ԽԱՂ` ՄԻՏՎԱԾ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ ՄԱՐԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒՆ
Ստեփան Զորյանի անվան համար 56 դպրոցում տրվեց «Ես գիտեմ. բանակ եւ իրավագիտություն» կրթական նոր խաղի մեկնարկը:
ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ մշակած «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական նոր խաղը բաղկացած է 5 հիմնական բաժիններից` ՀՀ սահմանադրական իրավունք, ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքներ, ՀՀ օրենքներ երեխայի իրավունքների մասին, ՀՀ զինվորական օրենսդրություն, ՀՀ քրեական օրենսգիրք:
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն ընդգծեց, որ սեփական իրավունքները ճանաչող քաղաքացին պետության հիմնաքարն է. «Խաղը միտված է ավելի լավ քաղաքացի և մարդ դաստիարակելուն»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորեց նման խաղը եւ նշեց, որ մարդու իրավունքներին տիրապետելը միշտ էլ գերակա խնդիր է եղել.
«Իրազեկված երիտասարդը` ապագա զինվորը, ավելի հեշտ եւ շուտ կհարմարվի բանակային կյանքին: Մեր նպատակն է կառուցել մարդակենտրոն բանակ, իսկ բանիմաց զինվորը կնպաստի դրան: Այս խաղը մեծ աջակցություն է բանակին»:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անհրաժեշտ է այն թեմաների իմացությունը, որոնք ներառված են այս խաղի մեջ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը ժողովրդավարությանն ուղղված դրամաշնորհների շրջանակում: Իր ելույթում ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց.
«Դեսպան լինելու լավ կողմերից մեկն այն է, որ կարողանում եմ դուրս գալ սենյակից և շփվել Հայաստանի քաղաքացիների, հատկապես՝ երեխաների հետ: Ես խոսեցի երեխաների հետ, որոնք գործածում են խաղը. մի տեսակ ընկճվեցի, տեսնելով, թե փոքրիկներն ինչքան լավ են օգտվում համակարգչից: Այս երեխաները Հայաստանի ապագան են: Այդ ապագան շատ բանով կախված է նրանից, թե որքանով են նրանք հասկանում իրավունքներն ու պարտականությունները»:
Խաղի նախնական տարբերակը գործարկվել է երեք շաբաթ առաջ, և այն արդեն խաղացել է 120 հազար մարդ:
Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Բանակ և հասարակություն