն ու երազային հայացքով հերոսի դիմանկարը»։
Ողջ միջոցառման ընթացքում դպրոցի երգչախումբը (երգ-երաժշտության ուսուցչուհի՝ Մանյա Խաչատրյան), որտեղ նաեւ ժամանակին երգել է Գագիկը, գեղեցիկ կատարումներով առանձնակի ջերմություն ու հայրենասիրական զգացումներ պարգեւեց ներկաներին։
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Նարեկ Սահակյանը դպրոցին նվիրեց 10 անուն գրականություն, այդ թվում նաեւ Գագիկի եւ իր ընկերների սխրանքի մասին։ «Տնտեսագիտական համալսարանում այսօր էլ կա Գագիկի անունով խումբ, եւ նրա անդամները գիտակցում են, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց ուսերին»,- ասաց Նարեկը։
Դպրոցից հետո ներկաները այցելեցին գյուղի գերեզմանատուն, որտեղ ննջում է Գագիկը. «Սիրելի համագյուղացիներ, բարեկամներ, Գագիկիս ընկերներ, հարազատներ, մոր համար դժվար է խոսք ասել իր զավակի, իր առաջնեկի մասին, սակայն ուզում եմ Ձեզ հավատացնել, որ այս օրը, ինչպես նաեւ Գագիկիս երկնային բոլոր օրերը փորձում եմ ապրել հպարտորեն։ Շնորհակալ եմ որդուս ընկերներից, որոնք միշտ մեր կողքին են, որոնցից շատերն իրենց զավակներին անվանակոչել են Գագիկ։ Այսօր ես 7-ից ավելի Գագիկ անունով թոռներ ունեմ։ Թող նրանք կռիվ չտեսնեն, խաղաղ երկինք թող լինի նրանց գլխավերեւում։ Իմ որդու եւ իր ընկերների կյանքի խորհուրդը հայրենասիրությունն էր, սերը հայրենիքի հանդեպ, սերը միմյանց հանդեպ։ Սիրենք միմյանց, որ մեր սիրուց զորանա հայրենիքը։ Շնորհակալ եմ մեր գյուղի հասարակությանը, մեր դպրոցի տնօրինությանը, շնորհակալ եմ, որ ներկա եք որդուս ծննդյան հանդիսությանը։ Գագիկ ջան, քո ծննդյան 40-ամյակին ուզում եմ արտասանել քո իսկ տողերը.
-Արցախ, սիրասուն իմ հող
Քո բախտի ու վաղվա համար
Հավերժի ճամփորդ եմ դարձել…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Բանակ և հասարակություն


12/05/2011