ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ
1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի առթիվ
Յոթ տասնամյակ է բաժանում մեզ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակից: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների ժողովուրդների համար 1945 թվականի մայիսի 9-ը Սուրբ օր է, ամենանշանակալից ու հարգանքի արժանի տարեթվերից մեկը: Այդ օրը ընդմիշտ կմնա որպես մեր ժողովուրդների ազատության և անկախության պահպանման, անձնազոհության, ֆաշիստական ստրկացման վտանգից մարդկության փրկության խորհրդանիշ:
Պատերազմի դաժան տարիներին մարտի դաշտերում և աշխատանքային ճակատում վառ դրսևորվեցին միասնական համակարգում ընդհանուր Հաղթանակ նվաճած մեր ժողովուրդների անխախտելի բարեկամությունն ու բարձր հայրենասիրությունը: Հաղթանակի մեծ ժառանգությունը այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական կողմնորոշիչ հետպատերազմյան սերունդների համար արդար ու ապահով խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Մեր երկրների ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենամեծ մարդկային և նյութական կորուստներն են կրել: Մենք անգնահատելի պարտքի տակ ենք պատերազմում զոհվածների առջև և մեր գլուխներն ենք խոնարհում մարտի դաշտերում ընկածների, համակենտրոնացման ճամբարներում և ֆաշիստական տանջարաններում սովից ու դաժանություններից կյանքից հեռացածների շիրիմներին: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում սրբորեն հարգել ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը` մշտական հոգատարություն ցուցաբերել պատշաճ վիճակում պահելու զինվորական գերեզմանների, հուշահամալիրների, հուշարձանների ու կոթողների, ինչպես նաև պարտիզանների, ընդհատակյա գործիչների, ֆաշիստական ճամբարների գերիների շիրիմները, շարունակել փնտրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված զինվորների և խաղաղ բնակիչների աճյունները:
Մենք բարձր ենք գնահատում մեզ հետ նացիզմին դիմադրած Եվրոպայի և ամբողջ աշխարհի ժողովուրդների արիությունը, հիշում ենք ընդհանուր Հաղթանակին հասնելու գործում հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցների ավանդն ու օգնությունը:
Մենք ահագնացող տագնապով ենք հետևում պատերազմի դասերը մոռացության մատնող ցինիկ փորձերին, պատերազմի արդյունքների բարոյական ու իրավական կեղծ գնահատումներին, զոհերի ու դահիճների իրավունքների հավասարեցման, նահատակվածների պայծառ հիշատակը պղծելու, նացիստական հանցագործների և թշնամուն աջակցող անձանց արդարացման, ռասայական և ազգային գերազանցության թեորիաների վերածննդին:
Մենք կոչ ենք անում աշխարհի երկրներին ու ժողովուրդներին` վճռականությամբ հակազդելու նացիստական շարժման հերոսացման, ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման, քսենոֆոբիայի ու ռասիզմի տարածման փորձերին:
Հայաստանի Վետերանների միավորման խորհուրդ
Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Պատմության էջերից