Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Ազգային բանակի կազմավորման առաջին շրջանում, 1992թ. մայիսի 5-ին, առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ստորագրած հրամանով, սկսեցին ձեւավորվել ռազմական ոստիկանության կենտրոնական եւ տարածքային (կայազորային) ստորաբաժանումները։ Արցախյան պատերազմի եւ բանակաշինության հետագա տարիներին ռազմական ոստիկանությունը ծավալուն աշխատանք կատարեց բանակում ծառայողական կարգապահությունն ամրապնդելու, զինծառայողների փոխհարաբերությունները կարգավորելու եւ բազմաթիվ այլ հարցերում։ Բանակում սկսված եւ շարունակվող բարեփոխումների այս շրջանում, երբ զորքերի առջեւ բոլոր ուղղություններով լուրջ որակական առաջընթացի խնդիր է դրված, է՛լ ավելի է մեծանում ու կարեւորվում ռազմական ոստիկանության նշանակությունը։
Անցած 2010թ. ընթացքում կատարած աշխատանքով առանձնացավ, լավագույնը ճանաչվեց եւ պատվո դրոշով պարգեւատրվեց Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության բաժինը։ Հաջողությունը ձեռք բերվեց գնդապետ Սամվել Ղուկասյանի ղեկավարությամբ։ Նա այժմ տեղափոխվել է այլ ծառայության, իսկ բաժնի պետ է նշանակվել գնդապետ Ռոման Մկրտումյանը, որը համակարգի երկարամյա ու փորձառու սպաներից է։
Գնդապետ Ռ. Մկրտումյանը ծնվել է Կիրովաբադում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Եղվարդ, որտեղ էլ նա ավարտել է միջնակարգ դպրոցը։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո, Ռ. Մկրտումյանը սովորել է Նոր Հաճնի մեքենատրակտորային տեխնիկումում, ավելի ուշ՝ ավարտել է ԼՂՀ մշակույթի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետը, իսկ 2007-ին՝ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտական ֆակուլտետը։ Նա ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։
Գնդապետ Ռոման Մկրտումյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» երեք աստիճանի, ինչպես նաեւ «Հայոց արծիվ», «Փառապանծ մարտիկներ» մեդալներով, խրախուսվել բազմաթիվ պատվոգրերով։ Նա ամուսնացած է, ունի երեք որդի։
Զրույցը գնդապետ Ռ. Մկրտումյանի հետ ծավալվեց բաժնի 2010թ. ձեռքբերումների եւ ընթացիկ տարվա առաջադրանքների շուրջ։
-Անհնար է ռազմական ոստիկանության աշխատանքը առանձնացնել պաշտպանության նախարարության, ԶՈՒ ԳՇ մյուս կառույցների, զորամիավորումների, զորամասերի աշխատանքից։ Նպատակը նույնն է. մշտապես կատարելագործել բանակի մարտունակությունը, բարելավել զինծառայողների պայմանները, որպեսզի մարդիկ իրենց պարտքը, հանձնարարված առաջադրանքներն ու տրված հրամանները կատարեն գիտակցաբար, արժանապատվորեն։ Որպես հանրապետության քաղաքացի, հայ մարդ՝ կուզեի, որ բանակում ամեն ինչ այնքան լավ, իդեալական լիներ, որ իրավապահ մարմիններն այնտեղ անելիքներ չունենային։ Սակայն այդպես չէ, դեռեւս անելիքները շատ են, եւ երբ մեզ հաջողվում է դեպքերի, միջադեպերի, հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ էական հաջողությունների հասնել, սրտանց ուրախանում ենք։ Նախորդ բաժնում աշխատելուս ընթացքում հրետանային ուսումնական զորամասը երկու անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը, եւ մենք՝ ՌՈ բաժնի աշխատակիցներս, հպարտանում էինք, որովհետեւ հաջողության հասնելու համար մենք նույնպես զգալի աշխատանք էինք կատարել,- ասաց գնդապետ Ռ. Մկրտումյանը։ -Անշուշտ, ՌՈ Երեւանի բաժինն իր առանձնահատկությունն ունի։ Կան տարբեր վարչություների ենթակա կառույցներ, զինկոմիսարիատներ…
Անցած տարվա ընթացքում բաժինը լուրջ արդյունքների է հասել բոլոր ուղղություններով։ Մեծ գործ է կատարվել օրինախախտումների կանխարգելման ոլորտում, որի արդյունքում նվազել են արձանագրվող դեպքերը։ Առաջին հերթին ուզում եմ նշել օպերատիվ ծառայության ուղղությամբ ունեցած առաջընթացը։ Այստեղ աշխատանքն անվերջ է։ Այն սկսվում է նորակոչիկներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելուց եւ օրինախախտումների հետեւանքները ներկայացնելուց։ Մենք աշխատում ենք զորամասի հրամանատարության, սպայակազմի, ինչպես նաեւ զինվորական դատախազության, քննչական վարչության մասնագետների հետ։ Պարբերաբար անցկացվում են դասախոսություններ, պարզաբանումներ տարբեր ստորաբաժանումների, զորամասի անձնակազմի հետ։ Ոչ ոք չի ուզում, որ որեւէ զինծառայող օրենքի, կանոնադրության խախտում կատարի եւ դրա համար պատժվի, ընդհակառակը, ամեն ինչ արվում է, որ նման դեպքերը բացառվեն։ Խիստ նվազել է զորամասն ինքնակամ լքողների թիվը, հայտնաբերվել եւ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձվել է մեկ հատախուզվող։ Նաեւ նվազել են դեպքերն ու պատահարները, կանոնադրական հարաբերությունների խախտումները։
Կանխարգելիչ աշխատանքների որակը բարձրացնելու համար նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բոլոր զորամասերում առանձնացվել են սենյակներ ՌՈ աշխատակիցների համար, եւ զորամասերին ամրակցված ոստիկանները մշտապես այնտեղ են։ Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ինքս անձամբ լինում եմ բոլոր զորամասերում եւ տեղում հրամանատարի, սպաների հետ քննարկում բոլոր հարցերը, իսկ ամսվա վերջին կատարվում է կարգապահության քննարկում եւ վերլուծություն, որին մասնակցում են նաեւ սերժանտական խորհրդի անդամները։ Ասեմ նաեւ, որ ունենք վստահության հեռախոս, որից օգտվում են մեր զինծառայողները։ Մեր հսկողության տակ է նաեւ պաշտպանության նախարարի փոստարկղը։ Ամսվա վերջում բոլոր նամակները հանձնվում են անձամբ նախարարին։ Փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ այս տարվա մարտի 4-ից մինչեւ 18-ը հատուկ միջոցառում կազմակերպվեց զորամասերում։ Բաժնի կազմը առավոտյան 8։30-ից մինչեւ 22-ը գտնվում էր զորամասերում։ Այդ օրերին բոլոր ուղղություններով խախտումների կտրուկ անկում արձանագրվեց, եւ նման միջոցառումները դառնալու են շարունակական։ Հենց այսօր էլ մենք իրականացնում ենք համանման մի ծրագիր։ Ասեմ, որ անցած տարվա կտրվածքով բաժինը չունի չբացահայտված գործ։
Զորամասերում տարված կանխարգելիչ աշխատանքների արդյունքները զգացվել են պարեկային ծառայության ընթացքում։ Այսինքն՝ այստեղ նույնպես առկա է դեպքերի կտրուկ նվազում։ Պարեկային ծառայությունն իրականացվում է պաշտպանության նախարարի կողմից հաստատված երթուղիներում, որոնք անհրաժեշտության դեպքում փոփոխվում են։
Մեր պարեկային խմբերը հետեւում են, որ զինծառայողները հասարակության մեջ իրենց պահեն արժանապատվորեն, թույլ չտան վարվեցողության, զինողջույնի, արտաքին տեսքի, զինվորական հագուստի եւ տարբերանշանների կրման խախտումներ, չուշանան արձակուրդից, ազատ արձակումից… Մենք նաեւ հետեւում ենք տրանսպորտային միջոցների շահագործման օրինականությանը, ուղեկցում ենք զորամասերից դուրս եկող ավտոշարասյուներին։ Պարետային ծառայության կարեւոր պարտականություններից մեկն էլ կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների անվտանգության ապահովումն է։ Գաղտնիք չէ, որ պարբերաբար