ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ Է
Էրդողանը զրոյացրեց «Զրո խնդիրներ հարեւանների հետ» ծրագիրը
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: «Հայ զինվորի» խնդրանքով կատարվածի արդյունքներն է ամփոփում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:
-Պարոն Չաքրյան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 40.8 % ձայն եւ առաջին անգամ մեծամասնություն չի կազմում: Կարելի՞ է այս արդյունքը համարել իսլամիստների պարտություն:
-Ըստ երևույթին՝ սա ոչ այնքան իսլամիստների պարտությունն է, որքան նախագահ Էրդողանինը, քանի որ նա ամեն կերպ ջանում էր կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի: Սա նաեւ կուսակցության պարտությունն է, որովհետեւ առաջին անգամ զրկվեցին միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորությունից: Պատճառները բազմազան են. նախ՝ այն, որ նրանք աջակցում են Իրաքում եւ Սիրիայում գործող ջիհադական ահաբեկիչներին, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես եւ ԱՄՆ-ը, պայքարում են ջիհադականների դեմ: Հենց այս հակասությունն էլ փչացրեց հարաբերությունները դաշնակիցների հետ: Եվրամիությանն անդամակցելու հարցը սառեցված է: Էրդողանը զրոյացրել է հարաբերությունները հարեւան բոլոր երկրների հետ, մինչդեռ իշխանության գալու պահին առաջ էր քաշում «Զրո խնդիրներ հարևանների հետ» ծրագիրը: Այսօր Թուրքիան մեկուսացման մեջ է, արտաքին հարաբերություններում հարևան երկրների հետ լուրջ խնդիրներ ունի, օրինակ` Սիրիայում դեսպանություն չունի, Իսրայելում՝ նույնպես, Եգիպտոսում չունի, Իրաքի և Իրանի հետ հարաբերություններն էլ բավականին լարված են: Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները առեւտուր էին անում այդ երկրների հետ կամ վերջիններիս միջոցով կարողանում էին բեռնատարներով դուրս գալ արաբական աշխարհ: Հիմա դրանից էլ զրկվեցին, եւ բնակչությունը հայտնվեց ծանր կացության մեջ: Գործազուրկների թիվը աճեց՝ հասնելով մինչեւ 6 միլիոն 2 հարյուր հազարի, աղքատության մեջ է հայտնվել 17 միլիոն մարդ: Այս ամենը չէր կարող անհետեւանք անցնել, ուստի համակիրների թիվը կրճատվեց:
-Թուրքիայի եւ տարածաշրջանի երկրների համար ինչպիսի՞ քաղաքական իրավիճակներով է հղի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հաղթանակը՝ 13.1 %-ը:
-Թեեւ ասում են, որ կուսակցությունը քրդական է, բայց իրականում այդպես չէ: Այն ներկայացնում է ոչ միայն քրդերին, այլեւ պաշտպանում է չերքեզների, լազերի, հայերի, ալավիների շահերը: Բնական է, որ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները պիտի աջակցեին կուսակցությանը եւ աջակցեցին: Մտածում էին, որ 10 %-ի շեմը հազիվ հաղթահարեն, բայց արդյունքը գերազանցեց ակնկալիքները: Պետք է նշեմ՝ կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը լավ իմանալով, որ քվեներ կկորցնի, ապրիլի 24-ին հայտարարել էր՝ եթե իրենք իշխանության գան, ապա Թուրքիան անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե իշխանության գային, գուցե ազդեին տարածաշրջանի քաղաքականության վրա, իսկ այս պարագայում առողջ, կառուցողական ընդդիմության դեր կկատարեն:
-Ընտրությունների արդյունքներով՝ վերջին կես դարի ընթացքում առաջին անգամ Թուրքիայի Ազգային ժողով երեք հայ պատգամավոր է անցել: Որոշ մարդիկ հույս են փայփայում, թե նրանք կկարողանան Հայկական հարցի շուրջ ինչ-ինչ քայլեր ձեռնարկել: Արդարացվա՞ծ են արդյոք նման սպասելիքները:
-Չեմ կարծում, թե այդ պատգամավորներից ինչ-որ բան է կախված, քանի որ երեքն էլ տարբեր կուսակցություններ են ներկայացնում` նույնիսկ հակադիր: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի մանդատ ստացավ հայազգի լրագրող Մարգար Եսայանը, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից` Գարո Պալյանը, իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ Սելինա Դողանը: Կարծում եմ՝ նրանք չեն շեղվի կուսակցության որդեգրած քաղաքական գծից:
-Իսկ ի՞նչ կասեք հայտնի ազգայնական կուսակցության՝ «Վաթանի» (Հայրենիք) հավաքած աննշան` 0.35 % ձայների մասին: Արդյոք սա թուրք ժողովրդի վերաբերմո՞ւնքն է ազգայնականության հանդեպ:
-Չէի ասի, թե այս ցուցանիշը արտահայտում է թուրք ժողովրդի վերաբերմունքը ազգայնականության հանդեպ, քանի որ «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 16.03 %-ը, ինչը 2 %-ով գերազանցում է անցած ընտրությունների ցուցանիշը: «Վաթան» կուսակցության ձախողումը պայմանավորված է առաջնորդի անձով. հակահայ գործիչ Դողու Փերինչեքը սերտ կապեր ունի Թուրքիայի ազգային անվտանգության մարմինների հետ, ինչը բնավ էլ ընտրողների սրտով չէ:
Զրուցեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան