Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՏԱՋԻԿՍՏԱՆ



Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում` «Խարբմայդոն» զորավարժարանում, և արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ազգային զորախմբերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են գործողությունների մտահղացման հարցերը, ճշտվել են ուսումնական մարտական խնդիրները:

Մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի հետ Նիկոլայ Բորդյուժան շրջել է զորավարժարանում բացազատված վրանային ճամբարում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղային պայմաններին ու նրանց առաջադրված մարտական խնդիրներին: Բորդյուժան բարձր է գնահատել անակնկալ ստուգմանը մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների զորախմբերը ստուգումների պլանի համաձայն՝ սահմանված ժամանակահատվածում վերախմբավորվել և տեղակայվել են Տաջիկստանի տարածքում:

Նմանաբնույթ վարժանքները սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների իրականացման պարագայում արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև ապահովում են ինչպես փոխգործակցություն, համատեղ գործողությունների ներդաշնակում, այնպես էլ բարձրացնում են բազմազգ զորախմբավորման կառավարման արդյունավետությունը մարտական գործողությունների ընթացքում:

Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, երկու տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ռազմաքաղաքական


21/05/2015