ԱԿԱՆԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ
Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծված և ստուգազննված տարածքները (18 281 քմ. ընդհանուր մակերեսով) հանձնեց Սյունիքի մարզպետարանին:
Հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Սրաշենի և Ներքին Հանդի գյուղապետերը, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատարը, «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության ղեկավարությունը, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի համակարգողներ Կատիե Քոֆիեն և Մրֆի Մքլոյը:
Հանձնման արարողության ընթացքում մարզպետի տեղակալը իր գոհունակությունը հայտնեց ականազերծման աշխատանքների իրականացման մասնակիցներին և կարևորեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ համայնքի բնակիչներն արդեն կարող են օգտագործել մաքրված հողատարածքները գյուղատնտեսական նշանակությամբ:
Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներն իրականացվում են «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի ուժերով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի օժանդակությամբ:
Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ռազմաքաղաքական