Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ



Պարզաբանում է ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

-Պարոն Սիմոնյան, Ազգային ժողովում շրջանառվում են պաշտպանական համակարգին առնչվող մի շարք օրինագծեր, որոնց մի մասն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մեր այս զրույցը նպատակ ունի զինծառայողներին և, առհասարակ, լայն հասարակայնությանը իրազեկելու, թե սպասվող օրենսդրական փոփոխությունները ի՞նչ են փոխելու իրենց կյանքում: Ուզում եմ առաջին հերթին անդրադառնանք «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

-Օրենսդրական փոփոխությունների շրջանակում մշակվել և շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է առաջնագծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կրկնակի չափով հաշվարկել զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակի համար անհրաժեշտ օրացույցային ստաժը լրանալու դեպքում:

-Պարոն գնդապետ, խնդրում եմ ավելի մատչելի բացատրեք՝ օրենքը ի՞նչ կտա առաջնագծում ծառայող զինվորականին:

-20 տարի ծառայելուց հետո հետագա ժամանակահատվածը գումարվում է ստաժին կրկնապատկված ձևով: Նույն օրենքով սահմանվում է կենսաթոշակի ձևավորման կարգը, ներառվում է նաև զինծառայողի ընդհանուր ստաժը և զինծառայության յուրաքանչյուր տարվա ստաժը:

-Լրացուցիչ տարիները լրացուցիչ գումա՞ր են, այո՞:

-Այո՛, կրկնապատկված ստաժը լրացուցիչ գումար է:

-Պարոն Սիմոնյան, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ: Եվ ես ուզում եմ, որ խոսենք պայմանագրային սերժանտների ինստիտուտի մասին: Սա նոր ձևավորվող կառույց է, ընդամենը 3 տարվա պատմություն ունի, մինչդեռ արևմտյան երկրների բանակներում այս ինստիտուտին լուրջ դերակատարում է վերապահված:

-Օրենքը նախատեսում է պրոֆեսիոնալ պայմանագրային սերժանտական կազմի ամրապնդումը զինված ուժերում: Առաջին անգամ ձևավորվել են նոր սերժանտական պաշտոններ` գնդի (բրիգադի) սերժանտ, գումարտակի (դիվիզիոնի) սերժանտ:

-Այս մասին երկար ժամանակ խոսվում էր: Սերժանտական նոր պաշտոնները ջոկի, դասակի, վաշտի սերժանտի համար լավ ծառայելու խթան կդառնան՝ որպես առաջխաղացման նոր հնարավորություն: Քանի որ գնդի, գումարտակի սերժանտը նոր պաշտոն է, լավ չեմ պատկերացնում, թե կարգավիճակով զինվորական ո՞ր պաշտոնին է համապատասխան:

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև այդ պաշտոնները անհամեմատելի են: Գնդի սերժանտը ենթարկվում է գնդի հրամանատարին: Սահմանված են գնդի և գումարտակի սերժանտների ծառայողական պարտականությունները, և հստակեցված է պատասխանատվության շրջանակը:

-Իսկ ո՞վ կարող է դառնալ գումարտակի կամ գնդի սերժանտ:

-Նախատեսվում է կազմակերպել հատուկ դասընթացներ, որոնց ընթացքում կպատրաստվեն գումարտակի և գնդի սերժանտներ: Նրանք կարող են լինել պահեստազորից եկած քաղաքացիներ, պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորներ, որոնք ծառայել են ավելի քան մեկ տարի 6 ամիս: Նախապատվությունը կտրվի ջոկի, դասակի, վաշտի պայմանագրային սերժանտներին, որոնք արդեն ունեն որոշակի փորձառություն: Իրոք, արևմտյան երկրներում սերժանտական ինստիտուտը բավականին զարգացած է, և Արևելյան Եվրոպայի երկրները տեղայնացնում են այդ փորձը:

-Ինչո՞ւ են համակցվել «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայության մասին» օրենքները:

-Մշակվել և կառավարությանն է ներկայացվել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փոխարինելու է Ձեր նշած երկու օրենքներին: Սկզբունքը հետևյալն է` զինապարտության համակարգը ներառում է այս երկու օրենքներով սահմանված միասնական գործընթաց` զինվորական հաշվառում, պարտադիր զինվորական ծառայություն, կամավորության վրա հենված պայմանագրային ծառայություն և պահեստազորային համակարգ: Օրենքը մեկ ամբողջականության մեջ ապահովում է ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու ՀՀ քաղաքացիների պարտավորությունը: «Զինապարտության մասին» օրենքը գործում է 1998 թվականից և բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել այդ ընթացքում: Հարաբերությունների զարգացումներին համահունչ` փոխվել են տերմիններ, նորմեր` կապված պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների, տարկետումների իրավունքի իրացման հետ:

-Կարո՞ղ եք մի քանի օրինակ նշել:

-Օրինակ` սահմանվել են՝ ով կարող է կոչվել միայնակ ծնող, ով կարող է կոչվել ծնողազուրկ և այլն: Հստակեցվել և ամբողջականացվել են զորակոչային հանձնաժողովների գործառույթները: Զինվորական ծառայության կազմակերպման շրջանակներում առաջին անգամ առանձնացվել են պարտադիր զինվորական ծառայությունը և պայմանագրային զինվորական ծառայությունը: Շատ հարաբերություններ, որոնք նախկինում կարգավորվել են պաշտպանության նախարարի հրամաններով, ըստ նախագծի՝ կարգավորվելու են օրենքով: Փոփոխություններ են կրել պահեստազորային համակարգի կազմակերպման հետ կապված հարաբերությունները, որոնք թերի են կարգավորված «Զինապարտության մասին» գործող օրենքով: Նշված օրենքի նախագծում բազմաթիվ հարցեր կարգավորվել են հաշվի առնելով մարդու իրավունքի պաշտպանության հարցերով զբաղվող մարմինների և կազմակերպությունների առաջարկները:

-«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով հետաքրքրված են բազմաթիվ զինծառայողներ: Օրենքում ի՞նչ փոփոխություններ-լրացումներ են սպասվում:

-«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն` նախատեսվում է ՊՆ համակարգում հաստիքների կրճատման և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում զինծառայության հաստիքները քաղաքացիական հատուկ ծառայության հաստիքների փոխելու դեպքում արտամրցութային կարգով պաշտոնի նշանակելիս պահպանել զինծառայության ընթացքում ստացած դրամական ապահովության չափը, եթե քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի դրամական ապահովագրության չափը պակաս է նախկին պաշտոնում ստացածից:

-Ազգային ժողովում քննարկման է դրված «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ի՞նչ փոփոխություններ են արվել օրենքում:

-Նախատեսվում է առաջնագծում մարտական հերթապահության ընթացքում վիրավորված, խեղված անձանց (կամ վիրավորման ու խեղման հետևանքով առաջացած հիվանդություններով անձանց) բուժումը նաև օտարերկրյա բուժհաստատություններում կատարել պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե ՀՀ տարածքում համապատասխան որակյալ բուժգնություն հնարավոր չէ տրամադրել: Նախատեսվում է հատուցել բուժման, ճանապարհի և կեցության ծախսերը, այդ թվում՝ ուղեկցող ընտանիքի անդամի ճանապարհածախսը և արտերկրում կեցության համար անհրաժեշտ գումարը:

-Խնդրում եմ համառոտ պարզաբանեք «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը:

-Նպատակը զորամասերի, ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև ՊՆ անմիջական ենթակայությամբ գործող մշակութային, տեղեկատվական ստորաբաժանումների կազմակերպական, իրավական տեսակը սահմանելն է: Օրենսդրորեն սահմանվել են այդ մարմինների գործունեության իրավական հիմքերը:

-Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ պարզաբանումների համար: Այսուհետ ևս մենք պարբերաբար կներկայացնենք պաշտպանական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները, կիրազեկենք մեր ընթերցողներին օրենքների մասին, այդպիսով կօգնենք պաշտպանել իրենց իրավունքները:

Հ.Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր տպագրության, տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/06/2015