Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ



Ծառայությանն առնչվող ամենատարբեր հարցերով հաճախ են խմբագրություն զանգահարում զինվորների հարազատները` մեկնաբանությունների, պարզաբանումների ակնկալիքով: Վերջին զանգերից երկուսն էլ ուղղակիորեն առնչվում էին զինվորին տրվող հանդերձանքին: Ծնողներից մեկը մտահոգված էր, որ տղայի ծառայության մեկ տարին դեռ չլրացած՝ ինքն արդեն մեկ անգամ համազգեստ է գնել և ուղարկել զորամաս, քանի որ նրա համազգեստը ամբողջովին մաշվել է, մյուսն էլ նեղսրտում էր, թե արդեն քանի անգամ իր սուղ միջոցներից որոշակի գումար է հատկացնում` սահմանում ծառայող որդու համար գուլպա, վարտիք ու շապիկ գնելու համար:

Իսկապես, անհեթեթ մի իրավիճակ, որ մեզ ուղղակի պարտադրեց ժամ առաջ գտնել նման հայտարարությունների օբյեկտիվ հիմքերը: Պարզաբանումների համար մեր ծառայակից մայոր Սամվել Հարությունյանը դիմեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ն. ՅՈԼՉՅԱՆԻՆ:

-Պարոն գնդապետ, մենք գիտենք, որ մեր բանակի թե՛ իրային, թե՛ սննդային և թե՛ պարենային ապահովումը լիարժեք է, այսինքն` մեր զինված ուժերը անխտիր ապահովված են ամեն ինչով և շատ վաղուց: Միևնույն ժամանակ, զարմանք են հարուցում որոշ զինծառայողների ծնողների գանգատները: Այս դեպքում որտեղի՞ց են առաջանում նման խոսակցությունները, ի՞նչ հիմք ունեն:

-Անկախ նրանից, թե ինչ կարգի զորամասում է զինծառայողը` մոտոհրաձգային, տանկային, հրետանային, թե ինժեներասակրավորային, մարտական պատրաստության ծրագրի համաձայն՝ նա ամբողջովին զբաղվում է մարտական պատրաստությամբ: Համազգեստի ժամկետից շուտ մաշվածության խնդիրը պայմանավորվում է մարտական պատրաստության բնույթով: Զինծառայողների այն կազմը, որը ներգրավված է մշտական մարտական հերթապահության մեջ, համազգեստով ապահովվում է 6 ամիսը մեկ, իսկ մնացած ժամկետային զինծառայողները՝ 8 ամիսը մեկ: Դրանից բացի, բարձրլեռնային պայմաններում, որտեղ հաշվի են առնվում նաև եղանակային պայմանները` տեղումներ, ցեխ և այլն, ծառայողներին կոշիկ հատկացվում է 6 ամիսը մեկ: Բարձրլեռնային պայմաններում՝ ծովի մակերևույթից մինչև 2500-3500 և ավելի բարձր, ծառայություն տանող անձնակազմի ձմեռային համազգեստը փոխվում է տարին մեկ անգամ, քանի որ 12 ամսից 10-ի ժամանակ տաք համազգեստ հագնելու անհրաժեշտություն կա, ինչի պատճառով էլ ոչ թե նախատեսվածից շուտ է շարքից դուրս գալիս, այլ տեսքն է ընկնում:

-Իսկ ի՞նչ կասեք ժամանակից շուտ մաշվող համազգեստի մասին, որն ամենից հաճախ է հիշատակվում ծնողների ահազանգերում:

-Վատ է, եթե համազգեստը չի մաշվում: Զինվորական համազգեստին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկն էլ այն է, որ պետք է մաշվի: Նույնիսկ հանձնարարականներում նշվում է՝ այն համազգեստը, որը ժամկետի ընթացքում չի մաշվում, չի կարելի հագնել:

-Այդ դեպքում, չպե՞տք է արդյոք տարբերակված մոտեցում ցուցաբերել այն զորատեսակների` մոտոհրաձգային, ինժեներասակրավորային և այլն, զինվորների նկատմամբ, որոնց համազգեստը մաշվում է ծառայության բնույթից:

-Իսկ ո՞վ է որոշել, թե տվյալ համազգեստը ինչ ժամկետում պետք է մաշվի, այդ ժամկետը ինչ-որ տեղ նշվա՞ծ է: Պարզապես մարդիկ սովոր են համազգեստը լվանալ, ինչպես վերնաշապիկը: Աշխարհի և ոչ մի բանակի համազգեստ չի դիմանա, եթե այն շաբաթը մեկ լվանան: Մեր գործող կանոններով նախատեսված է համազգեստը լվանալ ամիսը մեկ անգամ: Ամիսը մեկ անգամից ավելի լվանալու դեպքում, բնականաբար, շուտ էլ կմաշվի: Մեր համազգեստի պիտակին հստակ նշված է խնամքի կարգը. այն պետք է լվանալ մեր տված տնտեսական օճառով, ինչը մաքուր ճարպից է պատրաստված, այլ ոչ թե անհայտ ծագում ունեցող լվացքի փոշիներով: Օճառը մենք հատկացնում ենք տնտեսական կարիքների համար, իսկ տնտեսական կարիքներից մեկն էլ համազգեստի լվացումն է: Համազգեստը պետք է լվանալ ամիսը մեկ անգամ:

-Կա՞ն համազգեստի կտորի որակի ստուգման չափանիշներ:

