Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ



Մայիսյան հաղթանակների նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվեց «Մայիսյան հերոսամարտերի արձագանքները» վերտառությամբ գրքերի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակների արդյունքում ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությանը, երեւելի ազգային գործիչներին նվիրված 150-ից ավելի գրքեր:

Ցուցասրահում առանձին դարակներով ներկայացված էին Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի, Անդրանիկ Զորավարի, Գարեգին Նժդեհի, Ռուբեն Տեր-Մինասյանի մասին պատմող տարբեր հեղինակների հրատարակություններ, ինչպես նաեւ նրանց իսկ հեղինակած գրքերը, բազմաթիվ հուշագրություններ, հուշեր:

Ցուցադրված էին պատմաբաններ Հարություն Թուրշյանի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Համլետ Գևորգյանի, Վանիկ Վիրաբյանի, Արմեն Ասրյանի, Գեղամ Կիրակոսյանի, Տիգրան Պետրոսյանցի և ուրիշների գրքերը, որոնց ցուցադրության ընթացքում ավելացավ Վանիկ Վիրաբյանի՝ օրերս տպագրված «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918-1920 թթ.» ծավալուն աշխատությունը:

Գիտական գրքերի շարքում էին Զարզանդ Դարյանի («Քառուղիներ»», Սերո Խանզադյանի («Խոսե՛ք, Հայաստանի լեռներ»), Հարություն Մկրտչյանի («Անհայտ զինվորի հիշատակարանը») և այլ նշանավոր գրողների՝ տվյալ ժամանակաշրջանին նվիրված գեղարվեստական գրքեր:

Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարան

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային


04/06/2015