Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ



Ինչպես եւ հանրային կյանքի մյուս շատ ոլորտներում, այնպես էլ զինված ուժերում բարեկրթության, բարեվարքության կանոնների մշակույթը պատշաճ մակարդակի վրա պահպանելը անհրաժեշտ խնդիր է: Այն առանցքային հարց է մանավանդ զինված ուժերում, որը բաղկացած է հասարակական զանազան շերտերի ներկայացուցիչներից, եւ որտեղ սերնդափոխությունը չընդհատվող գործընթաց է: Բնականաբար, տարաբնույթ արժեքային համակարգ ունեցող մարդկանց այնքան էլ հեշտ չէ մեկտեղելն ու ինտեգրելը ընդունված վարքականոնի սահմանների մեջ:

Հասարակության մեջ օրենսդրական նորմերին զուգահեռ գործում են (երբեմն նաեւ դրանցից ավելի զորավոր են) սոցիալական նորմերը՝ «չգրված օրենքները»: Դրանք դարերի ընթացքում ժողովրդի եւ հասարակության մեջ արմատավորված ավանդույթներից ու սովորույթներից բխող վարքագծի կանոններն են, որոնք երբեմն օգնում, երբեմն էլ խանգարում են պետությանը օրենսդրական դաշտը կառուցելիս:

Սոցիալական ամենակենսունակ նորմերից մեկը կարելի է համարել հայ հասարակության մեջ արմատավորված «պատվո կոդեքսը»: Մարդիկ, հատկապես երիտասարդ տղամարդիկ, պատրաստ են լուրջ հակասության մեջ մտնելու միմյանց հետ, նույնիսկ դիմելու ֆիզիկական բռնության, եթե դիմացինը վիրավորում է իր կամ իր հարազատների արժանապատվությունը: Պետության ստեղծած օրենսդրական նորմերը կոչված են պաշտպանելու անձը վիրավորանքից և ֆիզիկական բռնությունից: Սակայն «չգրված օրենքներով» հարցեր լուծելու փորձերը, որոնց դիմում են ոմանք, ավարտվում են սովորաբար մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, երբեմն էլ` ողբերգությամբ: Խնդիրներ լուծելու նման մոտեցումը քաղաքացիական կյանքից անխուսափելիորեն «սողոսկում է» նաեւ բանակ:

Սոցիալական գիտություններում ընդունված է իշխանության երեք հիմնական տեսակ առանձնացնելը` ավտորիտար, դեմոկրատ եւ լիբերալ: Ի տարբերություն հասարակության այլ շերտերի եւ այլ կառույցների, զինված ուժերի կառուցվածքը ենթադրում է կառավարման ավտորիտար ոճ՝ հստակ հրամաններով, կարգադրություններով, կանոնակարգվող առօրյայով: Քանի որ բանակը աստիճանակարգային ղեկավարման սկզբունքի վրա է հիմնված, ավելի հեշտ է «գլուխ բերել» բարեվարքության կանոնները: Բայց, որքան էլ իրավական հարթության մեջ այդ օրենսդրական պարտադրանքն առկա լինի, հրամանատարությունը գործ ունի մարդկանց հետ, արժեքային համակարգի տարբերությունների հետ:

Ամեն ոք, ով գալիս է զինված ուժեր, պետք է հետևի և ենթարկվի ԶՈւ կանոնագրքերի, ԶՈւ առօրյան կանոնակարգող նորմատիվ ակտերի պահանջներին:

Երկրորդ կարեւոր պահանջը բանակային բարեվարքության կանոնների ձեւավորումն է: Այս առումով վերջին տարիներին կարեւոր դեր են խաղում նաև պաշտպանության նախարարի ուղերձները` ուղղված անձնակազմին:

Արատավոր այս երեւույթների հաղթահարմանը մասամբ օգնում է ԶՈւ ղեկավարության դիրեկտիվների հիման վրա զորամասերում տարվող ամենօրյա աշխատանքը: Մյուս կողմից, այս հարցում կարեւոր դերակատարում է ունեցել այն հանգամանքը, որ բանակը վերջին տարիներին համալրվել է արհեստավարժ սպայական անձնակազմով:

Հայտնի է, որ Արցախյան հերոսամարտի տարիներին մեծ ներդրում են ունեցել կամավորները` մարդիկ, որոնք անձնազոհ նվիրումով պաշտպանել են հայրենիքի սահմանները, իսկ լայնածավալ ռազմական գործողությունների ավարտից հետո ներգրավվել են նորաստեղծ զինված ուժերում եւ նպաստել են բանակի կայացմանը: Միեւնույն ժամանակ, պրոֆեսիոնալ զինվորականներ չլինելով, նրանք շատ դեպքերում ամբողջ ծավալով չէին տիրապետում զինվորական ծառայության նրբություններին` սկսած, ասենք, շարային քայլից, վերջացրած ենթակաների հետ կանոնադրական հարաբերությունների հաստատմամբ: Այս առումով, արհեստավարժ սպայական կազմի ձեւավորումը զգալիորեն փոխել է իրավիճակը, եւ, որպես հետեւանք, հասարակության գիտակցության մեջ գնալով կոտրվում է գռեհիկ, կոպիտ սպայի կարծրատիպը:

Ըստ պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի, բարեվարքության կանոնների պահպանմանը երբեմն խոչընդոտում են նաև օբյեկտիվ հանգամանքները. «Ահավոր լարված է սպայի առօրյան, նա օրերով կարող է չտեսնել իր ընտանիքի անդամներին, նրա կյանքն ավելի շատ է վտանգի տակ, քան մեր երկրի որեւէ այլ մասնագիտության կրողի: Օբյեկտիվորեն լարվածություն է առաջանում, եւ այդ լարվածությունը կարող է արտահայտվել վերբալ (բանավոր) ագրեսիայի միջոցով: Բոլորը մարդ են` իրենց թուլություններով: Հստակ է մի բան՝ խստագույնս խնդիր է դրված` անձնակազմի հետ հարաբերվելիս պետք է խստորեն հետեւել կանոններին»:

Այս առումով շատ կարեւոր դեր են կատարում նախարար Սեյրան Օհանյանի հանկարծակի այցերը զորամասեր ու մարտական հենակետեր: «Ոչ ոք ապահովագրված չէ այդ այցերից, բոլորը գիտեն, որ նախարարը ցանկացած պահի կարող է լինել այս կամ այն հենակետում: Բանակը շատ ծավալուն կառուցվածք է եւ մոբիլ ղեկավարման կարիք է զգում: Եթե դա չլինի, կաբինետային ղեկավարման ոճով աշխատելու դեպքում բանակը կլճանա: Պետք է մարդիկ իմանան` կա՛մ այս թիմում եք, այս արժեքային համակարգում եք աշխատում, կա՛մ դուրս եք գալիս», – ասում է Դավիթ Ջամալյանը:

Ինչպես նշեցինք, հայհոյանքը` որպես ոչ կանոնադրական հարաբերությունների դրսեւորում, բանակում ի հայտ է գալիս ոչ միայն սպա-զինվոր հարաբերություններում, այլեւ շատ հաճախ զինվորների՝ միմյանց հետ շփումների ընթացքում: Հանրությունը մինչ օրս էլ լավ է հիշում այն դեպքը, երբ զինվորների փոխադարձ հայհոյանքը, «տղայական խաղը» վերաճել էր ողբերգության: Ընդհանուր առմամբ, տուժել է հայկական բանակը, որի ղեկավարությունը բազմիցս նշել է՝ զինվորի կյանքն իր համար բարձրագույն արժեք է:

Բանակը հասարակությունից դուրս չէ, ուստի անհրաժեշտ է բարեվարքությունը, օրինապահությունը և մարդկային այլ առաքինությունները ապագա զինվորների մեջ սերմանել մինչեւ զորակոչային տարիքը:

Պատահական չէ, որ պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում սկսել է սերտորեն համագործակցել կրթության եւ գիտության նախարարության հետ` ձգտելով անհատի ձեւավորման տարիներից սկսած նրա մեջ արմատավորել կարգապահություն, բարեկրթություն եւ սեր հայրենիքի ու նրա պաշտպանի հանդեպ:

Մասնավորապես՝ 2014-թ.-ի սեպտեմբերի 9-ին կրթական եւ պաշտպանական գերատեսչությունների ու Երկրապահ կամավորականների միության ղեկավարները հուշագիր ստորագրեցին՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության պատշաճ եւ համակարգված իրականացման մասին:

«Տարիների ընթացքում բավականին լուրջ հիմք է ստեղծվել, որպեսզի այսօր մեր մատաղ սերունդն արդեն իսկ համակարգված կերպով մտնի ընդհանուր դաստիարակչական համակարգի մեջ, եւ այն ռազմահայրենասիրական դաստիարակության հատկանիշները, որոնք անհրաժեշտ են, պատշաճ փոխանցվեն նրանց», – հուշագրի ստորագրման միջոցառման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ասել, թե ամեն ինչ այս ոլորտում իդեալական է, իհարկե, չափազանցություն կլինի, սակայն կարեւոր է գիտակցել, որ բանակի ղեկավարությունն վճռական է տրամադրված եւ գնում է ճիշտ ուղղությամբ: Կարեւոր է, որ հասարակության բոլոր շերտերը՝ սկսած ընտանիքից ու դպրոցից, միատեղեն իրենց ջանքերն այս ուղղությամբ:

Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/05/2015