Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՄԵՆՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ՆԱՎԹՆ Է



Շուրջ մեկ ամիս ծագած և սրացող եմենյան ճգնաժամը կարող է դառնալ համաշխարհային խնդիր, քանի որ մեծանում է նրա ազդեցությունը աշխարհաքաղաքական խոշոր գործընթացների վրա և փոխում գերտերությունների ներգրավվածության ձևաչափը: Այն ուղղակի կապված է նավթի միջազգային շուկայի վերաբաշխման նոր գործընթացների հետ, և այդ շրջանակներում երբեմնի դաշնակիցները հետզհետե հայտնվում են բաժանարար գծերի տարբեր կողմերում:

ԱՄՆ կողմից նավթային ոլորտում հակառուսական պատժամիջոցները խթանել են, որ Սաուդյան Արաբիան մեծացնի «սև ոսկու արտահանումը և դրանով փլուզի նավթամթերքի համաշխարհային գները: Սակայն արդեն 2014 թվականի ավարտին Վաշինգտոնում հասկացել են, որ Էր Ռիադի տնտեսական նման ագրեսիվ քաղաքականությունը նախևառաջ հարվածում է հյուսիսամերիկյան տնտեսությանը՝ տեղական տնտեսվարողներին անմրցունակ դարձնելով և սնանկացնելով: Միացյալ Նահանգներում ձգտում են մինչև 2020 թվականը շրջանցել Ռուսաստանը նավթի արտահանման ծավալով: Նախատեսվում է, որ մինչ այդ ՌԴ-ն կարտահանի օրական 10,15 միլիոն բարել նավթ, իսկ ԱՄՆ-ը` օրական 11,58 միլիոն: Սակայն Վաշինգտոնի այս ձգտումները կարող են չիրականացվել, քանի որ արդեն այս տարվա ապրիլին Սաուդյան Արաբիան արտահանում է օրական 10,3 միլիոն բարել նավթ՝ չցանկանալով նավթային ոլորտում գնալ որևէ զիջումների:

Միացյալ Նահանգների տնտեսության վիճակը ստիպում է Բարաք Օբամայի վարչակարգին փոխելու աշխարհաքաղաքական ուղեգծերը Մերձավոր Արևելքում և մի փոքր մեղմացնելու ճնշումը Թեհրանի վրա: Պատահական չէ, որ Եմենում քաղաքացիական պատերազմի սրացումից անմիջապես հետո Լոզանում «վեցնյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Չինաստան և Մեծ Բրիտանիա) և Իրանի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ իրանական միջուկային ծրագրերի շուրջ:

Այս քայլով Վաշինգտոնը Էր Ռիադին փորձում է հասկացնել, որ նավթային ոլորտում զիջումների չգնալու դեպքում իրավիճակը Մերձավոր Արևելքում կարող է կտրուկ փոխվել ոչ հօգուտ Սաուդյան միապետության: Եվ պատահական չէ, որ ուկրաինական և սիրիական հարցում անզիջում Օբամայի վարչակազմը լռությամբ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Իրանին C-300 հրթիռային կայանքների վաճառքի արգելքը հանելու մասին:

Սպիտակ տան անսպասելի չեզոք պահվածքը և Կրեմլի որոշումը մեծ անհանգստություն է առաջացրել Թել Ավիվում և ստիպել ավելի սերտացնել հարաբերությունները Էր Ռիադի հետ: Ավելին՝ պատմության մեջ առաջին անգամ հրեական պետությունը համագործակցության պատրաստակամություն է ցուցաբերում նաև սունիական երկրների հանդեպ՝ տարածաշրջանում շիական համայնքների դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու հարցում: Եգիպտոսին, Հորդանանին և Պարսից ծոցի միապետություններին ևս ձեռնտու չէ Իրանի հզորացումը, և նրանք սկսում են քայլեր ձեռնարկել դեպի Թել Ավիվ և Էր Ռիադ:

Մինչդեռ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև փոխհարաբերությունները ժամ առ ժամ լարվում են: Հրթիռային կայանքների վաճառքի արգելքի վերացման մասին հայտարարությունից անմիջապես հետո Թեհրանը պահանջել է, որ ՕՊԵԿ-ը 5 տոկոսով կրճատի նավթի արտահանումը:

Պարզ է դառնում, որ «սև ոսկու» համաշխարհային շուկայում «տիտանների» այս բախումը կհանգեցնի ռազմաքաղաքական լրջագույն զարգացումների: Երեք շաբաթ առաջ Եմենի շիական ապստամբ փոքրամասնության դեմ սաուդյանների կողմից սկսված ռազմական գործողությունները տարածաշրջանային հավասարակշռության փոփոխության դեպքում կարող են տեղափոխվել հենց Սաուդյան Արաբիայի տարածք, մանավանդ, որ միապետության արևելյան նահանգներում շուրջ 2,5 միլիոն շիա է բնակվում: Թեհրանում չեն թաքցնում, որ պատրաստ են աջակցել իրենց հավատակիցներին ընդհուպ մինչև անկախացում:

Միջազգային նոր լայնամասշտաբ այս ճգնաժամում արդեն իսկ ներառված են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ՄԱԷ, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանն ու Սուդանը, և հիմնախնդիրը կարող է վերափոխվել սունիների և շիաների միջև լրջագույն առճակատման:

Եմենյան ճգնաժամի պայմաններում սերտանում են ԱՄՆ-Իրան և Իսրայել-Ռուսաստան հարաբերությունները: Թել Ավիվը պատրաստ է հանդուրժել ռուսական կայանքների վաճառքը Թեհրանին, հասկանալով, որ դրանով Մոսկվան փորձում է կասեցնել իրանա-ամերիկյան մերձեցումը, ինչը էապես կփոխի իրավիճակը սիրիական և իրաքյան ռազմաճակատներում: Ակնհայտ է, որ Մոսկվայում կարող են հանդուրժել Իսրայելի կողմից հավասարակշռության ապահովումը Միջերկրական ծովի արևելյան ափերին, որտեղ իսլամական աշխարհում ճգնաժամի սրացման արդյունքում իրավիճակը կարող է սրվել Լիբանանում: Ըստ այդմ՝ տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքականության ճակատագիրն այսօր վճռվում է Արաբական թերակղզում:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Տարածաշրջան


14/05/2015