«ՆԱՑԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մոտենում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը: Համաշխարհային նշանակություն ունեցող այդպիսի պատմական իրադարձության նկատմամբ ուշադրությունն ակնհայտ է, հատկապես՝ ԱՊՀ անդամ-մասնակից պետություններում:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը հանդիսավոր նշվում է ամենուր: Սակայն հազարավոր միջոցառումների համապատկերում իր ծավալով, ընդգրկմամբ և նշանակությամբ առանձնացավ 2015 թվականի ապրիլի 28-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ «ՌԴ Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի» պատկերասրահում բացված «Նացիզմի դեմ պայքարում մենք եղել ենք միասին» խորագրով միջազգային ցուցադրությունը:
Ցուցադրության մասին պատկերացում կազմելու համար բավական է մասնավորապես հիշատակել կազմակերպիչներին՝ ՌԴ Դաշնային Խորհուրդ, Պետական Դումա, արտաքին գործերի, պաշտպանության և մշակույթի նախարարություններ, ԱՊՀ Գործադիր կոմիտե, ԱՊՀ անդամ-մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամ, Ռուսաստանյան ռազմա-պատմական ընկերություն, ՌԴ Զորապետերի ակումբ:
Նման աննախադեպ ցուցադրության հանդիսավոր բացումը կատարեց ՌԴ կառավարության նախագահ Դ. Ա. Մեդվեդևը, որը նաև այցելեց մասնակից պետությունների ազգային ցուցահանդեսներ:
Հայկական կողմից ներկայացված էին ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Ի դեպ, հատկանշական է, որ մասնակից մյուս պետությունները ներկայացված էին որպես կանոն մշակույթի կամ զբոսաշրջության նախարարություններով, և այդ առումով առավել ևս կարևորվեց ՀՀ ՊՆ դերակատարությունը:
Այս միջազգային ցուցադրության հիմնական խնդիրները հետևյալն էին՝ 1. Նշել ԱՊՀ երկրների ժողովուրդների միասնությունը և բարեկամությունը՝ որպես պատերազմում հաղթանակի կարևորագույն աղբյուր, 2. Ցույց տալ ԱՊՀ երկրների ժողովուրդների խիզախությունը և հերոսությունը, ընդհանուր հաղթանակի կերտման գործում նրանց ներդրումը, 3. Ընդգծել պատերազմի տարիներին ԱՊՀ երկրների ազգամիջյան հարաբերությունների կեղծարարության սնանկությունը, 4. Ցույց տալ ԱՊՀ երկրների միջպետական հարաբերությունների շինարարության դրական օրինակը՝ հենվելով պատերազմի պատմական փորձի վրա:
Ցուցադրության առարկայական բազային հենքը բավականին ընդգրկուն էր՝ զինատեսակներ, հագուստ, պարգևատրումներ, արխիվային փաստաթղթեր, կերպարվեստ (յուղանկարներ, քանդակներ, արձաններ), պատմական կինովավերագրություն, ուղեցույցներ: Թեմատիկ առումով ցուցադրություններում ներկայացված էին յուրաքանչյուր մասնակցի հետևյալ գործառույթները՝ զորակոչ, մասնակցությունը ռազմական գործողություններին, ԽՍՀՄ հերոսները, կորուստները, թիկունքի աշխատանքները, հիշատակի հավերժացումը:
Ըստ ծրագրի՝ հրավիրված էին մասնակցելու ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունները, սակայն, զուտ քաղաքական նկատառումներից ելնելով, մասնակցությունից հրաժարվել էին՝ մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Այդուհանդերձ, ռուսաստանյան թանգարանը նրանց փոխարեն կազմակերպել էր համապատասխան ցուցադրություններ: Այս առումով, պետք է շեշտել ՌԴ Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի կատարած հսկայական աշխատանքը՝ կազմակերպչական, իրավաբանական, տեխնիկական և տրանսպորտային հարցերի լուծման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային էքսպոզիցիայի նախապատրաստումը, մոնտաժումը և կազմակերպումը վստահված էր ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին:
Հայկական ցուցադրության գլխավոր խորհրդանիշը «Մայր Հայաստան» հուշահամալիրն էր, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշների ներքո: ՀՀ ցուցասրահում ներկայացված ցուցանմուշների տեսականին բառացիորեն շատ լայն էր. յուղանկարներ (Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով), լուսանկարներ (ԽՍՀՄ հերոսներ և գեներալներ), քանդակներ և արձաններ (հայ մարշալներ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի «Բարձունքի գրավումը»), համազգեստ (Հ. Բաղրամյանի և Հ. Բաբաջանյանի կիտելներ), անձնական իրեր, ՀՀ անկախության ընթացքում թեմայի վերաբերյալ հրատարակված աշխատություններ և նամականիշներ, արխիվային փաստաթղթեր, անդադար եթերով հեռարձակվում էր հայ ժողովրդի մասնակցության վերաբերյալ վավերագրական ֆիլմ: Հայկական ցուցասրահում օգտագործվել էին նաև ռուսաստանյան թանգարանի նյութերը:
Բոլոր մասնակիցների կողմից՝ հատկապես ռուսաստանյան, ըստ արժանվույն գնահատվեց և արժևորվեց ՀՀ ազգային էքսպոզիցիան, որի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեց ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը:
«Նացիզմի դեմ պայքարում մենք եղել ենք միասին» խորագրով միջազգային ցուցադրությունը կգործի մինչև 2015թ. հոկտեմբերի վերջ: Համոզված ենք, որ նման կարևորագույն միջազգային ցուցադրությունում հայ զորահրամանատարների և մարտիկների անցած մարտական փառավոր ուղու և ունեցած էական դերակատարության հավուր պատշաճի ներկայացումը ոչ միայն հիշատակի տուրք է մեր պապերի հերոսական կենսագրության հանդեպ, այլև որոշակիորեն կնպաստի հայ-ռուսական ռազմական համագործակցությանը:
Ավագ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»
զինվորական թանգարանի տնօրեն
կապիտան