Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ



Այսօր աշխարհում 16 խաղաղապահ առաքելություններում ծառայում է ավելի քան 107 հազար խաղաղապահ:

♦♦♦

Հայ խաղաղապահները չորս` 2004-ից Կոսովոյի, 2005թ.-ից՝ Իրաքի, 2010թ.-ից Աֆղանստանի, 2014թ.-ի նոյեմբերից Լիբանանի առաքելություններին են մասնակցել:

Մայիսի 29-ին Խաղաղապահների միջազգային օրն է: Այս տարի այն նշվում է Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակի շրջանակներում: Ու թեեւ խաղաղապահ առաքելությունն ամրագրված չէ ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ներկայումս այն միջազգային մակարդակով կարգավորիչ եւ զսպող կարեւորագույն գործոններից է:

Խաղաղապահների օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը Երևանի պետական համալսարանում կազմակերպել էր խաղաղապահ առաքելությանը նվիրված շնորհանդես: Ներկայացվեցին արդեն յոթ տասնամյակ իրականացվող մարդասիրական և խաղաղապահ գործառույթների պատմությունը և իրականացման մեխանիզմները: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի գործող ղեկավար Արմինե Հալաջյանն ընդգծեց, որ խաղաղապահների առաքելության բովանդակությունը և իրականացման մեխանիզմները փոփոխվում են՝ կապված միջազգային իրավիճակներից. եթե սկզբնական շրջանում խաղաղապահները զինված չէին, ապա հետագայում նրանցից պահանջվեց լուրջ մարտական պատրաստվածություն և արդի սպառազինություն: Ներկայումս իրականացվում են ոչ միայն ռազմական, այլ նաև ոստիկանական կարգավորիչ գործառույթներ՝ իրավիճակով պայմանավորված: Հալաջյանը նշեց, որ խաղապահների շրջանում վերջին տարիներին կանանց թվի զգալի աճ է նկատվում, և նրանք նույնիսկ բարձր պաշտոններ են զբաղեցնում խաղաղապահ ուժերում:

Հայաստանը խաղաղապահ առաքելությանը միացել է 2001թ.-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս` 2004թ.-ից Կոսովոյի, 2005թ.-ից՝ Իրաքի, 2010թ.-ից Աֆղանստանի, 2014թ.-ի նոյեմբերից Լիբանանի առաքելությանը: Այս պահի դրությամբ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող` Լիբանանում, 35՝ Իրաքում: Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությունների ընդհանուր թվին, ապա այսօր 16 խաղաղապահ առաքելություններում ծառայում են ավելի քան 107 հազար խաղաղապահներ, որոնք ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների 122 երկիր:

Շնորհանդեսի մասնակից, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության բաժնի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործունեությանը կարևոր գործառույթ է նաև ՀՀ ազգային անվտանգության համակարգի համար: Նրա խոսքով՝ եթե ի սկզբանե խաղաղապահությունը հակամարտությունների կարգավորման կարևորագույն գործիքներից էր, որն օգտագործվում էր պետությունների միջև ծագած ընդհարումները վերացնելու համար, այսօր արդեն խաղաղապահության վերաբերյալ ընկալումները ձևափոխվել են:

– Սառը պատերազմից հետո ՄԱԿ-ի գործողությունները կրում էին հիմնականում ներպետական բնույթ` կարգավորելով պետության ներքին ընդհարումները: Թեև խաղաղապահների առաքելության առաջնային դերը ՄԱԿ-ինն է, բայց ՄԱԿ-ն այս գործում մեծ դերակատարում է վերապահում նաև տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, Աֆրիկյան միությանը և ԵԱՀԿ-ին, – նշեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության, միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ, փոխնգապետ Ալիկ Ավետիսյանը շեշտեց, որ խաղաղապահ ստորաբաժանումների առկայությունը Հայաստանում նպաստում է նաև բանակաշինությանն ու բարեփոխումների գործընթացին: Ըստ բանախոսի՝ մասնակցելով խաղաղապահ առաքելությանը, Հայաստանը, փաստացի, իրագործում է իր ազգային անվտանգության ապահովումը իր սահմաններից դուրս:

– Հայաստանում խաղաղապահ ստորաբաժանումը դառնում է օրինակելի մի զորամաս և դրանով իսկ խթանում բանակաշինությանը, առավել ևս՝ մեր խաղաղապահները մասնակցում են միջազգային զորավարժանքների և առաքելությունների՝ ձեռք բերելով միջազգային փորձ և մասնագիտացում: Բացի այդ, Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին դրական է ազդում մեր երկրի վարկանիշի վրա: Կարևոր է նաև, որ Հայաստանը մասնակցում է միջազգային մակարդակով գլոբալ սպառնալիքների կանխարգելմանը կամ կասեցմանը, ինչը բխում է նաև մեր ազգային շահերից – նշեց նա:

Բանախոսը նաև տեղեկացրեց, որ շուտով Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանումում կավելանա կանանց թիվը, իսկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անգլերենի և միջազգային իրավունքի դասընթացների շնորհիվ հայաստանցի իրավապահները ևս կկարողանան մասնակցել միջազգային խաղաղապահ առաքելություններին:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


29/05/2015