ՀԵՔԻԱԹ
ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
«Լինում է, չի լինում, մի փոքրաթիվ և հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանա ծովից մինչև Միջերկրական, Բաղդադից մինչև Բյուզանդիա: Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստավոր, մտավորական, վաճառական, կալվածատեր, բանկիր, պետական բարձր պաշտոնատար, փողոցների կեղտը հավաքող, ծառա, ճորտ և այլն: Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները նրա սահմաններից դուրս, սիրաբորբոք սիրում են նրանց և Արևմտյան պետությունների մինիստրները, որովհետև այդ ժողովուրդն ուներ սև ու սիրուն աչքեր և տարածում էր կուլտուրա ողջ խավար Արևելքում: Սիրաբորբոք սիրուց մղված իր հարուստ ցեղակիցները և Արևմտյան մինիստրները հրում են այդ ժողովրդին դեպի կռիվ իր հարևանների դեմ, հարևաններ, որոնք տարբեր էին կրոնով, արյունով և կուլտուրայով, ունեին սուր և զրահ, զորք, ռազմատորմիղ և գերակշիռ թիվ: Լինում է, չի լինում, մեծ պատերազմ է լինում: Ողջ աշխարհը բռնում է վառոդի ծուխը, և արյան գետեր են հոսում: Հին այդ ժողովրդի ականջին գոռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները. «Եկել է ազատության ժամը, խփի՛ր քո հարևանին, խփի՛ր նրա մահիկին քո խաչով»: Հին այդ ժողովրդի սև ու սիրուն աչքերը փայլում են ազատության տենչից, սկսվում է անհավասար կռիվ, զարկում են, զարկվում, և հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր` իբրև կոշմարային հիշատակ:
Ապա գերագույն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները` ոսկորների և մոխիրների վրա:
Եվ երկնքից ընկնում է երեք խնձոր…»: