Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽ



Ազգությամբ եզդի ազատամարտիկ Ասյա Խաթոյանի նախնիները Հայաստան են գաղթել Օսմանյան Թուրքիայի Բոլիսեն քաղաքից: 1918-20-ական թվականներին մասնակցել են Սարդարապատի մարտերին: Տիկին Ասյան երջանիկ է իր հերոս նախնիներով, որոնք հանուն ազատության, հանուն այս հողի զենք են վերցրել և հերոսաբար կռվել:

Զինվորական համազգեստը հագին, հաշմանդամի հենակներով այս կնոջը ամեն կիրակի կարելի է տեսնել Մայր տաճարի բակում: Արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկը եթե նույնիսկ իր պապերի կռվի մասին առանձնապես շատ բան չգիտի, ապա փոխարենը սիրով և առանձնակի ոգևորությամբ է պատմում իր և իր կռվի մասին. «Մեր տան ամենափոքր աղջնակը ես էի: Դպրոցը նոր էի ավարտել, երբ սկսվեց Արցախյան պատերազմը: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի կամավորների շարքերում` իմ հայ եղբայրների ու քույրերի կողքին: Մերոնք դեմ էին, բայց ես իմ որոշումը կայացրել էի, հետ դարձողը չէի: Ամենածանրը մայրս տարավ. նա նույնիսկ պատերազմից վերադառնալուց հետո էլ երկար ժամանակ ինձ հետ չէր խոսում: Երևի նախնիներիս արյունը շատ ուժեղ էր իմ մեջ խոսում: Ինչպես պապերս են ժամանակին պայքարել Հայաստանի ազատության և անկախության համար, նույնն էլ ես եմ արել իմ կարողությունների չափով»:

Քարվաճառի մարտերի մասնակիցը` Տիկին Ասյան, այն կարծիքին է, որ ամեն մարդ պետք է պաշտպանի այն հողն ու երկիրը, որտեղ ապրել են իր նախնիները, որտեղ ծնվել է ինքը, իր երեխաները: Նա զինվորականին վայել զսպվածությամբ և արժանապատվությամբ է խոսում Արցախյան պատերազմի դժվարությունների, իր տեսած մահերի, ավերածությունների մասին. «Ամեն ինչ տեսանք` կռիվ էր: Կյանքի և մահվան հարց էր: Մարտերից մեկի ժամանակ կորցրի ոտքս, բայց տուն չվերադարձա: Ինքս ինձ խոստացա` մնալ, շարունակել պայքարը: Զինվորին վիրակապելն էլ կռիվ է: Ընկերներիցս շատերն ընկան, վիրավորվեցին… Հաղթանակը սրբացրեց նրանց թափած արյունը, նրանց անունը: Այս կռվում Ղարաբաղ ունեցանք, 1918-1920-ականների կռվում` Հայաստանի Հանրապետություն»:

Ասյա Խաթոյանն արդեն յոթ տարի է, ինչ եկեղեցի է այցելում: Ինչպես ինքն է ասում` ուխտ է արել, որ մինչև կյանքի վերջը գալու է այստեղ և մտքում աղոթելու է իր մարտական ընկերների հոգու հանգստության համար:

-Ես, հավատացե՛ք, մարդկանց ցուցադրելու ոչինչ չունեմ: Մարտական մեդալներս էլ նույնիսկ ցույց չեմ տալիս: Եթե նեղված եմ լինում, մեդալներս բաժակիս մեջ եմ գցում և դրանցով կյանքս քաղցրացնում,-կրկին կատակում է կին-ազատամարտիկը:- Հայաստանն իմ տունն է, որտեղ ծնվել եմ, ապրել: Ինձ չեն ստիպել, որ զենք վերցնեմ, ես ինքս եմ ընտրել այս ճանապարհը: Ես Աստծո պատգամը կատարեցի: Չեմ կարող ասել, որ ես երջանիկ եմ, բայց հավատացեք՝ հպարտ եմ:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Ճակատագրեր


29/05/2015