ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ
«Մեծ հաղթանակ» խորագիրն էր կրում Նկարիչների միությունում օրերս բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից նկարիչների ստեղծագործությունները:
-Տարիներ շարունակ այս տոնը նշել ենք պատերազմի մասնակից մեծաթիվ նկարիչներով,-ասում է ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,- սակայն ժամանակն անողոք է, այսօր մեր նկարիչներից ցուցահանդեսին ներկա են միայն Արմեն Աթայանը եւ Հմայակ Բդեյանը:
-Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ավարտական կուրսում էինք, երբ սկսվեց պատերազմը,- հիշում է 93-ամյա Արմեն Աթայանը,- քանի՜սը գնացին, քանի՜սը եկան, ի՜նչ նկարիչ տղերք չվերադարձան:
-Թող ոչ մի սերունդ պատերազմ չտեսնի,- ասում է Հմայակ Բդեյանը:- Ուրախ եմ եւ հպարտ, որ այսօր մեր զինվորները նույն նվիրումով պաշտպանում են մեր հայրենիքը:
Մեծ Հայրենականի թոհուբոհով անցած նկարիչ վետերան զինվորներին ՊՆ-ն անակնկալ էր պատրաստել. նրանք պարգեւատրվում են պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով:
Ցուցադրված նկարները գույների լեզվով «պատմում» էին պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության մասին: Կտավներում ե՛ւ ցավ կար, ե՛ւ կսկիծ ու դառնություն, հույս, ցասում…, ու բոլոր նկարներում կար ընդհանուր մի գաղափար՝ բողոք պատերազմի դեմ:
Անսպառ բարության զգացողությամբ ես համակվում ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի «Ազատարարները» կտավը դիտելիս՝ հայ զինվորն օտար հողում գրկել է երկու անծանոթ երեխայի եւ դուրս է բերում դժոխքից:
-Սա հենց մեր հայ զինվորի իրական կերպարն է՝ խղճով, բարի, գթասիրտ,-Սուրեն Սաֆարյանի որդին՝ Արմեն Սաֆարյանը, ներկայացնում է հոր աշխատանքը,- հայրս պատերազմական թեմաներով բազմաթիվ նկարներ ունի՝ «Հայրենիքի մեղեդիներ», «Ազատարարները», «1945թ. գարնանը», հենց այս ստեղծագործությունների համար էլ արժանացել է զինվորական նկարիչների համար նախատեսված Գրեկովի անվան արծաթե մեդալի… Գիտեք, ռազմի դաշտում հայրս փրկվել է հենց նկարելու շնորհիվ. կովկասյան լեռներում կռիվներից մեկի ժամանակ հայրս այնքան է տարվել բնության գեղեցկությամբ, որ հրացանը դրել է մի կողմ եւ հափշտակված սկսել է նկարել իր փոքրիկ ալբոմում: Մեկ էլ լսել է զինընկերների բղավոցը՝ պառկի՛ր, պառկի՛ր, ու ոտքից քաշելով մի կերպ խրամատ են գցել՝ ասելով, թե՝ երեք օր է՝ դիպուկահարները անընդհատ մեզ նեղում են, էսքան զոհեր ենք տվել, իսկ դու կանգնել, նկարո՞ւմ ես: Երբ թշնամու դիպուկահարներին գերի էին վերցրել, նրանցից մեկն անընդհատ հորս է մատնացույց արել: Հայրս տագնապել է, խառնվել, ասել է՝ պրովոկացիա է, ես նրան չեմ ճանաչում: Հորս բախտից այդտեղ գերմաներեն իմացող է եղել, որն էլ թարգմանել է գերի ընկած դիպուկահարի խոսքերը. «Ես ուզում էի այս մարդուն սպանել, արդեն նշան էի բռնել ու պատրաստվում էի կրակել, բայց տեսա, որ նա զենքը ցած դրեց ու սկսեց նկարել, այդ պահին ես իմ եղբորը հիշեցի. ախր եղբայրս էլ նկարիչ է, ձեռքս չգնաց…»:
Հրամանատարը, որ հորս շատ էր սիրում, ամեն կերպ ընդառաջել է, որպեսզի արվեստը գնահատող այդ ռազմագերի-դիպուկահարի կյանքը փրկվի՝ նրա փաստաթղթերը այնպես են ձեւակերպել, որ խնդիրներ չունենա: Հետագայում հայրս արդյոք կապ հաստատե՞լ է այդ գերմանացու հետ, թե ոչ, ստույգ հայտնի չէ, բայց մեր տանը մի անանուն լուսանկար կա, ենթադրում եմ՝ նա է…
Հայրս սիրում էր հաճախ կրկնել՝ «Պատերազմից հետո սա իմ «փափախ» կյանքն է, որը վայելում եմ արվեստի շնորհիվ»:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային