Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ԱՐԾԻՎ ՈՒՆԵՄ, ԵՐԵՔՆ ԷԼ` ՍՊԱ



Հայկազ Դանիելյանի դեպքում էլ ընտանիքում ձևավորված ավանդույթը չխախտվեց. նա էլ եղբայրների օրինակով ընտրեց զինվորականի ուղին: Գնաց, ընդունվեց ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետը:

-Ավագ եղբորս` Լևոնին, շուտով զինվորական մայորի հերթական կոչում կշնորհվի: Նա ավիացիայի ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից է: Ավարտելուց հետո ծառայության է անցել ՊԲ-ում, այնուհետև, որպես կապի սպա ծառայել տարբեր զորամասերում: Նա հիմա զորամասի կապի վաշտի հրամանատար է: Մյուս եղբայրս էլ է զինվորական` միջնեկը` Գևորգը: Նա էլ սակրավոր է, լավ սովորել է և գերազանց գնահատականներով ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ,- պատմում է լեյտենանտը, հետն էլ ավելացնում, որ իրենց կյանքի ուղու ընտրության «գլխավոր մեղավորը» օջախի «հրամանատարն» է` հայրը, որը ռազմագիտություն է դասավանդում մայրաքաղաքի թիվ 167 հիմնական դպրոցում:

Եվ դարձյալ ընտանեկան արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, զուտ զինվորական այս ընտանիքի հայրը, ամեն սեղան նստելուց առաջին բաժակով խմում է բանակի, երկրորդը` խաղաղության, իսկ երրորդը` իր զինվորական որդիների կենացը և հպարտ-հպարտ ասում. « Երեք արծիվ ունեմ, երեքն էլ` սպա»:

Ռազմական բուհն ավարտելուց հետո Հայկազ Դանիելյանը վիճակահանությամբ ծառայության է անցնում հյուսիսարևելյան սահմանամերձ զորամասերից մեկում՝ նշանակվելով զենիթահրետանային դասակի հրամանատար: Սա այն դեպքերից է, երբ գործն ու մասնագետը գտել են միմյանց:

-Հատկապես մասնագիտական առարկաները շատ լավ եմ սովորել: Եվ ինչքան խորանում եմ մասնագիտությանս մեջ, այնքան սիրում եմ այն: Ծառայության առաջին ամիսներին որոշակի դժվարություններ կային` նոր միջավայր, նոր պայմաններ, նոր մարդիկ… Ամեն ինչ նոր էր… Ես գիտեմ, որ ծառայության մեջ դժվարություններ միշտ էլ լինում են ու կլինեն: Ես չեմ էլ պատկերացնում զինվորական ծառայությունն առանց դժվարությունների: Դրա համար էլ ոչ մի բանից երբևէ չեմ նեղսրտել, չեմ դժգոհել` դժվարությունները հենց դրա համար են, որպեսզի հաղթահարես: Իմ պարագայում աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Ստորաբաժանումը մի հիմնական խնդիր ունի` աչալուրջ հետևել, որ հակառակորդի թռչող սարքերը չխախտեն սահմանի իրենց վստահված հատվածի օդային տարածքը: Հակառակ դեպքում, ազդանշան ստանալուն պես, ճշտում են նշանակետի գտնվելու վայրը, զեկուցում հրամանատարությանը և համապատասխան հրահանգ ստանալուց հետո միայն կայացնում որոշում: Բարեբախտաբար, մինչ օրս օդային սահմանի խախտում չի արձանագրվել: Ծառայում են հաշտ ու համերաշխ՝ հրաշալի գիտակցելով իրենց վրա դրված ողջ պատասխանատվությունը:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ազգային բանակ


21/05/2015