Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՈՒԺԵՐԸ



Ռազմական փորձագետների կարծիքով՝ Վրաստանը վերականգնել է 2008թ. օգոստոսի պատերազմից հետո կորցրած ռազմական ներուժը, որն այսօր նույնիսկ գերազանցում է մինչպատերազմյան մակարդակը: Անցած երեք տարիների ընթացքում Վրաստանում կառուցվել են ռազմակայաններ, ուսումնական փորձադաշտեր, ռազմական օբյեկտներ, գնվել է ժամանակակից զենք և ռազմական տեխնիկա, ավելացվել է զինծառայողների քանակն ու բարելավվել նրանց մասնագիտական պատրաստությունը:
Վրաստանին զինել են ԱՄՆ-ը (ոչ պաշտոնական տվյալներով, 2009թ. մատակարարել է 100 մլն դոլարի ՀՕՊ համալիրներ, հրաձգային զենք, հակատանկային հրթիռային կայանք և զինամթերք), Ուկրաինան, Իսրայելը (մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, մարտական տեխնիկա, հրազեն` 50 հազար АКС-74 ինքնաձիգ, մոտ 1000 РПГ-7 նռնականետ և համարյա 20 հազար 40 մմ-անոց նռնակ, ինչպես նաև՝ 5.56մմ-անոց 15 հազար գրոհային հրացան և զինամթերք` բուլղարական «Արսենալ» ընկերության միջոցով), Թուրքիան («Կոբրա» զրահամեքենաներ, զրահափոխադրիչներ), Ֆրանսիան (մինչև 2012թ. Վրաստանին կմատակարարի երկու AS-332 ուղղաթիռ):
Այսօր Վրաստանի ցամաքային զորքերը ներառում են 7 առանձին գումարտակ, 5 հետևակային և 2 հրետանային բրիգադ: 2010թ. տարեվերջի տվյալներով, ԶՈՒ թվաքանակը 20548 մարդ է, այդ թվում` 2176 սպա, 18356 սերժանտ (պայմանագրային), 16 քաղծառայող` զինվորական պատասխանատվությամբ: ՀՕՊ և ՌՕՈՒ անձնակազմը 2971 մարդ է, այդ թվում՝ 1033 սպա, 1625 սերժանտ (պայմանագրային), 311 շարքային (ժամկետային զինծառայող): Վրաստանի բանակի կազմում են նաև 600 հոգանոց Ազգային գվարդիան և հատուկ նշանակության ուժերի խումբը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


16/05/2011