Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՔՐ ԳՅՈՒՂԸ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



Սամշվիլդոն Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի վեց հայաբնակ գյուղերից մեկն է, որի հիմնադիրները XVIII դարի վերջերին գաղթել էին Արարատյան աշխարհի Քանաքեռ գյուղից ու բնակություն հաստատել Հյուսիսային Հայաստանի երբեմնի հռչակավոր կենտրոն Ցուրտավ քաղաքի ավերակների շրջակայքում, Խրամ գետի ձախ ափին, Քոլագիր կոչված ամրոցի մոտ: Մի քանի տարի այստեղ ապրելուց հետո նրանք իրենց համար մշտական բնակության տեղ են ընտրում Ցուրտավից ոչ հեռու գտնվող Սամշվիլդե բերդամրոցի մոտակայքում, Ճիվճավ և Խրամ գետերի միախառնման հրվանդանի բարձունքում:

Սամշվիլդոն Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին արդեն ուներ շուրջ 2000 բնակիչ, դարձել էր Թեթրիծղարոյի շրջանի շեն ու բարեկարգ բնակավայրերից մեկը:

Պատերազմի չորս տարիների ընթացքում Սամշվիլդոյից բանակ է զորակոչվում ավելի քան 200 հոգի, որից 107-ին բախտ չի վիճակվում վերադառնալու: Ոմանց համար պատերազմն սկսվում է հենց ծառայության ընթացքում: Օրինակ՝ Գիգո Պողոսյանը ծառայությունն ավարտած վերադառնում էր տուն, ուր նրան էին սպասում ծեր ծնողները, եղբայրներն ու քույրերը, դեռատի կինն ու երկու տարեկան աղջնակը` Հասմիկը, երբ լսվում է պատերազմի չարագույժ բոթը: Նրան հենց գնացքից էլ վերադարձնում են կրկին իր զորանոցը, և նա այդպես էլ չի տեսնում իր հարազատներին, զոհվում է մարտի դաշտում: Նույն չար բախտին է արժանանում նաև նրա մյուս եղբայրը` Արսենը, իսկ երրորդ եղբայրը` Պողոսը, վերադառնում է ծանր վիրավոր: Պատերազմից չեն վերադառնում նաև Հակոբ և Յասաման Հակոբյանների երեք որդիները` Ավետիքը, Ալեքը և Խաչիկը, Ստեփան և Եվա Սարգսյանների Հարություն, Խաչիկ և Գարեգին տղաները: Իսկ Մարգար և Վարդանուշ Մարգարյանների չորս որդիներից տուն են դառնում միայն Իշխանն ու Մուշեղը, մյուս երկուսը` Գևորգը և Մեխակը, ընկնում են հերոսի մահով: Զույգ որդիներ են կորցնում նաև Դարչո Քամալյանը (Դավիթ և Մկրտիչ), Գևորգ Սահրադյանը (Դարչո և Անդրանիկ), Մովսես Ամիրխանյանը (Գրիգոր և Անդրանիկ), Հակոբ Առուշանյանը (Գարեգին և Գևորգ), Հովսեփ Վարդանյանը (Մուշեղ և Վարդան), Անդրո Բաբայանը (Տիգրան և Անդրանիկ), Անտոն Ջաղինյանը (Աբրահամ և Հարություն) և այսպես, մյուս ընտանիքներից ևս զոհվում են եղբայրներ Գևորգ և Շաքրո Սարգսյանները, Դեմքո և Գարեգին Հովհաննիսյանները, Արսեն և Դարչո Գևորգյանները, Վանո և Արշակ Հակոբյանները` 16 ընտանիքից ռազմաճակատ մեկնած 36 հոգուց 32-ը ետ չեն դառնում: Իսկ Մամիկոն Սահրադյանը, 1940թ.-ին Երևանի բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսից զորակոչվելով բանակ, ստանում է ավագ լեյտենանտի կոչում և ծառայության անցնում դաշտային հոսպիտալում: Նա ծանր վիրավոր մարտիկներին օգնություն ցույց տալու պահին էլ զոհվում է Պսկով քաղաքի մատույցներում 1943թ.-ին: Նույնը պիտի ասել նաև Գրիգոր Մարգարյանի մասին, որը երբ գրոհի էր տանում իր մարտիկներին, զոհվում է Դոնի ափին: Օդաչու Բախշի Հակոբյանը ևս անհավասար մարտերից մեկում խոյահարելով թշնամու ինքնաթիռը, կործանվել է նրա հետ մեկտեղ:

Սամշվիլդեցի զոհված մարտիկներից յուրաքանչյուրի մասին կարելի է այսպիսի բազմաթիվ դրվագներ պատմել, որոնց վկայությունն են մինչև այսօր էլ գյուղում, հարազատների մոտ սրբությամբ պահվող նրանց ստացած մեծաթիվ շքանշաններն ու մարտական մեդալները և հրամանատարության կողմից տրված շնորհակալագրերը:

Ռազմաճակատ մեկնած սամշվիլդեցիների մի մասը վերադառնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքի: Նրանցից ոմանք գյուղ են գալիս ծանր վիրավոր: Ավետիք Ստեփանյանն, օրինակ, մինչև իր կյանքի վերջը կոլտնտեսությունում մերթ եղել է ջրաղացպան, մերթ կոշկակար և մերթ անասնապահ: Եվ ասում են նաև, որ առանց նրա դուդուկի քաղցրալուր հնչյունների գյուղում ոչ մի հարսանիք ու տոնախմբություն տեղի չի ունեցել: Իսկ զույգ ոտքերը մարտադաշտում թողած Բագրատ Քամալյանը` վերադառնալով գյուղ, ամուսնացել է և ունեցել 8 զավակ` 5 տղա և 3 աղջիկ ու զբաղվել է նրանց կրթության ու դաստիարակության գործով: Իրենց երկու եղբայրներին պատերազմում կորցրած Իշխան և Մուշեղ Մարգարյանները զորացրվելուց հետո ստացել են իրավաբանական բարձրագույն կրթություն և նվիրվել օրենքի ու օրինականության ամրապնդման գործին: Հարություն Սարգսյանը պատերազմի ավարտից հետո գնդապետի ուսադիրներով ծառայության է անցել Բելոռուսիայում:

Յոթ տասնամյակ է անցել Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտից, և այժմ Սամշվիլդոյում այն ահեղ մարտերի մասնակիցներից գրեթե ոչ մեկը չի մնացել, վաղուց հեռացել են կյանքից: Սակայն երախտագետ սամշվիլդեցիները նրանց անունները սրբությամբ են հիշում: Հայրենի գյուղում վաղուց կանգնեցվել է զոհվածների անմար հիշատակը հավերժացնող փառքի հուշակոթող, որի վրա փորագրված են այն 107 հերոսների անունները, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի փրկության և Մեծ Հաղթանակի գործին:

Հավերժ փառք նրանց հիշատակին:

ՎԱՀԱՆ ՄԱՂԱԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ առաջատար գիտաշխատող

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Պատմության էջերից


21/05/2015