Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ



Մայիսի 26-ն է: ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է գնդի կազմով մարտավարական զորավարժությունը` մարտական հրաձգությամբ: Ներգրավված են հյուսիսարևելյան ուղղության զորամասի զինծառայողները: Այստեղ են նաեւ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացների կուրսանտները` հրաձգությամբ ամփոփում են ուսումնառության վերջին փուլը: Նաեւ առաջին ստուգողական հրաձգությունն են կատարում ուսումնական զորամասերից մեկի զինվորները: Զրուցեցինք առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարած եւ լավագույնը ճանաչված զինծառայողների հետ:

ՄԵՍՐՈՊ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ.
«Պատրաստ ենք հենց այս պահին էլ դուրս գալու մարտադաշտ…»:

Վայրկյանաչափը միացված է: ՀՄՄ-1-ի նշանառու-օպերատոր Մեսրոպ Սողոմոնյանը խցիկում է: Կատարում է ՀՄՄ-1-ի հրանոթի լիցքավորում-լիցքաթափում ուսումնական նռնակով: Չեմ հասցնում աչքս թարթել, երբ նա ավարտում է: Արձանագրվում է 21 վայրկյան ցուցանիշը. գերազանց արդյունք է: Ես հրամանատարների դեմքից կռահում եմ, որ զարմացած չեն` ի տարբերություն ինձ. «Այդպես էլ պետք է լինի: Ուսումնական լսարանում օրը վեց ժամ պարապում են, Մեսրոպն էլ շնորհքով է` մինչ զորակոչվելը ՆԶՊ օլիմպիադաների է մասնակցել, հանրապետական փուլում զբաղեցրել մրցանակային տեղեր…»: Ահա եւ նա` գլուխը հանում է խցիկից: Մինչ հարցեր կուղղեմ, թույլտվություն եմ խնդրում եւ մի կերպ հայտնվում մարտական մեքենայում` նշանառու-օպերատորի աշխատանքային տեղում. ինչպե՞ս գրեմ գերազանցիկ զինվորի մասին, եթե «չեմ հագել նրա կոշիկը»: Նռնակը բավականին ծանր է, մի կերպ եմ պահում ձեռքումս, ինձ մանրամասն բացատրում են գործողությունների կատարման հաջորդականությունը, ես նույնիսկ դժվարանում եմ հիշել` որը որից հետո է: «Լավ զինվոր լինելը դժվար է»,-ասում եմ խցիկից դուրս գալով: Մեսրոպը համաձայն չէ. «Դժվար չէ, պարզապես աշխատատար է: Պետք է սիրես քեզ վստահված տեխնիկան: Եթե նույնիսկ քնած տեղից արթնացնեն, պարտականություններս կկարողանամ ասել` հինգ մատի պես գիտենալ ՀՄՄ-ի սարքերը, դիտասարքերը, հակատանկային ղեկավարվող հրթիռների հրանոթից եւ զուգակցված գնդացրից կրակի վարման կարգը, կարողանալ ջոկի հետիոտն գործելու դեպքում մշտապես աջակցել կրակով, հայտնաբերված նպատակակետերը ինքնուրույն կամ ջոկի հրամանատարի հրամանով ոչնչացնել, կարողանալ դասավորել զինամթերքը, աշխատել ռադիոկայանով, խոսակցության սարքերով՝ նույնպես, ՀՄՄ-ն կրակի տակից դուրս բերել մոտակա թաքստոց, օգնել մեխանիկ-վարորդին վերացնելու հայտնաբերված անսարքությունները եւ իմանալ ջոկի հրամանատարի պարտականությունները` հարկ եղած դեպքում նրան փոխարինելու համար»,- մի շնչով ասում, վերջացնում է զինվորը և ժպտում:

Ինձ կողքից հուշում են, որ Մեսրոպը այս զորավարժությունների ժամանակ արժանացել է հրամանատարության շնորհակալագրին, ճանաչվել ուսման առաջավոր: «Ամենակարեւորը, սակայն, դիպուկ կրակելն է,- քիչ անց շարունակում է զինվորը,-անհանգստանում էի, բայց նաեւ վստահ էի, որ կստացվի: Ներդրել էինք մեր ամբողջ ուժերը, ուստի եւ գերազանց արդյունք արձանագրեցինք. երեք արկ արձակեցինք եւ 50 փամփուշտ` զուգակցված գնդացիրից: Խոցեցինք թիրախները` տանկը, հրաձիգներին եւ նռնականետորդին: Մի խոսքով, պատրաստ ենք հենց այս պահին դուրս գալու իրական մարտադաշտ…»,- բավականին վստահ ասում է Մեսրոպը:

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ.
«Եթե զինվորը չի հոգնում, ուրեմն լավ չի ծառայում»:

-Մարտկոցի ականանետի հրամանատար Արման Խաչատրյան,- ներկայանում է զինվորը:

Նա է՝ առաջին իսկ կրակոցից 4500 մետր հեռավորության վրա տեղակայված նշանակետը խոցած հյուսիսարևելյան ուղղության զորամասի հայտնի սերժանտը: Աչքիս են զարնում կրտսեր հրամանատարի զինվորական կոշիկները` ծածկված զորավարժադաշտի դեղին փոշու հաստ շերտով: «Հավանաբար, ամբողջ օրվա ընթացքում ժամանակ էլ չի ունեցել հանգստանալու…»,- անցնում է մտքովս:

-Երեւի հոգնա՞ծ եք, հա՞…

-Գիտեք` զինվորը պիտի հոգնի, բնական է, եթե չի հոգնում, ուրեմն լավ չի ծառայում, իրեն խնայում է… 18 ամսվա զինծառայող եմ, երկրորդ անգամ եմ այստեղ, վարժված եմ… Քանի ամիս է` մեր չորս հոգանոց հաշվարկը աշխատում է, սովորում, սպասում այս կրակոցին, որը մեր մասնագիտական կարողությունների, գիտելիքների գնահատականն է: 120 մմ ականանետ կիրառեցինք: Կրակեցինք եւ 45 վայրկյան անշարժացած կանգնել, աչքներս չորս արած սրտատրոփ սպասում էինք` տեսնես խոցեցի՞նք նշանակետը, թե՞ ոչ: Լարված վայրկյաններ էին… Բայց արդյունքի համար արժեր ջանք ու եռանդ չխնայել:

Զինվորը ժպտում է, ուղղում սաղավարտը. նա գոհ է:

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ.
«Սպա դառնալուն 60 oրից էլ քիչ է մնացել»։

Ականջներս պինդ փակում եմ, որ չլսեմ «Շիլկա» զինատեսակից արձակված կրակոցի խլացնող ձայնը: «Վարպետանալու համար պիտի կրակես, այլ տարբերակ չկա,-կարճատեւ դադարի պահին ասում է փոխգնդապետ Բաբայանը` ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտակա զենիթային համալիրների շահագործման ամբիոնի ավագ դասախոսը, ապա պարզաբանում,- ԶԻԿ-23-4-ը կամ «Շիլկան» նախատեսված է ինչպես ՀՕՊ, այնպես էլ ցամաքային մարտերի համար, այն մեկ րոպեում 3400 կրակոց է կատարում»:

Հրաձգությունն ավարտված է, իրենց գերազանց են դրսեւորել մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներ Դավիթ Սահակյանն ու Արմեն Մկրտչյանը: Քիչ անց ծանոթանում եմ կուրսանտների հետ: Դավիթը նկարիչ-մանկավարժ է, Արմենը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, 60 օրից նրանք կհամալրեն զինված ուժերի սպայական կազմը:

«Առաջին մասնագիտությունս ընտրել եմ ծնողներիս խորհրդով: Այս մեկն իմ սրտով է: Դասախոսներս փոքր-ինչ թերահավատորեն ընդունեցին ինձ. հավանաբար մտածում էին` նկարչից ի՞նչ սպա: Բայց, արի ու տես, այսօր ես զորավարժադաշտում եմ, նույնիսկ կրակում եմ, այն էլ բավականին հաջող (ժպտում է): Կարծես ավելի ուժեղ եւ ինքնավստահ դարձա: Ոգեւորված եմ, մեկ էլ հավանաբար մի քանի օրից սպասվող հարսանիքիս այսպես հուզվեմ»,- անկեղծանում է Դավիթը:

Արմենը ՀՊՃՀ-ի մեքենաշինության ֆակուլտետի շրջանավարտ է, մեկ տարի էլ ծառայել է բանակում` որպես շարքային զինվոր. «Այդ մեկ տարին ինձ համար ուղենշային եղավ, հասկացա, որ ուզում եմ սպա դառնալ,- ասում է Արմենը,- այսօրվա զորավարժությունը փաստեց, որ որոշումս ճիշտ էր: Մեր առաջին դաշտային ելքն էր, առաջին անգամ տեխնիկան կիրառեցինք նման պայմաններում: Վերջապես սպա դարձանք»:

Շնորհավորում ենք, տղանե՛ր:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/06/2015