-Իհարկե, կան: Դրանք են` չոր շփում, թաց շփում, քրտինքի ազդեցությունը, արևի, ինչը ամառային ժամանակահատվածում ամենաուժեղն է, իսկ բարձրլեռնային պայմաններում օդի նոսրության հետևանքով արևի ճառագայթներն ավելի ուժեղ են ազդում և մեկ էլ օճառի ազդեցությունը: Մինչև համազգեստ կարելը, կտորը համապատասխան լաբորատոր փորձաքննության է ենթարկվում: Մեր համազգեստի կտորը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին:

-Մաքուր, կոկիկ համազգեստը զինվորի հիգիենայի կարևոր բաղադրիչներից է և նույնքան կարևոր, ինչպես մարմնի մաքրությունը:

-Այս ոլորտում մենք շատ մեծ, ես կասեի՝ թռիչքային առաջընթաց ունենք: Այսօր արդեն մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերն ապահովել ենք ԶԻԼ-131-ի բազայի վրա ձևավորված շարժական դաշտային բաղնիքներով: Հիմա մարտական հերթապահություն իրականացնող զինվորը կարող է 7 օրը մեկ լողանալ: Սա ես համարում եմ նկատելի առաջընթաց, որովհետև 23 տարի մարտական հերթապահություն կատարող զինվորները զրկված են եղել նման հնարավորությունից:

-Պարոն գնդապետ, ի՞նչ կասեք զինվորին հատկացվող շապիկ-վարտիքների մասին. քանի՞ շապիկ, քանի՞ վարտիք, քանի՞ զույգ գուլպա է հասնում, ի՞նչ ժամանակով…

-Նախ ասեմ, որ մեր զինվորին տրվող վարտիքը մեկանգամյա օգտագործման համար է, այսինքն՝ շաբաթը մեկ, եւ ինչպես աշխարհի բոլոր բանակներում, ութ ամսվա համար տրվում է երկու շապիկ: Գուլպա տրվում է երկու զույգ` մեկ ամսվա համար: Միանգամից տալիս ենք ութ զույգ:

-Հետաքրքիր է, ի՞նչ փոփոխություններ են կատարվել զինծառայողների իրային և պարենային ապահովման սահմանված կարգում:

-Զինծառայողների իրային և պարենային ապահովման սահմանված կարգի բարելավմանը միտված որոշակի փոփոխություններ են առաջիկայում կատարվելու. նախագծերն արդեն կառավարությունում են: Համապատասխան գերատեսչություններում այն արդեն հավանության է արժանացել: Սպասում ենք կառավարության որոշմանը:

-Պարոն Յոլչյան, առիթից օգտվելով՝ կուզենայի որոշ տեղեկություններ Ձեզնից ստանալ նաև զինվորին տրվող սննդի մասին: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում զինվորի սննդի տեսականին բարելավելու ուղղությամբ:

-Սննդի տեսականին նկատելի բարելավման է ենթարկվել: Եթե մարտական պատրաստությամբ զբաղվողի ծանրաբեռնվածությունը ֆիզիկական է, ապա մարտական հերթապահություն կատարողը ավելի շատ հոգեբանական ծանրաբեռնվածություն է կրում: Իսկ որպես կանոն հոգեբանական ծանրաբեռնվածության ժամանակ մարդը քաղցրի պահանջ է զգում: Քանի որ ծառայության բերումով հաճախ ենք այցելում առաջնագիծ, մարտական հերթապահության վայր, նկատել ենք, որ զինվորները իրենց միջոցներով դիրքեր են բարձրացնում կարամել, ջեմ, թխվածքաբլիթ և այլն: Այդ ամենը տեսնելով՝ հասկացանք, որ այս հարցին ևս պետք է լուծում տրվի: Եվ այս տարվա մարտ ամսից մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների չափաբաժնում ավելացվել է 30 գրամ կարամել, 60 գրամ թխվածքաբլիթ, 30 գրամ ջեմ, 6 գրամ սուրճ, ինչը բավարար է, որ զինվորը օրը երեք անգամ սուրճ խմի: Իսկ հոկտեմբերի մեկից մինչև ապրիլի վերջը բոլոր զինծառայողներին ճաշարաններում ու մարտական հերթապահության վայրերում օրական 20 գրամ վիտամին C-ի բարձր պարունակություն ունեցող մուրաբա ենք տալիս՝ այդպիսով փորձելով նաև հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել: Սննդի տեսականին բարելավելով և վիտամին C-ի բարձր պարունակություն ունեցող մուրաբա տալով՝ մենք փորձում ենք նաև սուր շնչառական հիվանդությունների դեմն առնել: Հիմա ընթրիքին տալիս ենք առանց ոսկորի փափուկ միս, ինչը մեր զինվորները մեծ հաճույքով են ուտում: Սննդի տեսականու մեջ նաև լոբի ենք ավելացրել, կանաչ ոլոռ` տոմատի սոուսով: Մայիս ամսից էլ ճաշերի մեջ կօգտագործվի չորացած կանաչի: Ինչու չորացած և ոչ թարմ, որովհետև չորացած կանաչին նախ հեշտ է պահելը, հետո թարմ կանաչեղենի դեպքում` սանիտարական, պահպանման ժամկետների առումով, կարող են խնդիրներ ծագել: Չմոռանամ ասել նաև, որ մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինվորներին մենք մարինադ ենք տալիս, իսկ ամառային ժամանակահատվածում ապահովելու ենք սեփական հյութի մեջ պատրաստված լոլիկով: Պլանավորում ենք համապատասխան սեզոնին զինվորի սննդաբաժնում ավելացնել նաև թարմ լոլիկ ու վարունգ:

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/06/2015