Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆՉԵՑ ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ



ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 69 սաների համար մայիսի 23-ը տոնական էր` հնչեց վերջին զանգը: Ավարտական դասարանի սաները հագել էին տոնական համազգեստ, իրենց կրծքին փակցրել էին Մոնթեի լուսանկարով եռագույն ժապավեններ՝ կանգնելով ավելի զգաստ, քան երբեւէ: Նրանց շնորհավորելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:

Վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրեց սաների ձեռքբերումները տեղական և միջազգային տարբեր մրցումներում, որտեղ նրանք դրսեւորել են բարձր ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշներ, նվաճել ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ. «Սիրելի՛ սաներ, դուք տակավին պատանի ոտք դրեցիք վարժարան, որտեղ աստիճանաբար կոփվեց ձեր մարմինը, ընդարձակվեց մտահորիզոնը, դարձաք ավելի ինքնուրույն, որտեղ ձեր մեջ սերմանվեց մարդասիրություն, ձեւավորվեցին բարոյահոգեբանական վսեմ հատկանիշներ, դաստիարակվեց պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր հայրենիքի նկատմամբ: Մոնթեն ասում էր` «Կրթված մարդը հայրենիքի նվիրյալ դառնալու համար պետք է տիրապետի քաղաքական, լեզվական, ռազմական եւ մի շարք այլ հմտությունների»: Վստահ եմ, որ այդ հմտությունները դուք յուրացրել եք»:

Նախարար Սեյրան Օհանյանն էլ իր շնորհավորական խոսքով ողջունեց սաներին եւ նշեց. «Վարժարանը կրում է լեգենդար Մոնթեի անունը, ուստի շրջանավարտները պետք է փորձեն նմանվել Մոնթեին, իսկ նա առանձնահատուկ էր իր ազնվությամբ, համեստությամբ, բայց միեւնույն ժամանակ ըմբոստ կեցվածք ուներ, հրամանատարական եւ կազմակերպչական բացառիկ ունակություններ: Այս հատկանիշները ձեզ պետք են գալու ձեր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ այստեղ ձեռք բերված փորձառությունը կնպաստի հայոց բանակի մարտունակության ամրապնդմանն ու զարգացմանը: Վարժարանը տվել է ավելի քան 1000 շրջանավարտներ, եւ նրանցից շատերն այսօր ոչ միայն զորամասերի հրամանատարների ու հրամանատարների տեղակալների պաշտոններում են ծառայում, այլեւ ստանձնել են զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոններ»:

Ռազմամարզական վարժարանի այս տարվա շրջանավարտների 94 %-ը` 65 սաներ, հայտարարել են, որ իրենց կյանքը կապելու են զինվորական ծառայության հետ: Նրանք դիմել են ՀՀ եւ օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններ:

Վարժարանում սաները ձեռք են բերել զինծառայության համար համապատասխան հմտություններ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են սպայի մասնագիտությանը տիրապետելու համար:

Ծնող Սուսաննա Մանուկյանը ասում է, որ սա նաեւ իր կյանքի ամենահիշարժան պահն է. «Վստահ եմ, որ վարժարանն արժանավոր քաղաքացիներ է դաստիարակել, եւ նրանք իրենց ավանդը կներդնեն մեր պետության զարգացման գործում: Որդիս` Սահակը, որոշել է ռազմական օդաչու դառնալ: Ահա իմ խորհուրդը` թող երբեք չընկրկի եւ միշտ հիշի, որ միայն անդուլ աշխատանքի, համառության, հաստատակամության շնորհիվ կհասնի իր նպատակների իրականացմանը: Ի դեպ, ես հրաժեշտ չեմ տալիս վարժարանին. կրտսերս` Հմայակն էլ է ուզում այստեղ սովորել»:

Ավարտական վալսը ի մի բերեց շրջանավարտների հուզմունքն ու ոգեւորությունը:

Հայկազ Բախշյանը վարժարանի լավագույն սանն է: Դեռեւս երկրորդ կուրսում նրան էր կցագրվել Մոնթե Մելքոնյանի ինքնաձիգը, ու հիմա դժվարությամբ է պատկերացնում, թե ինչպես է այն հանձնելու մեկ ուրիշին. «Ես այն երջանիկներից եմ, որոնք, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, հայտնվեցին վարժարանում: Շատ բան հասկացա ու սովորեցի այս երեք տարիների ընթացքում՝ սովորեցի ուշադիր եւ հոգատար լինել կողքինիս նկատմամբ, ամենակարեւորը՝ սովորեցի գնահատել ընկերությունը: Խորությամբ ուսումնասիրեցի Արցախյան հերոսամարտի մասնակիցների կյանքն ու գործունեությունը, պատիվ ունեցա ստանձնելու Մոնթեի ինքնաձիգի պահպանությունը, ինչն էլ ընդգծեց այն համոզումը, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել»:

Վահե Տարախչյան. «Վարժարանից ինձ հետ մեծ կյանք եմ տանում երկու մեդալ. առաջինը ստացել եմ 2014 թվականին Ղրղըզստանում անցկացված մրցումներին, երկրորդը վաստակել եմ Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացած Պատանի հայրենասերների միջազգային հավաքի ժամանակ: Նաեւ` երեք լեզվի իմացություն. վարժ տիրապետում եմ իտալերենին, ռուսերենին ու անգլերենին»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Բանակ և հասարակություն


29/05/2015