ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ
«Ես ձեզանից բոլորիցդ կբողոքեմ Աստծուն, ես նրան ամեն ինչ կպատմեմ»:
….Պատերազմներ եւ երեխաներ… Դժվար է կողք կողքի պատկերացնել: Մարդկության պատմության ընթացքում հողագնդի վրա պայթել են 15 հազարից ավելի պատերազմներ, որոնք խլել են միլիարդավոր մարդկային կյանքեր: Սարսափելի է նույնիսկ ասել, որ նրանց գրեթե կեսը եղել են երեխաներ, երիտասարդներ:
Մարդկային սպանդի պատմության ակունքները սկիզբ են առնում անտիկ ժամանակներից: Բայց մարդկությանը առանձնապես մեծ վիշտ են պատճառել Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները:
Առաջին աշխարհամարտի տարիներին, բացի պատերազմող բանակների զոհերից, համաճարակից եւ սովից մահացել են նաեւ պատերազմող կողմերի միլիոնավոր երեխաներ:
Առաջին համաշխարհային պատերազմը մեծ դառնություններ է պատճառել հատկապես հայազգի երեխաներին: Մեծ ոճիրից մազապուրծ հազարավոր որբ երեխաներ ցիրուցան եղան աշխարհով մեկ, կորան գաղթի ճանապարհին, մի մասն էլ իրենց վերջին հանգրվանը գտան արաբական անապատներում…
Երկրորդ աշխարհամարտը իր դաժանությամբ չէր զիջում Առաջինին:
Պատերազմը, բացի ընդհանուր մարդկային զոհերից, խլեց տարբեր ազգությունների 13 միլիոն երեխաների կյանք:
Պատերազմներն այսօր էլ չեն դադարում, այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում երեխաներ են զոհվում, վիրավորվում, հաշմանդամ դառնում: Միայն վերջին տասնամյակներում աշխարհի ամենաթեժ կետերում միջէթնիկական, ազգամիջյան զինված ընդհարումների ժամանակ սպանվել են միլիոնավոր անմեղ երեխաներ, տասը միլիոնից ավելի երեխաներ ստացել են հոգեկան խեղումներ, դարձել հաշմանդամ:
Սիրիայում պատերազմի զոհ դարձած երեխայի խոսքերը` մեղադրանքը մարդկությանը, ցնցեցին ամբողջ աշխարհը: Երեքամյա այդ փոքրիկին հիվանդանոց էին հասցրել ծայրահեղ ծանր վիճակում՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներ, ներքին արյունահոսություն: Մահանալուց առաջ փոքրիկն ասել էր . «Ես ձեզանից բոլորիցդ կբողոքեմ Աստծուն, ես նրան ամեն ինչ կպատմեմ»….
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային