ԲՐԵՍՏԻ ԱՄՐՈՑԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ես մահանում եմ, սակայն չեմ հանձնվում: Մնաս բարով, Հայրենիք 20.VII.41թ.»:
Հայրենական մեծ պատերազմի հենց առաջին օրը՝ 1941թ. հունիսի 22-ին, սկսվեց ԽՍՀՄ արևմտյան սահմանին գտնվող Բրեստ քաղաք-ամրոցի պաշտպանությունը, որը պատմության մեջ մտավ որպես Բրեստի հերոսական պաշտպանություն և դարձավ Մեծ հայրենականի ամենանշանավոր հերոսամարտերից մեկը:
Բրեստ քաղաքը գտնվում է Բելառուսում: Բրեստ քաղաքը և 19-րդ դարի առաջին կեսին կառուցված Բրեստ ամրոցը Խորհրդային Միության կազմում ընդգրկվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939թ. սեպտեմբերի 22-ին: Մինչև Հայրենական պատերազմի սկիզբը, այդ քաղաք-ամրոցում շուրջ 30 ազգերի ներկայացուցիչների հետ զինվորական ծառայության էին նաև ավելի քան 200 հայազգի սպաներ և շարքայիններ, որոնք հիմնականում Կապան քաղաքից կամավոր Կարմիր բանակ մեկնած հանքափոր բանվորներ, ինժեներներ և ուսուցիչներ էին:
1941թ. հունիսի 22-ի լուսադեմին ֆաշիստական հրանոթները կրակ բացեցին ամրոցի վրա, և երկնքում սկսեցին պտտվել գերմանական ռմբակոծիչները: Սկսվեց Մեծ հայրենական պատերազմը: Պատերազմի առաջին իսկ հրեշավոր առավոտը հարյուրավոր կանայք, երեխաներ, զինծառայողներ, չհասցնելով արթնանալ, զոհվեցին՝ մնալով փլատակների տակ:
Թեպետ ամրոցը՝ որպես պաշտպանական կառույց, կորցրել էր իր նշանակությունը, սակայն կարևոր էր նրա աշխարհագրական դիրքը: Այստեղով էին անցնում խճուղային և երկաթուղային մայրուղիները, որոնք տանում էին Մինսկ և այնուհետև Խորհրդային Միության մայրաքաղաք` Մոսկվա: Այդ իսկ պատճառով ամրոցը և Բրեստ քաղաքը հայտնվեցին ֆաշիստական բանակի «Կենտրոն» խմբավորումների գլխավոր հարվածի տակ:
Հանկարծակի հարձակման արդյունքում Բրեստի ամրոցի կայազորը հայտնվեց Կարմիր բանակի հիմնական ուժերից կտրված վիճակում: Հիտլերական զորքերի հրամանատարությունը պլանավորել էր ամրոցը գրավել առաջին օրը, սակայն ներխուժելով ամրոցի տարածք՝ հիտլերականները հանդիպեցին ամրոցի պաշտպանների կատաղի դիմադրությանը: Սկսվեցին ծանր և երկարատև մարտերը: Օր ու գիշեր թշնամին ռմբակոծում և գնդակոծում էր ամրոցը՝ փորձելով նորից ու նորից գրոհել: Ամրոցում չկար ջուր, վերջանում էին զինամթերքն ու պարենը, սակայն ամրոցի պաշտպանները չէին հանձնվում: «Կռվի 5-րդ օրն էր: Ա՜խ այդ ծարավը, մի բաժակ ջրի համար պատրաստ էինք նույնքան արյուն տալ»,- հիշում էր 84-րդ գնդի 5-րդ վաշտի դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Սոս Նուրիջանյանը, որը հունիսի 22-ին հերթապահում էր զորանոցում: Նույնիսկ մնալով մեն մենակ թշնամու դեմ, քաջերը պայքարում էին մինչև վերջին շունչը: Երևի այդ պահերին էին ամրոցի պատերին հայտնվում հրաժեշտի գրառումները: Երբ 1944թ. հուլիսի 28-ին խորհրդային զորքերը ազատագրեցին Բրեստի ամրոցը՝ զորանոցներից մեկի այրված աղյուսների վրա գտնվեց ամրոցի վերջին պաշտպաններից մեկի անանուն գրառումը. «Ես մահանում եմ, սակայն չեմ հանձնվում: Մնաս բարով, Հայրենիք 20.VII.41թ.»:
Կարմիր բանակը նահանջում էր, Բրեստը մնացել էր թշնամու խոր թիկունքում, չնայած դրան՝ ամրոցի պաշտպանները շարունակում էին մարտնչել: Օրեցօր նոսրանում էին պաշտպանների շարքերը: Համարյա բոլորը զոհվեցին կամ ծանր վիրավորվելով՝ անգիտակից վիճակում գերեվարվեցին: Բրեստի ամրոցի վերջին պաշտպանը՝ 44-րդ գնդի հրամանատար, մայոր Գավրիլովը, գերվեց 1941թ. հուլիսի 21-ին՝ վերջին նռնակը թշնամու վրա նետելուց հետո: Այդ օրն էլ համարվեց Բրեստի ամրոցի անկման ու հավերժ հերոսացման օր:
