«ՕՄԱՐԻ ԱՐԾԻՎ»
-Դուք վախներդ լրիվ եք կորցրել:
-Մենք այն թողել ենք Օմարի գագաթին,- կպատասխանենք մենք:
Ահա այսպես էինք կատակում, երբ վաղուց արդեն դիրքապահ ծառայության էինք անցել: Արդեն լրացել էր մեր ծառայության մեկ տարին: Մենք միասին էինք երդում տվել ու համալրել բանակի շարքերը: Անցնող տարվա ընթացքում տեսել էինք բազում փորձություններ, ընկերության ու քաջության հարյուրավոր օրինակներ, որոնց շատ անգամ էինք անդրադառնում մեր զրույցներում ու ափսոսում, որ դրանք այդպես էլ բերանացի փոխանցվելով՝ մի օր կմոռացվեն: Չէ՞ որ, եթե Հոլիվուդը դրանց գոնե հինգ տոկոսն ունենար՝ որպես սցենար, ապա միլիոնավոր դոլարանոց ֆիլմեր կնկարահաներ:
Իսկ մենք շատ բոսոր այգաբացներ էինք տեսել լեռների գագաթներին, որտեղ ձյունը երբեք չի հալչում, քնել էինք ամպերի մեջ, տաքացրել ցրտահարված ընկերոջը սեփական մարմնի ջերմությամբ, մագլցել անառիկ ժայռերը ու կենաց կռիվ մղել բնության տարերքի դեմ:
Ավարտին հասցնելով բարդ ռազմական առաջադրանքները, որոնց մասին բարձրաձայնելու իրավունք չունեինք, մենք հանդիպում էինք մարդկային ջերմության ու հոգատարության այնպիսի դրսեւորումների, որ ակամայից սկսում էինք այդ ամենին նայել ոչ թե որպես «պարտք», այլ որպես մեզ համար անչափ հարազատ դարձած բանի:
Մասամբ այդ ամենը չկորցնելու, մասամբ էլ կրկին վերապրելու համար ձեռնամուխ եղանք «Օմարի Արծիվ» ամսաթերթի ստեղծմանը: Անունն էլ այդպես «կնքեցինք», որովհետև այն լավագույնս էր բնորոշում մեր զորամասի յուրաքանչյուր զինվորի ոգին:
Ու սկսեցինք գրել: Այն ամենի մասին, ինչի միջով անցել էինք, ինչը թանկ էր մեզ համար, գրել մեզ՝ զինվորներիս հուզող հարցերի ու ապրումների, մեզնից յուրաքանչյուրի մեջ եղած հակասությունների պայքարի ու մեր ներսի տարաձայնությունների մասին:
Մեր յուրաքանչյուր հոդվածը կամ էսսեն գրելիս հիմա էլ փորձում ենք առավելագույնս անկեղծ լինել, որպեսզի դրանք կարդացող յուրաքանչյուր զինվոր դրանցում գտնի իր սեփական մտքերի ու ապրումների արտացոլանքը՝ իր մի մասնիկը:
Արա ԲԱՂՈՒՄՅԱՆ
«Օմարի արծիվ» թերթի պատասխանատու, խմբագիր
Դավիթ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Օմարի արծիվ» թերթի գլխավոր խմբագիր
ԳԱՅԸ
Մի ակնթարթում հեռավոր գիշերային քաղաքի տեսարանը փակվեց անթափանց սպիտակ պատով` թողնելով սեւ երկնքի մի փոքրիկ պատուհան, որը լողալով ձուլվեց համատարած սպիտակին:
Խրամուղու պատերի անտաշ քարերն սկսեցին վարից վեր հալչել, եւ մնաց միայն վերին շերտը, որն անհույս պայքարում էր բամբակե սպիտակ լեզուներին կուլ չգնալու համար: Բայց պատկերը ցրվեց, երբ կայծակը ակոսեց ապառաժ բարձունքը՝ իր հետ տանելով պատրանքի թմրեցնող զգացողությունը…
Աչքերս բացեցի ու նստեցի: Համատարած սպիտակ էր: Մեր կ-աձեւ պատերի երկայնքով կցմցած թիկնոցներով ծածկված ինքնաշեն «ամրոցն» անհետացել էր: Մատների ծայրերով շոշափեցի ինձ ծածկող վերարկուի եզրը` սպայական վերարկուի կապրոնե շղթան: Ճիգ գործադրելով բացեցի աչքս, կ-աձեւ ապաստարանի կենտրոնում` մարած խարույկի կողքին, բաց աչքերով կուչ էր եկել կապիտան Գայը. վերարկուն չկար, թիկնոցով էր …
FFF
…-Դիտորդը չի պատասխանում, տաք հագնված չորս հոգի թող բարձրանան խրամատ:
Լուսնյակ գիշերվա կաթնագույն ձյան մակերեւույթի վրայով լողում էին չորսիս գլուխները: Ձնամրրիկը հազարավոր ասեղներով ծակծկում է մեր անպաշտպան աչքերը: Հասնում ենք գագաթին: Այստեղ արդեն խրամատ չկա…
Հետ ենք իջնում երկու մարդահասակ «ձնաբեկոր» գրկած:
-Վառարանի մոտ մի՛ տարեք, թե՛յ տվեք ու հանե՛ք սապոգները, չեն ելնում, ուրեմն կտրե՛ք:
Գայը գրկել է «հալված ձնաբեկորը», ուզում է մարմնի ջերմությամբ տաքացնել:
-Պարոն կապիտան, դու ինձ շատ ես սիրում, ճիշտ ա չէ՞,- անհեթեթ ժպիտը դեմքին Գային է փարվում ցրտահարված մարմնով զինվորը:
-Դենը կորի, ախմախի մեկը,- ասում է Գայը` բրդյա ծածկոցով ծածկելով նրա մերկ ոտքերը:
FFF
Մերկասառույց զառիթափից սահելով դեպի գետնատնակ էինք իջնում, երբ կայծակի կապույտ աղեղն անցավ մեր գլխավերեւով:
-Զենքդ մի կողմ գցեցի՞ր…
Թավալվելով սահեցինք մի քանի մետր, ապա վերցնելով զենքերը, ապշած ու ձնակոլոլ, շարունակեցինք սահել: Գետնատնակում իրարանցում էր: Տղաները քաշքշում էին Գային: Սկզբում չհասկացանք՝ ինչ է կատարվում. ոչ ոք ժամանակ չուներ բացատրելու:
-Աջ կողմի վրա պառկեցրեք:
-Թեւերը պահեք:
-Մի կողմ քաշե՞ք` օդ շնչի:
Մեզ «ծանոթ» կայծակը գծալարային կապի լարի միջով հարվածել էր Գային, երբ փորձել էր հեռախոսազանգին պատասխանել:
…Ներսում քնած էր կապիտան Գայը:
Քամին ճռնչյունով շարժում էր մուտքի դուռը, իսկ հենակետի տղաները, ճիշտ ինչպես վիրահատարանի միջանցքում, անհանգիստ այս ու այն կողմ էին քայլում գետնատնակի նախասրահում ու անընդհատ ծխում: Այդ պահին բոլորի մտքերն ու անհանգստությունները կապիտանին էին հասցեագրված, նրան, որին մտովի բազմիցս լուտանքներ էին տեղացել, երբ իրենց հակագազով վազելու, հենում պառկած դիրք ընդունելու կամ տասը վայրկյանում վերկացի հրաման էր տվել…
…Երբ հանձնելով հաջորդ հերթափոխս մտա գետնատնակ, կապիտանը կիսանստած, ցրված հայացքով նայում էր մուտքի դռանը:
-Ես եմ, պարոն կապիտան, թե՞ դուք սպասում էիք, որ մահն է այս դռնից ներս մտնելու,- կատակեցի ես:
-Էդ կայծակը որ ինձ սպաներ, բոլորդ մի մարդու նման կթողնեիք-կփախչեի՞ք,- կատակեց Գայը:
-Չէ՛, մենք ձեր զինվորներն ենք, ու մենք ձեզ երբե՛ք չենք լքի,- ես արդեն չէի կատակում:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Երազում հարցազրույց էի վերցնում Աստծուց…
-Ուրեմն դու ուզում ես հարցազրո՞ւյց վերցնել ինձնից,- հարցրեց Աստված:
-Եթե ժամանակ ունես, Տե՛ր- ասացի:
Աստված ժպտաց.
-Իմ ժամանակը հավերժությունն է: Ի՞նչ հարցեր ունես:
-Ի՞նչն է մարդու մեջ ամենից շատը զարմացնում Քեզ:
Եվ Աստված ասաց.
-Մարդկանց ձանձրացնում է մանկությունը, և նրանք շտապում են մեծանալ: Իսկ հետո երազում են հետ բերել մանկությունը: Նրանք կորցնում են առողջությունը՝ գումար վաստակելով: Իսկ հետո կորցնում են վաստակած գումարը՝ վերականգնելու համար առողջությունը: Մարդիկ այնքան են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան և այդպես էլ չեն հասկանում` ներկայո՞ւմ են, թե՞ ապագայում: Նրանք ապրում են այնպես, ասես երբեք էլ չեն մեռնելու…
Նա բռնեց ձեռքս, ու մենք լռեցինք մի որոշ ժամանակ…
-Որպես մարդկության ծնող, կյանքի ի՞նչ խորհուրդներ կփոխանցես զավակներիդ,- խզեցի լռությունը:
– Իմացե՛ք,- ասաց Աստված,- որ`
♦ հնարավոր չէ ստիպել որևէ մեկին, որ սիրի ձեզ: Այն ամենը, ինչ կարող եք անել, դա այն է, որ թույլ տաք ձեզ լինել սիրված,
♦ իմացե՛ք, որ պետք չէ համեմատվել ուրիշների հետ, սովորեք ներել,
♦ սիրած մարդուն վիրավորելը մեկ վայրկյան է, իսկ այդ վերքը բուժելու համար երկար տարիներ կպահանջվեն,
♦ հիշե՛ք, որ հարուստը նա չէ, ով շատ ունի, այլ նա, որ քչով է բավարարվում,
♦ գիտակցե՛ք, որ երկու տարբեր մարդիկ կարող են նայել նույնին, բայց տեսնել տարբեր բաներ,
♦ իմացե՛ք, որ իրար ներելը բավական չէ, պետք է կարողանաս ներել ինքդ քեզ:
-Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիր ինձ,- ասացի ցածր ձայնով,- կա՞ էլի ինչ-որ բան, որ կցանկանաս փոխանցել զավակներիդ:
Աստված ժպտաց.
-Թող իմանան, որ ես այստեղ եմ նրանց համար…Հավերժ…
Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Ազգային բանակ