օտարերկրյա տարբեր պատվիրակություններ են այցելում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, եւ մեր ստորաբաժանումներն ընդգրկվում են նրանց դիմավորելու, ուղեկցելու պատասխանատու աշխատանքում։ Պարետային ծառայության հսկողության տակ են նաեւ մեկուսարանները։ Մենք անում ենք ամեն ինչ, որ ճշտորեն կատարենք վերադաս հրամանատարության, պաշտպանության նախարարության առաջադրած խնդիրները։ Մենք զինվորի, սպայի եւ հրամանատարի կողքին ենք եւ ամեն ինչով ձգտում ենք օգնել նրանց, ուզում ենք, որ նրանք հավատան եւ լիովին վստահեն մեզ։ Բաժինը համալրված է փորձառու սպաներով ու մասնագետներով։ Իրենց առաջադրանքները հաջողությամբ են կատարում փոխգնդապետներ Կարեն Մարգարյանը, Խաչատուր Մովսիսյանը, մայոր Վահե Սահակյանը, ավագ սպաներ, կապիտաններ Արտակ Կարապետյանը, Արթուր Մայրանյանը, ենթասպաներ Կարեն Խեկոյանը, Սերգո Անդրեասյանը, ենթասպա Լենա Քերոբյանը։ Լավագույնը ճանաչվելն ու պատվո դրոշով պարգեւատրվելը ոգեւորել է անձնակազմին, եւ մենք ձգտում ենք հաջողությունը զարգացնել նոր ձեռքբերումներով։
♦♦♦
Փոխգնդապետ Կ. Մարգարյանը բաժնի պետի տեղակալն է։ Խոսելով որոշ բացասական երեւույթների մասին՝ նա ասաց.
-Ինքնախեղումների թիվը գնալով պակասում է։ Դրանք կանխելու համար հարկավոր է երեխաների հետ համապատասխան աշխատանք տանել տանը, դպրոցում… Պատանիներից շատերը մեր օրերում ընկնում են այլեւայլ աղանդների, կրոնական խմբերի ազդեցության տակ։ Օրինակ՝ շատ վտանգավոր են էմօները։ Զորամասն ինքնագլուխ լքելու դեպքերը նույնպես զինծառայողության պայմանների, կամ զինվորական հարաբերությունների հետեւանք չեն։ Երբ քննում, ուսումնասիրում ես նման դեպքերը, տեսնում ես, որ ոչ մի լուրջ խնդիր չկա, երիտասարդը զորամասը լքել է տան, հարազատների, սիրած աղջկա կարոտից, այսինքն՝ դարձյալ երիտասարդությանը հոգեպես եւ ֆիզիկապես կոփելու, բանակային կյանքին նախապատրաստելու խնդիրն է առաջ գալիս։
♦♦♦
Փոխգնդապետ Խ. Մովսիսյանը բաժնի պետի տեղակալն է։ Նա կայազորի պարետն է, արժանացել է «Լավագույն պարետ» կոչմանը։ Փոխգնդապետ Խ. Մովսիսյանը երեւանցի է, սովորել է N 106 միջնակարգ դպրոցում, ծառայել է խորհրդային բանակում, սովորել է ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում։ Նա ռազմական ոստիկանության շարքերը համալրել է 1993թ. սկզբին, պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» եւ «Անբասիր ծառայության» երեք աստիճանի մեդալներով։
Ներկայացնելով մեկուսարանի գործունեությունը՝ նա ասաց.
-Զինծառայողի մեկուսացումը նրան դաստիարակելու նպատակ ունի։ Մեկուսարանում տարվում է բացատրական աշխատանք, ուսուցանվում են զինվորական կանոնագրքերը, անցկացվում են շարային պատրաստության պարապմունքներ։ -Խոսելով պարեկային ծառայության նրբությունների մասին, փոխգնդապետն ավելացրեց։ -Քաղաքացիական անձանց մոտենալու իրավունք չունենք, բայց եթե պարեկները լիովին համոզված են լինում, որ քաղաքացիական հագուստով անձը զորամասը լքած զինվոր է, ապա մոտենում են։ Պարեկները երբեմն հարկադրված են լինում դիտողություն անել սպաների: Սպաներն իրենք պետք է համազգեստի կրման կամ վարվեցողության խախտումներ թույլ չտան, որպեսզի չարժանանան իրենց ամենօրյա առաջադրանքը կատարող պարեկների դիտողությանը։ Հասարակության մեջ յուրաքանչյուր սպա կոչված է բարձր պահել ազգային բանակի հեղինակությունը, հայ զինվորի, սպայի արժանապատվությունը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/05/2011