ՄՈՌԱՑՎԱԾ ՇԻՐԻՄՆԵՐ
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ ռազմագերիներ դեռ երկար մնացին ԽՍՀՄ-ում: Նրանց աշխատուժն օգտագործվեց վերաշինելու, վերակառուցելու այն, ինչը ժամանակին իրենք ավերել ու ավերակել էին:
Հայաստանի տարածքում ռազմագերիների 10-13 ճամբար է գործել` Երևանում, Կիրովականում, Լենինականում, Սպիտակում: …Ռազմագերիները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին` բժիշկներ, շինարարներ, դերձակներ, բայց նրանց հիմնականում կարելի էր տեսնել շինհրապարակներում, կառուցում էին տներ, ճանապարհներ (Հաղթանակի կամուրջ, Սևանի հոգեբուժարանի շենք, «Դինամո» մարզադաշտ, Ալյումինի գործարան…):
Հայերը գերիների հանդեպ չափազանց բարյացակամ են եղել. Հայաստանում կիսաքաղց տարիներ էին, բայց իրենց բաժին հացն անգամ կիսում էին թշնամու գերի ընկած զինվորների հետ:
1948 թվականին երկրով մեկ հայտարարվում է համաներում` վերադարձ հայրենի եզերք: Սակայն ռազմագերիներից քչերին է բախտ վիճակվում տուն վերադառնալ: Ապրելու ծանր պայմանները, հոգնատանջ աշխատանքը կատարել էին իրենց սև գործը. շատ ռազմագերիներ իրենց մահկանացուն կնքում են ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու, անծանոթ հողում:
Տեղացիներն այդ վայրերը հիշատակելիս ասում էին` գերմանացիների գերեզմանոցներ, թեև այնտեղ ամփոփված էին նաև այլազգի ռազմագերիների` ռումինացիների, իտալացիների, բուլղարացիների, ավստրիացիների աճյուններ… որոնք, ի վերջո, ժամանակի ընթացքում մոռացվում են:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ բան է փոխվում աշխարհում: 1990-ականներին սկսում են փնտրել ռազմագերիների հուղարկավորության վայրերը, բացահայտել շատերի ինքնությունը, հուշաքար տեղադրել: Հայաստանում ռազմագերիների գերեզմանոցներ կան Սպիտակում, Արարատի Երասխավան գյուղում… Միայն Հրազդանի կիրճում` Քանաքեռ ՀԷԿ-ի մոտ, հուղարկավորված է 278 ռազմագերի` 148 գերմանացի, 56 հունգարացի, 67 ռումինացի, 3 ֆրանսիացի և 1 ավստրիացի:
Այսօր այդ գերեզմանոցները հիմնականում խնամված են:
Լուսանկարչի հետ իջնում ենք Հրազդանի կիրճ: Ճանապարհը բավականին երկար է ձգվում, ու ամեն քայլափոխի ոտքս կլորիկ քարերով սալապատված գետնին դնելիս կարծես տեսնում եմ բազմաթիվ ռազմագերիների` մեկիկ-մեկիկ այս քարերը գլխիկոր շարելիս… Տեսնես նրանց մտքով անցե՞լ է, որ այսպես ջանասիրաբար «բարեկարգում» ու հատիկ-հատիկ սալարկում են այն ճանապարհը, որով տարիներ հետո իրենց հարազատներն ու Հայաստանում իրենց երկրների դեսպանները հարգանքի տուրք մատուցելու են գալու իրենց շիրիմներին…
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏ
Իր գերության տարիները Երևանում է անցկացրել ավստրիացի գիտնական, էթոլոգիայի (կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտություն) հիմնադիր, Նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցը: Վերջինս ճամբարում մեծ հեղինակություն է վայելել, թեև աչքի է ընկել նաև իր տարօրինակ «ճաշացանկով» (հետպատերազմյան Հայաստանում ծանր վիճակ էր, և Լորենցը ճամբարային սննդաբաժինը բազմազան դարձնելու նպատակով կերել է կարիճներ, սարդեր` նույնը առաջարկելով իրեն ապշահար նայող գերիներին և պահակներին, քանի որ այդ կերպ կլրացնեն վիտամինների պակասը): Լորենցը ժամանակը գերության մեջ զուր չի անցկացրել, ուսումնասիրել է կենդանիների վարքը` գրառումներն անելով ցեմենտի պարկերից պոկված կտորտանքի վրա: Եվ հենց այս գրառումները հետագայում հիմք հանդիսացան նրա «Ռուսական ձեռագրեր» աշխատության համար, որի շնորհիվ էլ Լորենցը արժանացավ Նոբելյան մրցանակի:
Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից