ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
Արցախյան գոյամարտի հրամայականով ստեղծված հայկական բանակն իր հաղթանակը նվաճեց ներքին ուժի ու անկոտրում կամքի շնորհիվ: Այն այսօր հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը: Զինտեխնիկայով հարուստ բանակ ունենալուն զուգահեռ չպետք է մոռանալ, որ լավագույն զենքն անգամ անզոր է դառնում թուլակամ զինվորի ու հրամանատարի ձեռքում: Հետևաբար, այսօր մեր բանակի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է զինված ուժերը ոչ միայն անհրաժեշտ տեխնիկայով, այլև որակյալ մարդկային ներուժով` լինի շարքային, թե հրամանատար, ապահովելն է, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ճիշտ գնահատումն ու վերահսկումը:
Բանակի հեղինակության, վարկանիշի բարձրացման գործում որքան մեծ է պաշտպանական գերատեսչության, նույնքան նշանակալի են ընտանիքի, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների դերը:
Ընտանիք
Տեղին է մեջբերել անգլիացի փիլիսոփա և պատմաբան Ֆրենսիս Բեկոնի «Հայրենիքն սկսվում է ընտանիքից» հայտնի խոսքերը, որոնք հավաստում են, որ ծնողի անձնական օրինակը երեխայի դաստիարակության լավագույն մեթոդն է:
Ընտանիքում ձևավորված ճիշտ վարքագծային վերաբերմունքը կստեղծի ճիշտ վերաբերմունք նաև Հայրենիքի նկատմամբ: Եթե ծնողն ինքը երեխայի մեջ սերմանի այն գիտակցումը, որ բանակն իր տունն է, որը պաշտպանության ու հենց իր բազուկների կարիքն ունի, կարծում եմ, բանակը նրա գիտակցության մեջ կարմատավորվի որպես հարազատ միջավայր:
Բերեմ երկու օրինակ. Միքայելյանների ավագ որդին` Ալբերտը, 5 տարեկան է եղել, երբ Սիսիանից մեկնել են ՌԴ մերձմոսկովյան Իստրա քաղաք: Ըստ ընտանիքի մոր` տիկին Նոնայի, թեև Ռուսաստանում են ապրել, բայց իրենց տանն ամեն ինչ հայկականության կնիքն է ունեցել` պատերից կախված նկարները, դարակների վրա շարված հայերեն գրքերը, խոհանոցը… Միայն խոսքով չեն դաստիարակվում երեխաները: Եվ ամենակարևորը` իրենց զրույցները միշտ պտտվել են հայրենիքի շուրջ, կարոտել են ու սիրով են հիշել անցյալի հիշողությունները: Երբեք չեն փնովել հայրենիքը, անիծել այնտեղ ապրած օրերը: Իրենց որդին հասակ է առել նման միջավայրում և մանկուց գիտակցել է, որ իրենք օտար ափերում են միայն աշխատելու համար, որ միևնույն է` իրենց տունը Հայաստանում` հայրենիքում է, որ իրենք վաղ, թե ուշ վերադառնալու են: Ահա ինչու հայրենիքում զորակոչվելը չընկալեց որպես պարտադիր, հարկադիր քայլ, այլ պարտականություն: Նա նույնիսկ հպարտացել է ռուս ընկերների, համադասարանցիների մոտ. «Մեր բանակը շատ ուժեղ է, հաղթող է»: Ընկերներն էլ խոստացել են, որ օդանավակայան կգան` ճանապարհելու: Հունիսին կլրանա Ալբերտ Միքայելյանի ծառայության մեկ տարին:
Մի օրինակ էլ. տաքսու վարորդ Խաչիկը բարձրաձայն դժգոհում էր, որ հազիվ է ծայրը-ծայրին հասցնում և ընդհանրապես դժվարությամբ է իր երկու երեխաներին մեծացրել, բայց մտքով երբեք չի անցել դրանք կապել իր տղաների բանակում ծառայել-չծառայելու հետ… Նրանք սպասել են բանակ գնալուն և հիմա էլ արժանապատիվ ծառայում են սահմանային զորամասում, և հրամանատարությունն էլ նրանցից գոհ է…
Նման բազում օրինակներ գալիս են փաստելու, որ ընտանիքը առանցքային դեր ունի ապագա զորակոչիկ դաստիարակելու, նրան բանակային կյանքին նախապատրաստելու գործում:
Հակառակ դեպքերն էլ քիչ չեն, երբ ծնողների խիստ փափուկ վարքագծի շնորհիվ որոշ զինակոչիկներ չեն կարողանում հարմարվել զինվորական կարգուկանոնին: Ծնողական էգոիզմը կամ ինչ-որ տեղ արդարացված անհանգստությունները չպետք է արգելքներ կառուցեն հայրենիքի ապագա պաշտպանի առջև: Շատ անգամ ուղղակի ծնողն ինքն է իր վարքագծով նպաստում, որ երեխան խուսափի պարտադիր զինվորական ծառայությունից: Ցավով կարելի է արձանագրել, որ նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում լինում են և այնպիսիք, ովքեր պարտադիր ժամկետային ծառայությունն ընկալում են որպես պարտադիր տուրք Հայրենիքին, ինչի արդյունքում նման մտածելակերպով, որպես պարտք, բանակ զորակոչված երիտասարդը ծառայողական աննշան դժվարությունների բախվելիս դառնում է մի տեսակ անօգնական կամ ընկնում է սթրեսային հոգեվիճակի մեջ::
Գայանե ԾԱՏՈՒՐՅԱՆ
Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Բանակ և հասարակություն