Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԻԿՈՒՆՔԻ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ



Հայ օգնության միության Դավիթաշենի «Էդիկ Մելքումյան» մասնաճյուղի ծրագրերում առաջնային տեղ են զբաղեցնում հայրենասիրական շեշտադրությամբ միջոցառումները: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ազատամարտիկների մեծարման երեկոներ, զոհված ազատամարտիկներին նվիրված հուշ-ցերեկույթներ, ուխտագնացություններ Արցախ աշխարհ, այցելություններ զորամասեր…

-Մեր գործունեության կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ սերնդին ռազմահայրենասիրական ոգով տոգորելն է,- ասում է Դավիթաշենի ՀՕՄ ատենապետուհին` եռանդուն, գործունյա, ասես հոգնություն չունեցող Սուսաննա Թովմասյանը:- Մայիսյան տոները որոշեցինք յուրօրինակ ձևով նշանավորել հայ զինվորների համար: Դիմեցինք «Սասնա ծռեր» ազատագրական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի անվան N 189 ավագ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանին, որպեսզի աշակերտներին հանձնարարվի նամակներ գրել մեր երկրի պաշտպաններին, ընդ որում` կամավոր, առանց պարտադրանքի: Նպատակը մեկն էր, որ դպրոցում սովորող երեխան հիշի մեր սահմաններին կանգնած զինվորներին, ինքն էլ իր հերթին պարտավորվածություն զգա, վաղն էլ ինքը նույն պատասխանատվությամբ կանգնի սահմանին ու ինքն էլ այդպես տնից հեռու զգա թիկունքի զորությունը, թիկունքի ջերմությունը:

Արդյունքը գերազանցեց սպասելիքները. բոլոր աշակերտներն էլ անխտիր նամակ գրեցին զինվորներին, ու մի քանի օրում դպրոցում տեղադրված արկղերը լցվեցին: Ի դեպ, նամակ-ծանրոցներում զինվորներին հղած աշակերտների սրտաբուխ խոսքերից բացի, տեղ էին գտել նաև քաղցրավենիք, փոքրիկ հուշանվերներ:

-Աշակերտուհիներից երկուսը բանակում ծառայող եղբայրներ ունեն: Նրանք էլ էին քաղցրավենիքով լի ծրարներ բերել, որ հանձնեինք եղբայրներին,- պատմում է տիկին Սուսաննան: – Երբ բացատրեցի, որ իրենց եղբայրների զորամաս չեմ գնում, նրանք մեծավարի ասացին. «Ոչինչ, զինվորը զինվոր է, բոլոր զինվորներն էլ մեր եղբայրներն են»:

Մի քանի օրից տիկին Սուսաննան նամակներով լի այս արկղերը կհասցնի զորամաս: Աշակերտների այս ջերմ նամակները կոգևորեն հայ զինվորին, նամակների ամեն տողից հարազատ օջախից եկած ջերմություն կզգան, ուշադրություն ու գնահատանք:

Ու հաստատ կծառայեն է՛լ ավելի նվիրումով, է՛լ ավելի գիտակցումով, է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ` թիկունքում բոլորն էլ հարազատ են:

Հատվածներ նամակներից.

♦♦♦

«Բարեւ, իմ անծանոթ բարեկամ, այնքան ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ թեկուզ նամակով շփվելու քեզ հետ: Ես երազում եմ զինվոր դառնալ ու հայրենիքս պաշտպանել: Հաճախ եմ մտովի տեղափոխվում քեզ մոտ, պատկերացնում, որ միասին անվախ կանգնած ենք թշնամու դեմ հանդիման: Եվ ես ոչնչից չեմ վախենում, քանի որ դու ինձ հետ ես, իմ կողքին…»:
ԱԼԲԵՐՏ

♦♦♦

«Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են ծնողներս հետևում լուրերին, և նկատում եմ, թե ինչպես են անհանգստանում, տագնապում, երբ մեր սահմաններում լարվածություն է նկատվում: Ես էլ հիմա ամեն օր հետևում եմ նորություններին, այնքան եմ ուզում, որ մեր զինվորների հետ ոչ մի վատ բան չպատահի»:
ՊՈՂՈՍ

♦♦♦

«…Գիտեմ՝ կան մարդիկ, որ խուսափում են հայրենիքին պարտքը տալուց, նրանք նույն կերպ ընդունակ են վաղն էլ խուսափելու շատ պատասխանատու գործերից: Մեր հայրենիքը ուժեղ է հենց քեզ նման տղաներով: Հիշի՛ր, որ այստեղ կա մեկը, որ ամեն օր աղոթում է քեզ համար»:
ԴԻԱՆԱ

♦♦♦

«Սիրելի՛ զինվոր, ուզում եմ, որ դու շատ-շատ մեդալներ ստանաս քո հերոսության համար: Դու արժանի ես»:
ԱՐՄԵՆ

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Բանակ և հասարակություն


11/06/2015