Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՃԻՊՈՏԸ»



Սայլը գյուղ էր վերադառնում դանդաղ ծամծմելով ճամփան: Սայլվորը մանուկ էր, աչքերին՝ արցունք, կրծքի տակ՝ մրմուռ:

Մեկ օր նույն սայլով գյուղացի Խաչիկ Հակոբյանը մեկնեց շրջկենտրոն՝ սերմացու ստանալու: Գյուղ զանգահարեցին, թե վերցնում են զինվորական ծառայության: Բոքոն թխեցին, հանձնեցին Խաչիկի եղբորորդուն՝ Վահրամին: Շրջկենտրոնում հացը հանձնեց նրան: Խաչիկը վերցրեց, նայեց հացին, կիսեց.

– Վերցրո՛ւ: Սա էլ իմ ճիպոտը: Գյուղ հասնելուն պես, խրիր թոնրատան գերանների արանքը: Պահիր մինչեւ վերադառնամ:

1942թ.-ի օգոստոսն էր:

Վահրամը գյուղ վերադարձավ, ճիպոտը խրեց թոնրատան գերանների արանքը:

Անցնում էին ամիսներ: Խաչիկից նամակ չկար: Վահրամը քթոցը շրջում, բարձրանում էր վրան, գերանների արանքում շոշափում էր ճիպոտը ու վստահ ասում.

– Չմտածեք, Խաչիկը ողջ է …

Էլի ամիսներ անցան: Կրկին ընդհատվեցին Խաչիկի նամակները: Վահրամը շրջեց քթոցը, բարձրացավ վրան, գերանների արանքից հանեց ճիպոտը, նայեց: Ճիպոտը սեւացել էր: Նստեց, լաց եղավ: Հետո հիշեց, որ առաստաղի գերաններն էլ թոնրի ծխից սեւացել են, մխիթարվեց: Ճիպոտը կրկին արանքը դրեց ու հեռացավ:

Պատերազմն ավարտվեց: Խաչիկը գյուղ վերադարձավ: Բերնեբերան տարածվեց փորձառու զինվորի սխրանքների պատմությունը: Նա կանչեց Վահրամին ու շշուկով հարցրեց.

-Ճիպոտը պահե՞լ ես…

-Պահել եմ…

Համբուրեց:

Իմ հոգին էս ճիպոտի մեջ էր, հավատո՞ւմ ես: Երբ ծանր վիրավորվեցի, մտքումս ասում էի՝ ջիպոտը ջարդվեց: Բայց երբ լավացա, համոզված էի, որ ճիպոտը մնում է…

Խաչիկը գյուղում հովիվ դարձավ: Հոտը սար էր քշում՝ ծխից սեւացած ճիպոտը ձեռքին…: Իսկ Վահրամը երբեք չի մոռանում այս հեքիաթանման պատմությունը:

ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային


04/06/2015