Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ



«Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»:
Գ. Զոհրապ

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
Մեծ եղեռնի զոհ

♦ Գրող, փաստաբան, քաղաքական գործիչ, լրագրող, պատգամավոր…

♦ Ծնվել է 1861 թ. հունիսի 26-ին, Ստամբուլում: Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է Մաքրուհյան, Թարգմանչաց և կաթոլիկ Լուսավորիչյան հայկական դպրոցներում: Ավարտել է Գալաթասարայի Սուլթանական դպրոցի (Mekteb-i Sultani) ինժեներական բաժինը` որպես ճանապարհների և կամուրջների ինժեներ: Առաջին հոդվածները հրապարակել է հայերեն «Լրագրում»:

♦ Առաջին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է օսմանյան պատգամավորների պալատի պատգամավոր:

♦ 1912 թ. երկրորդ խորհրդարանական ընտրություններում կրկին պատգամավոր է ընտրվել:

♦ Աբդուլհամիդյան բռնատիրության պայմաններում շահել է դժվարին և վտանգավոր դատավարություններ` համարվելով աբդուլհամիդյան ռեժիմի թշնամի: Աբդուլհամիդյան բռնակալության վերջին տարիներին Զոհրապին արգելել են զբաղվել փաստաբանությամբ:

♦ Քաղաքական գործիչ Զոհրապը պաշտպանում էր տարբեր ինքնությունները օսմանականության հիմքով համախմբելու թեզը: Հատկապես պայքարում էր հայերի և թուրքերի եղբայրության համար: Այդ իսկ պատճառով իրեն բնորոշում էր և՛ որպես հայ, և՛ որպես օսմանցի:

♦ 1908 թ. հուլիսի 31-ին Օսմանյան սահմանադրության ակումբի անունից թուրքերեն դիմել է Թաքսիմի քաղաքապետարանի այգում հավաքված 10 հազարանոց հասարակությանը: Ելույթն սկսելով «Օ՜, ազատ օսմանցինե՛ր, ազատ քաղաքացինե՛ր» կոչով` եզրափակել է հետևյալ խոսքերով. «Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»:

♦ Քաղաքական գործիչ Զոհրապը օսմանյան պատգամավորների պալատի ամենաակտիվ «սոցիալիստ» պատգամավորներից էր, հայտնի էր իր ազդեցիկ ելույթներով: Ոչ միայն բարձրաձայնում էր հայ համայնքի խնդիրները, այլև աշխատում էր ողջ օսմանյան հասարակության և պետական կառուցվածքի արդիականացման համար:

♦ 1915 թ. ապրիլի 24-ին 250 հայ մտավորականներ ձերբակալվում և տեղահանվում են Չանքըրը և Այաշ: Ապրիլի 28-ին ձերբակալությունները դադարեցնելու համար Զոհրապը գրավոր դիմում է Թալեաթ փաշային: Կարող էր փախչել և կյանքը փրկել, սակայն մինչև վերջին պահը հույս ուներ, որ կարող է ինչ-որ բան անել:

♦ 1915 թ. մայիսի 20-ին հերթը հասնում է նաև նրան: Էրզրումի պատգամավոր Վարդգես Սերենգյուլյանի հետ ձերբակալվում և ուղարկվում է Դիարբեքիր:

♦ 1915 թ. հուլիսի 15-ին ճանապարհին կնոջը` Կլարային ուղղված նամակում գրում է. «Սիրելի՛ս, միա՛կս, արդեն մեզ համար սկսվում է վերջին արարը: Այլևս ուժ չունեմ: Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն այն է, որ միշտ իրար սիրեն, քեզ մեծարեն ու պաշտեն, չվշտանան ու ինձ էլ հիշեն»։

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Հոգևոր-մշակութային


11/06/2015