Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»



Մայիսյան փառահեղ տոներին էր նվիրված Երեւանի Արմեն Հովհաննիսյանի անվան 194 հիմնական դպրոցում կազմակերպված «Մենք ենք, մեր հաղթանակները» խորագիրը կրող միջոցառումը: Դպրոցը հյուրընկալել էր Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Զավեն Գասպարյանին, Սուրեն Ստեփանյանին, Հովակիմ Հարությունյանին և տողերիս հեղինակին: Տոնական միջոցառմանը մասնակցում էին նաեւ Էրեբունի վարչական շրջանի զինկոմ, գնդապետ Սահակ Սահակյանը, շրջանի կրթության բաժնի պետ Իննա Դավթյանը, ԵԿՄ Էրեբունու մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, համայնքի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

Միջոցառումն սկսվեց պատանի երկրապահների շքերթով, որից հետո ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հուշաքարին:

Տոնական համերգային ծրագիրը հագեցած էր գեղեցիկ կատարումներով: Դպրոցի «Էրեբունի» պարային համույթի (ղեկավար Ազատ Նիկողոսյան) եւ «Պրիմա» երգչախմբի (ղեկավար Հեղինե Մկրտչյան) սաների ռազմաճակատային երգն ու պարը է՛լ ավելի տպավորիչ ու ազդեցիկ դարձրին միջոցառումը: Ներկաները հուզվել էին, ոգեշնչվել: Դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությունը ամուր հիմքերի վրա է: Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ՊՆ պատվոգրերով խրախուսեց ուսուցիչներից եւ սաներից շատերին:

Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական հանդիսությունը կազմակերպվել էր դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի եւ ուսուցիչներ Արմինե Վարդանյանի, Աստղիկ Կիրակոսյանի եւ Սուրեն Սահակյանի նախաձեռնությամբ:

Դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը իր հայրենանվեր գործունեության համար պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» եւ ԵԿՄ հուշամեդալներով:

Մերուժան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Բանակ և հասարակություն


18/06/2015