Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՕՐ ՀՈՎՀ. ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ



Ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ Հովհ. Բաղրամյանի անվան զորավարժարանում այս օրերին իրենց գիտելիքներն ու գործնական հմտություններն են կատարելագործում ՀՀ ԶՈՒ տարբեր զորատեսակներ` մոտոհրաձիգներ ու կապավորներ, հրետանավորներ, ՀՕՊ-ի ստորաբաժանումներ ու տանկիստներ:

Մայիսի 26-ին զորավարժարանը վերածվել էր իսկական մարտադաշտի` ավտոմատների անվերջանալի ճարճատյուն, տանկերից ու հրանոթներից արձակված արկերի հզոր պայթյուններ, զենիթային ինքնագնաց կայանների ու ականանետների ականջ խլացնող զարկեր…


Շարքային Սարգիս Ավագյանը աշխատում է կրակի ղեկավարման սարքով: Դիտակետից հաղորդել են նշանակետի հեռավորությունն ու դիրեկցիոն անկյունը: Սարգիսը այդ տվյալները տեղադրելով ղեկավարման սարքի վրա՝ դուրս է բերում նշանակետի ուղղության տեղագրական հեռավորությունն ու շրջաբերը:


Թիվ 2 ուսումնական կետում նշանառու, շարքային Դավիթ Մինասյանը Կալաշնիկովի տանկային գնդացրի «Փամփուշտների լիցքավորում ձեռքով» վարժությունը կատարեց 55 վայրկյանում` արժանանալով գերազանց գնահատականի:


120 մմ ականանետային դիվիզիոնի առաջին ականանետային մարտկոցը հենց նոր ավարտեց մարտական հրաձգությունը: Լուսանկարում շարքայիններ Գրիգոր Շահբազյանն ու Նարեկ Օհանյանն են կապի միջոցները հավաքելիս:


Երկրորդ հաշվարկը` ականանետի հրամանատար, կրտսեր սերժանտ Գևորգ Թորոսյան, նշանառու Գևորգ Ղալիմյան, հաշվարկի համար, շարքային Հարություն Հախվերդյան, վարորդ, շարքային Ժորա Հակոբյան կազմով մարտական հրաձգությունից առաջ ականանետը բերում է մարտական վիճակի:


ՈՒսումնական զորամասի զինվոր, շարքային Արթուր Աղաքարյանը Կալաշնիկովի տանկային գնդացրի «Ոչ լրիվ քանդում» վարժությունը կատարեց 15 վայրկյանում, այսինքն՝ 12 վայրկյանով գերազանցեց սահմանված նորմացույցը, իսկ ահա «Հավաքում» վարժությունը նա կատարեց 30 վայրկյանում և ստացավ «լավ» գնահատական:

Լուսանկարում 57 մմ ավտոմատ զենիթային թնդանոթն է մարտական հրաձգության պահին: Հրաձգությանը մասնակցում են հակաօդային պաշտպանության ԱԶԹ-ի ապագա մասնագետներ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ Վարդան Ադամյանն ու Արա Կարապետյանը:


Զենիթային ինքնագնաց կայանը կոչված է ցածր բարձրություններում թռչող մինչև 2500 մ հեռավորության և 1500 մ բարձրության վրա օդային նշանակետեր, ինչպես նաև մինչև 2000 մ հեռավորության վրա վերգետնյա նշանակետեր ոչնչացնելու համար:
Համաձայն ՀՀ ԶՈՒ ցամաքային ՀՕՊ զորքերի հրաձգության կուրսերի՝ ԶԻԿ-ից մարտական նշանաձգության իր գործնական հմտություններն է կատարելագործում ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ, ջոկի հրամանատար Դավիթ Սահակյանը:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Ազգային բանակ


04/06/2015