Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԴ ԴԺՎԱՐ ԲԱՌԸ` ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ



Անշահախնդիր բարեգործություն բնորոշումն այսօր շատ դեպքերում կարելի է եւ չակերտների մեջ առնել: Հաճախ ենք տեսնում, թե ինչպես է մի պարկ պարարտանյութ, մի շիշ ձեթ կամ անվճար դեղ ստացողը հազար անգամ շնորհակալություն հայտնում բարերարին՝ տեսախցիկների առաջ խոնարհվելով ու սեղմելով նրա ձեռքը: Եվ իսկապես դժվար է տարանջատել՝ սեփական անձի գովազդման նպատակո՞վ է մեկը մի լավ գործ նախաձեռնում, երախտավո՞րն է շահում, թե՞ երախտապարտը, փառասիրությանը գոհացում տալու համա՞ր է օգնության ձեռք մեկնվում, թե, իրոք, անկեղծ է:

Այնուամենայնիվ, մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ իրենց արածի համար շնորհակալության, մեծարման, պատվոգրի կամ մեդալի չեն էլ սպասում, չեն էլ ուզում նկատվել… Նրանք պարզապես իրենց իսկ միջոցներով ձեռք բերված գերմանական հովվաշները տեղավորում են մեքենայի թափքում եւ լուռ ու աննկատ ուղեւորվում սահման, կտրում անցնում հարյուրավոր կիլոմետրեր` դիրքապահ զինվորին սատարելու, բանակի մարտունակությունը ամրապնդելու նպատակով:

Ես Վարդան եւ Վահան Մանուկյանների, ինչպես նաեւ նրանց ընկերների մասին եմ պատմում, որ սովորական մարդիկ են, ո՛չ մեծահարուստ են, ո՛չ պաշտոնյա, ո՛չ էլ քաղաքական նախասիրություններ ունեն: Ավելին՝ Վահանը տասը տարի է՝ բնակվում է Կանադայում. հեռու է, բայց մոտ ու մտահոգ երկրի համար.

-Եղբայրս, ես ուշի-ուշով հետեւում ենք սահմանային իրավիճակին և ամեն փորձություն խոր ցավով ենք ընկալում,- մի քիչ ամաչելով է պատմում Վարդանը:- Երեկ եմ վերադարձել առաջնագծից, հինգ հովվաշուն նվիրեցի «Եղնիկներ» կոչվող զորամասին: Ընդհանուր առմամբ, ձեռք ենք բերել 25 ազնվացեղ գերմանական հովվաշուն, որոնք արդեն օգնում են մեր զինվորներին և ավելի ապահով են դարձնում սահմանների հսկումը: Վերջերս զանգեցին հյուսիսարեւելքում տեղակայված զորամասից եւ հայտնեցին, որ շունը բացահայտել է թշնամու դիվերսանտին եւ օգնել զինվորներին կանխարգելելու ներթափանցման փորձը: Մենք ուրախացանք, մենք լիուլի մեզ վարձատրված զգացինք: Կարող էինք նվերներով, քաղցրավենիքով լի տոպրակներ ուղարկել, բայց մտածեցինք՝ ավելի հեռահար, երկարաժամկետ լինի մեր աջակցությունը: Ցեղատեսակի ընտրությունն էլ պատահական չէ. գերմանական հովվաշունը հավասարակշռված է, աշխույժ, անվախ, չափազանց խելացի, ճկուն, հեշտ վարժվող եւ հավատարիմ: Շուտով տասը շուն եւս կնվիրենք ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկին:

Բարեգործությունը պետք է անշահախնդիր լինի: Հայրենասիրությունը այն գործն է, որ լուռ ու անաղմուկ անում են Վարդանի, նրա եղբոր, նրանց ընկերների նմանները և նույնիսկ ուշադրության, գնահատականի կամ շնորհակալության չե՛ն սպասում:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Բանակ և հասարակություն


21/05/2015