Բրեստի պաշտպանությունը տևեց ուղիղ մեկ ամիս: Բրեստի ամրոցում խիզախաբար մարտնչեցին ու զոհվեցին Գեդեոն Ավագյանը, Վահան Գրիգորյանը, Մխիթար Նուրիջանյանը, Շմավոն Դավթյանը, Հրաչիկ Բախշյանը, Թավադի Բաղդասարյանը, Գրիշա Ծատրյանը, Խորեն Գևորգյանը, Խաչիկ Հարությունյանը, Աշոտ Բաբալարյանը, Սուրեն Գևորգյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հայկանի Մեսրոպյանը, Աշոտ Նավասարդյանը և մյուսները (միայն կապանցի պաշտպաններից 56-ն ընկան հերոսի մահով):
Բրեստի ամրոցի հերոսական պատմությունը հայտնի դարձավ պատերազմի ավարտից հետո միայն: Այդ մասին պատմեցին գերի ընկածները, որոնց բախտը ժպտաց, և որոնց հաջողվեց համակենտրոնացման ճամբարներից փախուստի դիմելով միանալ Կարմիր բանակին և շարունակել պատերազմը ֆաշիստական զավթիչների դեմ: Այդ քաջերից էին Սամվել Մաթևոսյանը և Սոս Նուրիջանյանը:
Ամրոցի պաշտպանների առաջին հակագրոհի հրամանատարությունը հանձնարարվել էր 84-րդ գնդի կոմերիտական կազմակերպության քարտուղար Սամվել Մաթևոսյանին, որի ջոկը հենց ամրոցի կենտրոնում ոչնչացրեց ֆաշիստական ավտոմատավորների ջոկատը: Հերթական հակագրոհի ժամանակ Մաթևոսյանը ծանր վիրավորվում է, և նրան տեղափոխում են նկուղ: 1941թ. հուլիսի 5-ին նա գերեվարվում է:
Սոս Նուրիջանյանի դասակին հրամայված էր պաշտպանել միջնաբերդի հարավարևմտյան դարպասը: 40 հոգուց բաղկացած դասակից առաջին մարտերից հետո մնացել էր ընդամենը 15 զինվոր: Ս.Նուրիջանյանը ևս, վիրավորվելով մարտերից մեկում, գերեվարվում է 1941թ. հուլիսի 16-ին, սակայն Մաթևոսյանին և Նուրիջանյանին մի քանի ընկերների հետ 1941թ. աշնանը հաջողվում է փախչել գերիների ճամբարից: Այստեղ նրանց ճանապարհները բաժանվում են: 1941թ. դեկտեմբերի 27-ին, անցնելով սառցապատ Ազովի ծովը, Ս. Նուրիջանյանը 142-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցում է Սևաստոպոլի հերոսական պաշտպանությանը, որտեղ նա ցնցակաթված ստանալով, նորից գերեվարվում է: 1943թ. նորից դիմում է փախուստի և միանում Ֆրանսիայում գործող 1-ին խորհրդային հայկական պարտիզանական գնդին, որի կազմում մասնակցում է Հարավային Ֆրանսիայի Ֆլորակ, Մանդ, Ալես, Նիմ քաղաքների, ինչպես նաև տասնյակ այլ բնակավայրերի ազատագրմանը: Ս.Նուրիջանյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և ֆրանսիայի պետական պարգևներով:
Սամվել Մաթևոսյանը միանում է Բելառուսում և Ուկրաինայում գործող պարտիզանական ջոկատներին և մարտերից մեկում նորից վիրավորվում: Մի գյուղացու ընտանիքում փոքր-ինչ ապաքինվելով՝ նա ստիպված է լինում փախչել Լուցկ, որտեղ համագործակցում է ընդհատակյա գործիչների հետ մինչև քաղաքի ազատագրումը: Այնուհետև Մաթևոսյանն ավարտում է սպայական դասընթացեր, ստանում լեյտենանտի կոչում և ղեկավարելով գվարդիական գրոհային ջոկատը՝ հասնում Բեռլին: Բեռլինում` Ռայխստագի պատին, նա գրում է. «Ես Բրեստից եմ: Սամվել Մաթևոսյան»:
Բրեստի ամրոցի պաշտպաններից շատերը հետմահու պարգրատրվել են ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1965թ. մայիսի 8-ի հրամանագրով Բրեստի ամրոցն ստացել է «Հերոս ամրոց» պատվավոր կոչումը և «Ոսկե աստղ» մեդալը: 1971 թվականին Բրեստում կառուցվեց հուշահամալիր՝ «Խիզախություն» և «Ծարավ» անվանումով հսկայական քանդակներով, փառքի պանթեոնով և վերականգնված զորանոցներով:
«Եղբայրական բարեկամությունը, որը ստեղծվել է մեր ժողովուրդների միջեւ տարեցտարի զարգանում է, ու դրանում անգերազանցելի արժեք ունի ընդհանուր հիշողությունը: Մենք չենք կարող մոռանալ, որ հերոսների շարքում, որոնք առաջինն են իրենց վրա ընդունել ֆաշիստական ժանտախտի հարվածը, եղել են նաեւ հայեր»,- հայտարարել է 2013 թվականի սեպտեմբերին Երևան այցելած Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ Վիկտոր Գուրմինսկին:
Հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել Բրեստի ամրոցում խաչքար տեղադրել՝ զոհված 200 հայ զինվորների հիշատակին:
Լ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»
զինվորական թանգարանի
գլխավոր խորհրդատու, կապիտան