Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱ՜ՌՔ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԱՍՊԵՏԻՆ



Հայրենական մեծ պատերազմի վետերան հարյուրամյա Գուրգեն Ճուղուրյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի պատվավոր հյուրերից մեկն էր: Գուրգեն պապի շքանշանների կողքին ավելացել էր հոբելյանական կրծքանշանը:

-Սրանից հինգ տարի առաջ էի եղել Մոսկվայում` Հայրենականի 65-ամյակին: Այս անգամ զարմանքս և հիացմունքս առավել մեծ էր: Մայիսի 9-ին առավոտից Կարմիր հրապարակում մարդկանց հոծ բազմությունը, ժամանակակից ռազմական տեխնիկայի շարասյուներն ու զինվորական խմբերն ինձ կինոնկար էին հիշեցնում: Հպարտ էի, որ այդ խոշորագույն և պատմական իրադարձության «մեղավորներից»` միլիոններից մեկն էլ ես էի` փոքրիկ Հայաստանում, փոքրիկ քաղաքում ծնվածս:

– Ամենից շատ ինչի՞ց եք տպավորված:

-Իհարկե, ամեն ինչ շքեղ էր, զանգվածային, բազմամարդ, գունագեղ: Մոսկվան հրաշալի քաղաք է: Բայց ամենից շատ ես ազդված էի մարդկանց ջերմ ընդունելությունից: Նրանք գնահատում էին վետերաններիս սխրանքը և գլուխ խոնարհում մեր կրած տառապանքի առաջ: Մոտենում էին բոլորն անխտիր, ժպտում էին և շնորհավորում: Դա ամենամեծ պարգևն էր,- դողդոջուն ձեռքը դնում է կուրծքը զարդարող շքանշաններին ու շարունակում,- սրանցից հազար անգամ ավելի:

-Կարծեմ՝ Ձեր ճամփորդությունը միայն Մոսկվայով չի սահմանափակվել:

-Այո՛,- աշխուժանում է վետերանը,- Մոսկվայից ինձ ուղարկեցին Սոչի, որտեղ ինձ հրաշալի անակնկալ էր սպասվում: Ինձ տարան Սոչիի Վետերանների խորհրդի նախագահի` Ալեքսեյ Վասիլևիչի մոտ: Երբ ինձ տեսավ, տեղից վեր թռավ. հավատը չէր գալիս, որ հարյուր տարեկան եմ: Գրկեց, շնորհավորեց և համբուրեց: Իմ պատվին շատ հայտնի մարդիկ էին հավաքվել. նրանք եկել էին հայ վետերանին տեսնելու: Իսկ ամենահուզիչը կրծքանշանի հանձնման պահն էր: Վասիլևիչը շքեղ սկուտեղի վրայից վերցրեց այն, ամրացրեց կրծքիս: Մարդիկ ծափահարում էին, շնորհավորում, բայց ես լուռ էի, արտասվում էի, չէի կարողանում արցունքներս զսպել:

Գուրգեն պապը հանում է թաշկինակն ու սրբում աչքերը, բայց ձայնը կերկերուն չէ…

-Ես վաղուց այդպիսի ջերմություն չէի զգացել… Ասես կրկին այն երկրում էի ապրում, որտեղ ծնվել ու որի համար կռվել էի, որտեղ բոլորս հավասար քաղաքացի էինք, եղբայր էինք, ու ազգային խտրականություն չկար… Մեր ուժը դա էր, դրա շնորհիվ էլ պատերազմում հաղթեցինք,- ասում է վետերան ուսուցիչը:- Այս վերջին հոբելյանական մեդալը իմ հարյուրամյա կյանքի հանրագումարն է կարծես: Այն արդեն ինձ հարազատ է դարձել:

Ծերունին մատներով շոյում է շքանշանը, հետո ձեռքը բարձրացնում է ու կեսկատակ-կեսլուրջ ասում.

– Փա~ռք հարյուրամյա ասպետին:

-Փա~ռք հարյուրամյա ասպետին,- արդեն ոտքի վրա բարձրաձայն գոռում եմ ես:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


11/06/2015