ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ
2010 թ. սկսած՝ Երևանի տարբեր գիտական և կրթական հաստատությունների գիտաշխատողներ և դասախոսներ ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության, ինպես նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում պարբերաբար այցելում են պաշտպանության բանակի տարբեր զորամասեր ու հանդես են գալիս տարաբնույթ դասախոսություններով: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդինն է (նախագահ Գեղամ Հարությունյան):
2015 թ. մայիսի 30-ին մասնագետների խումբը մեկնեց Արցախ: Նրանց ընդունեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հարկ ենք համարում նշել, որ նախարարը գրեթե բոլոր այցերի ժամանակ հնարավորության սահմաններում պարտադիր հանդիպում և հանգամանալից զրուցում է դասախոսական անձնակազմի հետ՝ ներկայացնելով պաշտպանության բանակի ձեռքբերումները, ինչպես նաև կատարվող պաշտպանական աշխատանքները: Այս անգամ ևս Մ. Հակոբյանը բավականին հանգամանալից զրույց ունեցավ դասախոսական անձնակազմի հետ և մանրամասն ներկայացրեց հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծում ստեղծված իրադրությունը:Նախարարը փաստեց, որ պաշտպանության բանակի հետախուզական ծառայությունների տքնաջան և ամենօրյա աշխատանքի շնորհիվ ԼՂՀ զինված ուժերը 2015 թ. սկզբից կարողացել է կասեցնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումների գործողությունները: Նրա կարծիքով՝ եթե հակառակորդը մոտ մեկ ամիս է, ինչ որևէ հարձակողական գործողություն չի նախաձեռնում, ապա հետևյալ հանգամանքներից ելնելով.
1. Հայկական կողմի համարժեք (հաճախ նաեւ՝ ոչ համարժեք) պատասխանով,
2. Պաշտպանական ամրությունների՝ տեխնիկական հատուկ միջոցներով հագեցվածությամբ (որոնք հնարավորություն են տալիս վաղօրոք տեղեկանալ հակառակորդի գործողությունների մասին),
3. Բաքվում կայանալիք միջազգային սպորտային միջոցառման նախապատրաստությամբ:
Նա միաժամանակ փաստեց, որ տեխնիկական միջոցների (տարաբնույթ ժամանակակից համակարգերի) շնորհիվ հնարավոր կլինի նախօրոք տեղեկանալ հակառակորդի նախապատրաստվող հարձակողական գործողության մասին:
Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը շեշտեց, որ դասախոսություններն ունեն նաև բարոյահոգեբանական նշանակություն: Դիրքերում ամենօրյա ծառայության մեջ զինվորն ու սպան տեսնում և զգում են, որ հասարակությունն իր հետ է, մտածում է իր մասին:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նույնպես կարևորեց դասախոսական կազմի այցելությունը ՊԲ զորամասեր, որի միջոցով գործնականում ամրապնդվում է հասարակություն – բանակ կապը: Նա կարևորեց 2014 թ. օգոստոսյան դեպքերի օրերին հոգու կանչով դիրքեր մեկնած և զինվորների հետ խրամատներում հերթապահություն կատարած Արցախյան ազատամարտի մասնակից-վետերանների ոգեւորիչ եւ գոտեպնդող քայլը, որ միասնականության ամենավառ ապացույցն է:Ժամանելով զորամաս՝ Ս. Գևորգ եկեղեցու մոտ անակնկալ հանդիպում ունեցանք: Զորամաս էին եկել Մարտակերտի թվի 1 դպրոցի և մանկապարտեզի երեխաները: Պետք էր տեսնել, թե ինչպիսի խանդավառությամբ երեխաները «ներխուժեցին» զինվորների կուռ զորաշարքերի մեջ: Քիչ անց զինվորական շարահրապարակը զարդարված էր երեխաների ուրախ եւ կենսախինդ գույնզգույն կավճանկարներով:
Դասախոսությունից հետո զրուցեցինք մի խումբ զինծառայողների հետ: Մայոր Հ. Սարգսյանը ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ներկայացրեց վերջին զորավարժություններին գնդի մասնակցությունը՝ նշելով, որ գունդը ցուցադրել է կրակային բարձր պատրաստություն և արժանացել «գերազանց» գնահատականի: Նա մի հետաքրքիր և կարևոր փաստ հաղորդեց` ասելով, որ շատ է այն զինվորների թիվը, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինել սպային, ինչպես, օրինակ, սերժանտ Հրանտ Օհանջանյանը: Այս փաստը վկայում է հայ զինվորի կրթական և զինվորական բարձր պատրաստականության մասին:
Մեզ հետաքրքրում էր, թե ինչ կարծիքի են զինվորները մեր դասախոսությունների մասին: Եվ նրանք, մեր այցելություններն անհրաժեշտ և կարևոր համարելով, նշեցին, որ ցանկալի կլիներ, որ դասախոսություններն ուղեկցվեին համապատասխան դիդակտիկ նյութերով և ֆիլմերով: Ըստ զինվորների՝ դասախոսություններն առավել արդյունավետ կլինեն, եթե վարվեն առանձին խմբերով, և դասախոսներն էլ զորամաս գան ոչ թե մեկ, այլ մի քանի օրով:
Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր