Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ 1918թ. ՀԱՅՈՑ ԳՈՅԱՄԱՐՏՈՒՄ



Պայքար ներքին թշնամու` մահմեդական զինված խմբերի դեմ

Մայիսյան հերոսամարտերի նախօրեին հայ ժողովրդի ճակատագիրը, նրա հետագա գոյությունը մեծապես պայմանավորված էր նաև Հայաստանի վերջին հողակտորում` Արարատյան աշխարհում, ավելի որոշակի` ռազմաճակատի թիկունքում տեղի ունեցող իրադարձություններով: Հայ պատմագիտությունը հանգամանալի անդրադարձել և շարունակում է անդրադառնալ մայիսյան բուն հերոսամարտերին, սակայն բավարար ուշադրության չի արժանացրել թիկունքում, այն է` Արարատյան աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությանն ու արժեւորմանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի հոդվածը հենց այդ խնդրի լուսաբանմանն է նվիրված:

Սկիզբը՝ նախորդ համարում

Ակնհայտ էր, որ թուրքերը` օգտվելով ռազմաճակատի մերկացումից, կխախտեին 1917 թ. դեկտեմբերին Երզնկայում ռուս հրամանատարության հետ կնքված զինադադարը և համալրելով ու վերախմբավորելով իրենց բանակը՝ շատ շուտով կդիմեին մարտական գործողությունների:

Բաբերդից Երզնկա և մինչև Բիթլիս ու Վան ձգվող հսկայածավալ ռազմաճակատում հայ փոքրաթիվ նորաստեղծ գնդերին վիճակված էր դիմագրավելու թեև մի շարք ճակատամարտերում պարտված, բայց դեռևս զգալի հզորությամբ օժտված և հայ զորագնդերից անհամեմատ բազմաքանակ թուրքական կանոնավոր զորամիավորումներին, որոնց հիմնական միջուկը կազմում էին առաջին աշխարհամարտի հնոցում թրծված, անգամ անգլո-ֆրանսիական զորքերի դեմ Գալիպոլիի ու Դարդանելի նշանավոր ճակատամարտերին մասնակցած բազմաթիվ սպաներ ու զինվորներ:

Հարց է ծագում՝ կարո՞ղ էին հայոց նորաստեղծ փոքրաքանակ ուժերը պաշտպանել Սև ծովից մինչև Ուրմիա ձգվող ավելի քան 720 կիլոմետրի հասնող հսկայածավալ ռազմաճակատը, որը նախկինում պաշտպանում էին ավելի քան 300.000 զինվորներ:

Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող վերոհիշյալ հարցը քննարկելու և անհրաժեշտ որոշում կայացնելու նպատակով 1918 թ. դեկտեմբերին Թիֆլիսում գումարվում է Հայոց Ազգային և Ապահովության Խորհուրդների համատեղ խորհրդակցությունը, որին մասնակցում են նաև Արամ Մանուկյանը, Անդրանիկն ու Դրոն:

Ազգային խորհուրդը որոշում է պահել ռազմաճակատը: Կողմնակիցների համոզմամբ՝ Թուրքիան և նրա դաշնակից տերությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան գրեթե պարտվել էին ու թուլացել, իսկ նրանց հաղթող տերությունները դրական վերաբերմունք ունեին Հայ դատի և հայության նկատմամբ:

Ազգային խորհուրդը որոշում է Անդրանիկին, որը ի դեպ Երզնկայից մինչև Վան և Բիթլիս ձգվող ռազմաճակատը պահելու ամենաջերմեռանդ կողմնակիցն էր, նշանակել Էրզրումի երկրապահ ճակատի հրամանատար, այն համոզմամբ, որ նշանավոր ռազմիկն իր հեղինակությամբ և ռազմական կարողությամբ կկարողանա ոգեւորելով զորքին ու ժողովրդին՝ պաշտպանել ռազմավարական նշանակություն ունեցող Էրզրում բերդաքաղաքը: Ավելին, Հայոց Ազգային խորհրդի միջնորդությամբ Կովկասյան ռազմաճակատի հրամանատար, գեներալ Լեբեդինսկու հրամանով 1919 թ. հունվարին նրան շնորհվում է զաուրրադ (պաշտոնակալ) գեներալ-մայորի զինվորական աստիճան:

1918 թ. փետրվարին թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, անցնում են հարձակման: Չնայած հերոսական դիմադրությանը՝ հայկական փոքրաքանակ ուժերը չկարողանալով կայուն դիմադրություն ցույց տալ թուրքական զորքին, թողնում են Բաբերդը, Երզնկան, Վանը, Բիթլիսը և վերջապես՝ Արևմտահայաստանի ամենակարևոր հենակետը՝ Էրզրումը: Ընդ որում՝ Էրզրումի մատույցներում և բուն բերդաքաղաքում հայկական զորքերի դիմադրությունը եղել է բավական անկազմակերպ ու թույլ, և ինչպես իրավացիորեն նշում է գեներալ Հախվերդյանը, «… թուրքերը հեշտությամբ կարողացան գրավել բերդաքաղաքը, թերևս միայն Մուրադին (նկատի ունի Սեբաստացի Մուրադին – Հ.Գ.) իր ձիավորներով հաջողվեց փոքր-ինչ զսպել թուրքերի ճնշումը»:

Չկար այլևս Հայաստանի արևմտյան հատվածի վերջին պատվարը՝ Էրզրում հզոր բերդաքաղաքը, և Արևելյան Հայաստան տանող ուղիները այլեւս բաց էին:

Էրզրումի անկումից հետո թուրքական զորքերը, կրնկակոխ հետապնդելով հայկական զորագնդերին, մոտենում են Սարիղամիշին: Մահվան սպառնալիք է կախվում Հայաստանի մնացած փոքրիկ տարածքում հավաքված հայության վերջին բեկորների գլխին:

Ռազմաճակատում վատթարագույնս զարգացող մարտական գործողություններին զուգընթաց՝ թիկունքում առավել մեծ ուժգնությամբ ու ընդգրկումով շարունակվում էին թուրք հրոսակախմբերի զինված ելույթները: Թուրք հրամանատարության նախաձեռնությամբ արյունակիցների միջոցով Հայաստանի շրջաններում ստեղծված քաոսային կացությունն իր սև գործը կատարեց: Շարունակաբար կրկնվող թուրք զինված խմբերի ելույթներն իրենց բնակավայրերին էին գամել զենքի ընդունակ հայերին, որոնք Արևելահայաստանի տարածքում ծայր առած զինված բախումների ճնշման տակ առավելապես մտահոգվելով իրենց ընտանիքների ապահովությամբ՝ հրաժարվում էին զորակոչվել բանակ: Իսկ գեներալ Սիլիկյանի գլխավորած 2-րդ դիվիզիան, որն ընդամենը երեք ամիս անց իր վճռորոշ խոսքը պիտի ասեր Մայիսյան հերոսամարտերում, կազմավորվում էր հենց Արարատյան աշխարհում: Ավելին, Արարատյան աշխարհում տեղի ունեցող դեպքերի թելադրանքով բազմաթիվ հայ զինվորներ իրենց ընտանիքների ճակատագրով տագնապած՝ լքում էին զորամասերն ու վերադառնում հարազատ վայրերը: Հայ զորագնդերում ծնունդ առած զանգվածային դասալքումներն ու տիրապետող անկազմակերպ իրավիճակը կարող էին ամենաողբերգական հետևանքներն ունենալ:

Արարատյան աշխարհում խիստ տագնապալի կացություն էին ստեղծում նաև քուրդ հրոսակախմբերը, որոնք 1917 թ. գարնանը գետանցելով Արաքսը, Թուրքիայի և Պարսկաստանի տարածքից պարբերաբար ներխուժում էին Երևանի նահանգ ու միանալով իրենց հավատակիցներին, հարձակվում և բռնությունների ու ավարառության էին ենթարկում հայկական գյուղերը: Ավելին, նահանգում կացությունը օրհասական էր նաև այն պատճառով, որ մի քանի հարյուր հազարի հասնող գաղթականության զգալի մասը խմբվել էր Արարատյան աշխարհում: Անհրաժեշտ էր թուրք-քուրդ ավազակախմբերի անընդմեջ հարձակումներից պաշտպանել և կերակրել արդեն սովամահության գիրկն ընկած գաղթականությանը:

Անհրաժեշտ էին կարող, ձեռներեց ու մեծ հեղինակություն վայելող ազատագրական պայքարի նրբություններն ու դժվարությունները ապրած փորձառու գործիչներ, որոնք ի զորու կլինեին շտկելու տիրող քաոսային կացությունը և ոգեշնչելու ու մահու եւ կենաց պայքարի առաջնորդելու Հայաստանի փոքրիկ հողակտորում հանգրվանած հայությանը:

Հայոց Ազգային խորհրդի որոշմամբ, 1917 թ. դեկտեմբերի վերջերին Երևան է գալիս Արամ Մանուկյանը և իրեն հատուկ մեծագույն եռանդով ձեռնամուխ լինում Արարատյան աշխարհի ծայրահեղ լարված ու խառնաշփոթ իրավիճակի կարգավորման խնդիրների լուծմանը: Արամի առաջարկությամբ Երևանում ստեղծվում է Ազգային խորհրդի իրավունքով մի մարմին՝ Հատուկ կոմիտե, որի ձեռքում է կենտրոնանում նահանգի քաղաքական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Ժողովրդի փրկությունն առաջին հերթին պայմանավորված էր կազմակերպված ու մարտունակ բանակի գոյությամբ, իսկ հայրենիքին ծառայելու պատրաստակամ արհեստավարժ կադրային զինվորականների քանակը խիստ սահմանափակ էր: Հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող ժամանակ Երևանում էին նաև հայկական զորքերի զինվորական կոմիսար Դրոն, Հայկակական բանակային կորպուսի 2-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը, որոնք Արամի համագործակցությամբ ձեռնամուխ են լինում մահմեդական հրոսակախմբերի պարբերաբար կրկնվող զինված ելույթները «խաղաղեցնելու» և հայկական բանակի զորամասերի կազմավորման աշխատանքներին:

Գլխավոր վտանգ էր ներկայացնում ներքին թշնամին՝ թուրքական և քրդական վաղօրոք շատ լավ զինված հրոսակախմբերը, որոնք կազմ-պատրաստ անընդմեջ ասպատակում էին հայկական բնակավայրերը: Նրանց դեմ պայքար ծավալելու նպատակով Երևանի նահանգում անհրաժեշտ էր կազմավորել հատուկ նշանակության զորամասեր (չպետք է շփոթել հայկական բանակային կորպուսի զորամիավորումների հետ, որոնք արդեն հիմնականում կազմավորվել էին և ռազմաճակատում էին – Հ.Գ.): Հատուկ նշանակության զորամասերի կազմավորման համար անհրաժեշտ էր նաև Կովկասյան ռազմաճակատի հրամանատարության թույլտվությունը: Եվ մինչ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունն իրեն հատուկ դանդաղկոտությամբ կհասցներ պատրաստել հրամանների նախագծերը, Դրոն, չսպասելով վերին հրամանատարության պատասխանին, կարճ ժամանակահատվածում հասցնում է կազմավորել առանձին հատուկ նշանակության բրիգադը:

Մահմեդական զինված հրոսակախմբերի խռովությունները մոտենում էին Երևանին: Մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Զանգիբասարի շրջանը (ներկայիս Մասիսի շրջանը – Հ.Գ.) վերածվել էր թուրք զինախմբերի յուրօրինակ ռազմակայանի: Թուրք հրոսակախմբերը գրավում են Ուլուխանլու կայարանը և անվարան կոտորում մոտեցող գնացքների վագոններում գտնվող հայերին: Կայարանի գրավումով փաստորեն կտրվում է Կարս-Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղային ուղին: Հակառակ Արամի, Դրոյի և թուրք պատասխանատու գործիչների միջև կայացած վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնությանը` իրավիճակը մնում էր շատ բարդ ու անկառավարելի:

Այդ օրերին ինչպես Անդրկովկասյան Սեյմն ու կոմիսարիատը, այնպես եւ Հայոց Ազգային խորհուրդը պարբերաբար Հայաստանի տարբեր շրջաններից ստանում էին բազմաթիվ բողոք-հեռագրեր, որոնցում հայ բնակչությունը ցասումով հայտնում էր մահմեդական զինված խմբերի ու զորքի միջև տեղի ունեցած բախումների և հայկական բնակավայրերում ու հաղորդակցության հանգույցներում թուրք և քուրդ հրոսակախմբերի գործած վայրագությունների մասին:

Ռազմաճակատի բախտը, հետևաբար հայ ժողովրդի գոյության խնդիրը, մեծապես կախված էր նաև թիկունքում՝ Արարատյան աշխարհում ծավալվող իրադարձությունների հետագա ընթացքից: Հայաստանից Թիֆլիս առաքվող բազմաթիվ բողոք-հեռագրերի և հայ-թուրք բախումների արձագանքների հարկադրանքով Անդրկովկասյան կառավարությունը (կոմիսարիատ) տեղում ընդհարումների պատճառները ուսումնասիրելու ու համապատասխան վճիռներ կայացնելու նպատակով բարեհաճում է «հաշտարար դատավորների ու քննիչների» հանձնախումբ ուղարկել Երևան:

Շարունակելի

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


04/06/2015