ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Մայիսի 9-ին հայ զինծառայողները մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: 72 սպա ու զինվոր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածության մակարդակը: Ներկայացնում ենք զորահանդեսի մասնակիցներից մի քանիսի տպավորությունները այդ հիշարժան օրվա և դրան նախորդած նախապատրաստական ծանր շրջանի մասին:
Մոսկվա մեկնելուց երեք ամիս առաջ սկսվեց նախապատրաստական փուլը: Սկզբում զորամասերում, հետո «Արզնի» օդանավակայանի տարածքում հագեցած պարապմունքներ անցկացրինք: Ընթացքը շատ արդյունավետ էր, քանի որ ընտրել էինք Մոսկվայի Կարմիր հրապարակին հարաբերականորեն նման տարածք: Հիմնական տարբերությունն այն էր, որ մեզ մոտ բետոնե ծածկույթ էր, իսկ Մոսկվայում՝ սալահատակ, եւ այնտեղ անհարթությունները շատ էին, քայլելը` շատ ավելի դժվար: Մեկնելու երկրորդ օրը «Ալաբինո» զորավարժարանում տեղի ունեցավ ընդհանուր փորձ: Մեր պատվիրակությունը բարձր գնահատական ստացավ, ռուս գեներալները նշեցին, որ հայկական զորախումբը լավ պատրաստված է: Մնում էր համատեղել բոլորիս գործողությունները, կազմակերպել ներդաշնակումը մյուս զորախմբերի հետ: Բոլոր փորձերի ժամանակ մենք լավագույնս դրսևորեցինք մեզ: Եթե նշվել է առաջատար երեք զորախումբ, մեկը պարտադիր մենք ենք եղել: Ռուս գեներալները այսպես էին ասում՝ հայկական զորախումբը, ինչպես միշտ, լավագույններից է: Մայիսի 7-ի գլխավոր փորձից հետո մենք նվերներ ստացանք՝ որպես ամենալավ քայլողներ: Նման ուշադրությունը առավել քան ոգևորող էր, եթե հաշվի առնենք, որ հրավիրված տասը պետությունների զորախմբերը կա՛մ հատուկ նշանակության ստորաբաժանումներ էին, կա՛մ պատվո պահակախմբեր:
Մասնակից պետություններից միակն էինք, որ տարել էինք մարտական դրոշ՝ հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի դրոշը: Դա ցնցող տպավորություն թողեց բոլորի վրա: Գլխավոր փորձից հետո վետերանները, գործող զինվորականները, սովորական քաղաքացիները մոտենում, սեղմում էին ձեռքս, շնորհակալություն հայտնում, որ պատերազմով անցած դրոշ ենք տարել մեզ հետ: Այդ ամենը այնքան սրտաբուխ, այնքան հուզիչ էր, որ պարզապես հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել:
Փորձերի արանքում հերթական շարանցումից հետո ընդմիջում էր հայտարարվում, զորքը ազատ էր լինում: Մեր դրոշակակիրները սակայն չէին հասցնում հանգստանալ. օտարերկրյա զինվորականները, սովորական քաղաքացիներից շատերը գալիս էին, ուզում էին նկարվել ոչ միայն Թամանյան դիվիզիայի, այլ նաև ՀՀ պետական դրոշի ներքո: Վերաբերմունքը շատ ջերմ և տպավորիչ էր: Մեր զինվորներն ու սպաները իրոք լավ անցան, ես դա ասում եմ առաջին հերթին որպես մասնագետ, նոր միայն հայկական բանակի սպա: Հպարտանալու բազում առիթներ ունեցանք: Ընդ որում՝ դրանցից մեկի «մեղավորը» մենք չէինք: Զորահանդեսի վերջում, երբ բոլոր մասնակիցները, ամբողջ ռազմական տեխնիկան անցան հրապարակով, զինվորական նվագախումբը երգ կատարելով դուրս եկավ առաջին պլան, հայտարարվեց, որ երգի հեղինակն է կոմպոզիտոր Մովսիսյանը: Այդքան պետությունների շարքում հենց մեր հայրենակցի երգն էր ընտրվել: Այդքան լավ քայլելուց հետո այդպիսի անակնկալ, մեր ուրախությանը չափ չկար:
Շքերթը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի անցումը պլանավորված էր վայրկյան առ վայրկյան: Գերազանց արդյունքի հասնելու նպատակով մասնակիցների հանգստին, կենցաղային պայմաններին մեծ ուշադրություն էր դարձվում: Մեր զորախումբը տեղավորվել էր «Արխանգելսկոյե» առողջարանի տարածքում: Դա պատմամշակութային արժեք ներկայացնող տարածք է, եղել է իշխան Յուսուպովի նստավայրը: Փաստորեն, մենք ոչ միայն մասնակցեցինք շքերթին, այլև ծանոթացանք հիասքանչ պատմական վայրերի: Մարդիկ տոմս էին առնում, որ տեսնեն տարածքը, իսկ մենք այնտեղ էինք ապրում: Առողջարանն էլ նախատեսված է բարձրագույն սպայակազմի հանգստյան համար:
Տվյալ մասնաշենքում, որտեղ տեղավորվել էինք, նորոգումից հետո մենք առաջին այցելուներն էինք: Երկրորդ-երրորդ հարկերում մնում էին բելառուսները, չորրորդ-հինգերորդ հարկերում՝ մենք: Դա պատահական չէր: Ներքևի հարկերի նորոգումը կատարել էին բելառուսները, իսկ չորրորդ-հինգերորդինը՝ հայերը:
Մոսկվա մեկնած յուրաքանչյուր հայ զինծառայող, սպա կամ զինվոր չափազանց պարտավորված էր զգում իրեն: Մենք ցույց էինք տալիս մեր ազգը, մեր բանակը, մեր կարգապահությունը: Մեր պատրաստվածության շնորհիվ ամեն ինչ շատ լավ անցավ: Փորձերի ժամանակ դրսևորեցինք մեր կարողությունները: Զորահանդեսի ժամանակ էլ կարողացանք ճիշտ և անսխալ կատարել մեր առջև դրված խնդիրը, ցույց տալ մեր սովորածը, ամիսների տքնաջան պարապմունքների արդյունքը: Մեր և ռուսական շարային կանոնադրությունները նման են, մնում էր միայն պատրաստվածության աստիճանը կատարելագործել, հասնել լիակատար փոխըմբռնման: Դա մեզ հաջողվեց: Ընդ որում՝ հանդիպել ենք տարատեսակ շարային քայլի, հարմարվել բոլորին: Օրինակ՝ հնդիկներինը, չինացիներինը բոլորովին այլ է, նրանք, կարելի է ասել, ուղղակի քայլում են: Ամեն մեկից ինչ-որ բան սովորել ենք:
Մեր զինվորների քայլքը գնահատում եմ շատ լավ, բոլոր մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին գիտակցաբար և բարձր մակարդակով, առանց թերությունների: Դա առաջին հերթին մեր տղաների մարտական տրամադրվածության արդյունք էր: Լրացուցիչ խթան էր այն հանգամանքը, որ դիմացից քայլում էին մեր հակառակորդ երկրի ներկայացուցիչները: Դա պարտավորեցնում էր մեզ յուրաքանչյուր քայլ անել հստակ, հավասարակշռված, առանց բացթողումների, ինչն էլ տվեց իր պտուղները. մենք Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական մեդալներ և հուշանվերներ ստացանք:
Յուրաքանչյուր զինվորական կցանկանար մասնակցել այս զորահանդեսին: Պապիկիս հայրը մասնակցել է պատերազմին, ձախ ձեռքից վիրավորվել է եղել, պապիս մեծ եղբայրն էլ զոհվել է: Կարմիր հրապարակով անցնելիս ես նրանց եմ հիշել…
Ավագ սերժանտ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
շարքային ՍԵՐԳԵՅ ՍԻՄՈՆՅԱՆ
Շատ հետաքրքիր էին գիշերային փորձերը: Մոսկվան լրիվ կերպարանափոխվում է գիշերը՝ հատկապես, երբ 16-17 հազար զորք է կանգնած: Ակամայից պատկերացնում ես այն ժամանակները, երբ հզոր բանակները կռվել են իրար դեմ: Պատմություն կարդալը մի բան է, բայց երբ գտնվում ես այդ զորքի կենտրոնում, զգում ես այդ ուժը: Ահռելի պատասխանատվություն էր, բոլորս էլ դա գիտակցում էինք: Մինչև պարապմունքների համար նախատեսված վայր գնալը, մեր հյուրանոցի առջև պարապում էինք: Ամեն հնարավորություն օգտագործում էինք մեր շարային քայլքը կատարելագործելու համար, քանի որ մեր անցումով ցույց էինք տալու սեփական բանակի ուժը, մեր զգոնությունը, պատրաստվածությունը, ուզում էինք ասել, որ ոչ մեկին ոչնչով չենք զիջում: Ամենից շատ լարված էինք, իհարկե, շքերթի օրը, ահավոր մի զգացում էր՝ հանկարծ սխալ թույլ չտանք: Կարողացանք այդ մեծ լարվածությունը պատվով հաղթահարել: Հատկապես ուրախ էինք, որ մեր երկրի նախագահը ներկա էր և շատ գոհ մնաց մեզնից: Պատկերացրեք՝ ոգևորությունը այնքան մեծ էր, որ չէինք համբերում, ուզում էինք ռուսական անձնակազմի հետ միասին ողջունել զորահանդեսն ընդունող ՌԴ պաշտպանության նախարարին: Ընդունված կարգի համաձայն՝ նրան ողջունում էին միայն ռուսները: Եվ երբ այդքան զինվորական միանգամից «հուռա» է գոռում, մարմնովդ սարսուռ է անցնում: Մեզնից շատերն այդ պահին ցածրաձայն էին հուռա կանչում, որովհետեւ այդ էներգիան չէին կարողանում պահել իրենց մեջ: Պարզապես մենք զգում էինք հաղթանակի ուժը:
Քայլելու ընթացքում առաջինը հենց այս զգացողությունն էր առաջնորդում մեզ: Այն պահի գիտակցումը, որ հզոր մի բանի մասնակիցն ես, եւ քեզ են նայում քո հարազատները, ընկերները, երկրի նախագահն ու ամբողջ երկիրը:
Դա պատմական օր էր, որը մենք կհիշենք ամբողջ կյանքում:
Մենք ցույց տվեցինք, որ թեև փոքր պետություն ենք, բայց ուժեղ ենք:
Հավատացեք, երբ ամեն ինչ ավարտվեց, և համընդհանուր ուրախություն էր, ցնծություն, բոլորս ոչ մի րոպե ավելի չէինք ուզում այլեւս մնալ Մոսկվայում: Րոպե առաջ ուզում էինք վերադառնալ հայրենիք, կիսել մեր ուրախությունը մեր հարազատների, ծառայակից ընկերների հետ, ովքեր, վստահ ենք, հպարտությամբ, գուցեև արցունքն աչքերին հետևել են մեր հաղթական քայլերթին:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ազգային բանակ, Պատմության էջերից