Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՄԻԱՍԻՆ



«Հայաստանի եզդիների ճակատագիրը անխզելի կապերով կապված մնաց հայության ճակատագրի հետ»:
Ս.ՎՐԱՑՅԱՆ

1918թ. մայիսը բացառիկ ամիս է ոչ միայն հայերի, այլեւ հայաստանաբնակ եզդիների համար:

Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Իրականացավ հայաստանցիների բազմադարյա երազանքը`

Հայաստանի Հանրապետությունը:

Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը՝ իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Եզդի ժողովուրդը հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իրավազրկությունը, ցեղասպանությունը, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաև մայիսյան հաղթանակների և հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում: Նա օրհասական ու ծանր այդ օրերին կանգնեց հայ ժողովրդի կողքին և վաստակեց հավերժ հայ ժողովրդի հետ լինելու իրավունքը:

Ջհանգիր Աղան իր 1500 ձիավորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Հենց այդ ժամանակ էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը:

«Հայերի չափ և, թերևս, հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»,- գրել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը:

Իսկ Ջհանգիր Աղայի մասին այսպես է ասել Սպարապետ Թովմաս Նազարբեկյանը. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»:

Հայ և եզդի ժողովուրդները ճակատագրով դատապարտված են միասին կողք կողքի լինելու, վերջին կտոր հացը կիսելու, մարտնչելու և հաղթելու, բարեկեցիկ և հզոր Հայաստան կերտելու:

Եվ պատահական չէ, որ 2012թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից հետո և օծվեց անձամբ Աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգի կողմից:

2015թ. ապրիլի 21-ին աշխարհում առաջինը ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողը:

Ցավոք, դեռ այսօր էլ` 21-րդ դարում, ցեղասպանության են ենթարկվում ժողովուրդները: Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգում շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ ոճրագործությունը, որը հենց ցեղասպանություն է:

Այս դժվարին պահին մենք մեր կողքին տեսանք մեզ օգնող բարեկամ հայ ժողովրդի ձեռքը: Միջազգային տարբեր ատյաններում եզդիների նկատմամբ ոճրագործությունը դատապարտեցին և եզդիներին սատար կանգնելու կոչով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչները և դիվանագետները:

Մեր ապագան մեր ձեռքերում է: Մեր ապագան հզոր և մարտունակ բանակ ունեցող, բարեկեցիկ, արդար ու ազատ Հայաստանն է: Երկիր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար կապահովվեն հավասար իրավունքներ և հավասար ազատություններ:

Մենք հզոր և ուժեղ ենք մեր միասնությամբ, եղբայրությամբ, համերաշխությամբ: Շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան հաղթանակների կապակցությամբ:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում, ՀԿ խորհրդի նախագահ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Պատմության էջերից, Տարածաշրջան


29/05/2015