Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄԻՆ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ…



Սամվել Արշավիրի Մելքումյանի կենսագրությունը նման է շատ շատերի կենսագրությանը: Ծնվել է 1962թ. հունվարի 14-ին, Բերդ քաղաքում: Ավարտել է Բերդի թիվ 2 դպրոցը, զբաղվել սպորտով: Ծառայել է ԽՍՀՄ բանակում, զորացրվել է և աշխատել տեղի գործարանում՝ որպես բանվոր և դարձել ընտանիքի միակ թևն ու թիկունքը: Հետո ամուսնացել է, ծնվել է դուստրը, որին կոչել է մոր անունով` Հասմիկ:

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Սամվելի կենսագրությունն այլ ուղի մտավ:

Սամվելը չէր կարող զերծ մնալ կռիվներից, նա իրավունք էլ չուներ, չէ՞ որ հայրենիքի սահմաններին վտանգ էր սպառնում: Լինում էր ամենաթեժ կետերում: Կնոջն ու երեխային որոշ ժամանակով ուղարկել էր Երևան, իսկ Հասմիկ մայրիկին չկարողացավ համոզել. մայրը մնաց Բերդում, նա չէր կարող լքել իր մինուճարին ու իր հայրենի եզերքը: Սամվելն առաջին օրերին «Ադանա» ջոկատի կազմում էր, որը գլխավորում էր Անդրանիկ Ջուլհակյանը:

1993թ. հունվարի 4-ն էր, ցրտաշունչ ձմեռ: Մորը խնդրում է, որ գիշերն իրեն արթնացնի, շատ մտահոգ էր` անչափ կարևոր բարձունք պիտի գրավեին: Երբ գիշերը մարտական ընկերների հետ մեկնում էր, մայրը խնդրում է, որ մի կտոր հաց ուտեն, նոր գնան: Մոր սիրտը ճմլվում էր, կարծես նա զգում էր, որ վերջին անգամն է որդին տանը հաց ուտելու:

Սամվելը շատ երկար է նայում փոքրիկ Հասմիկին` ասես փորձում է պատկերը պահել աչքերի մեջ, հրաժեշտ է տալիս կնոջն ու մորը, գնում…

1993թ. հունվարի 5-ին Ներքին Կարմիրաղբյուրի Գնդվասակ բարձունքում, սահմանից այն կողմ, ընկավ Սամվելը: Ընկերները կրակոցների տակ դուրս բերեցին Սամվելի դին:

Առավոտյան մայրը լսեց գույժը.

-Սամվելս,- մեն մի հատիկ բառն արտասանեց, ու աշխարհն ասես փուլ եկավ…

Սամվելն ընկավ` դեռ նոր բոլորած 30 գարուն: Նրա զոհվելուց 4 ամիս անց ծնվեց երկրորդ աղջիկը, որին հոր պատվին անվանեցին Սամվելինե, բայց նա ընդամենը երեք ամիս ապրեց: Հունվարի 5-ը Սամվելի մոր` Հասմիկի համար մնաց սև շրջանակի մեջ:

Բայց ուժեղ էր Սամվելի մայրը, նա երկար տարիներ անծանոթ զինվորներին կանչում էր, կերակրում, շորերն էր լվանում` այդպես փորձելով փարատել որդու կորուստը: Հասմիկ մայրիկի միակ ցանկությունն է, որ ոչ մի մայր էլ չսգա, որդու կորուստ չունենա և միշտ լուռ աղոթում էր. «Աստված, պահպանիր մեր զինվորներին իրենց մայրերի և հզոր հայրենիքի համար…»:

Հիմա մայրը վստահ է, որ մենք ունենք հզոր ու մարտունակ բանակ, ու էլ ոչ մի թշնամի վտանգավոր չէ:

Մարգարիտա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զին. թանգարան
կապիտան

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Պատմության էջերից


11/06/2015