Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ



Հունիսի 1-ին ՊՆ վարչական համալիրի տարածքը «գրավել» էր փոքրիկների բանակը՝ իրենց «զենքերով»՝ գունավոր փուչիկներով, զրնգուն ծիծաղով, մանկան պարզությամբ եւ անկեղծությամբ:

Ամենաբարի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել էր ուրախ տոնական միջոցառում՝ զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաների եւ թոռնիկների համար:

Թոռնիկների հետ միջոցառմանը մասնակցելու էր եկել նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը. «Վերջին յոթ տարիներին պաշտպանության նախարարությունում ամեն հունիսի 1-ը երեխաների համար վերածվում է հրաշալի տոնի: Զինվորականներն ամենից լավ գիտեն երկրի պաշտպանության եւ խաղաղության գինը: Մեր բանակն այսօր հուսալիորեն պաշտպանում եւ ապահովում է մեր մանուկների անվտանգությունը:

Շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին, թող բոլոր երեխաները միայն ու միայն խաղաղ, պարզ երկնքի տակ վայելեն իրենց մանկությունը»:

Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա ՀԿ հիմնադիր նախագահ Ռուզաննա Խաչատրյան. «Շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ: Թող մեր երեխաները առաջին հերթին ապրեն, մեծանան խաղաղ երկնքի տակ ու դառնան մեր վաղվա օրվա հայրենասեր պաշտպանները»:

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի նախկին խմբագիր, պահեստազորի գնդապետ Սեյրան Շահսուվարյան. «Միայն խաղաղություն եմ մաղթում, խաղաղություն որ լինի, մնացած ամեն ինչ էլ կլինի… Ողջունելի է, որ ուժային կառույցը, բացի մեր սահմանները պաշտպանելուց, նաեւ նմանատիպ գեղեցիկ միջոցառումներ է կազմակերպում»:

Մանկական համույթները, կրկեսային խմբերը, լարախաղացն ու ծաղրածուն, «Էկզոտարիում» կենտրոնի վարժեցրած կապիկն ու թութակները, ուրախ գնացքը երեխաների օրը ավելի հեքիաթային եւ հիշարժան դարձրին:

«Խաղաղությունը մեր աչքերով» կավճանկար մրցույթի նկարներում փոքրիկներն ամենաշատը պատկերել էին կապույտ երկինք, արեւ եւ զինվորներ:

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Բանակ և հասարակություն


04/06/2015