ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ
Ապագա զինվորի հոգեկերտվածքում մեծ դեր ունի դպրոցը, որը ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև անհատի աշխարհընկալման ձևավորման կարևոր դարբնոց է: Դպրոցական նստարանի առջև նստած աշակերտը վաղվա զինվորն է, որը կանգնելու է խրամատում ու անհրաժեշտության դեպքում մարտնչելու է թշնամու դեմ:
ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, որն այսօր էլ իր վաստակաշատ փորձառությունն է ներդնում հանրակրթական դպրոցներում նախազորակոչային պատրաստության զարգացման ուղղությամբ, հավաստում է, որ վերջին տարիներին իրականացված ծրագրային փոփոխությունների շնորհիվ այս ոլորտում անվիճելի առաջընթաց ունենք. այսօր հանրակրթական դպրոցներում ռազմագիտությունը դարձել է առանցքային առարկաներից մեկը:
Երևանի թիվ 191 հիմնական դպրոցի զինղեկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Սամվել Ապրեսյանի խոսքերով՝ առարկայական դասագրքերում տեղ գտած թեմաներն ու նյութերը ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման հիմնական առանցք են կազմում, թեև դասաժամերը լրացվում են նաև գործնական վարժություններով, քննարկումներով, ինչով էլ մեծանում է հետաքրքրությունը բանակի և ծառայության նկատմամբ:
«Հայրենասիրական դաստիարակություն – 2014-2019» միջոցառումների ծրագրով կազմակերպվում են աշակերտների այցելություններ զինվորական թանգարան ու «Եռաբլուր» պանթեոն, հուշահամալիրներ, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի, պատմության և այլ թանգարաններ, ինչպես նաև շարունակաբար անցկացվում են համադպրոցական մրցույթներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակույթի և կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ նախաձեռնել է նաև «Ոչ միայն զենքով, այլ նաև երգով պիտի հաղթենք» հանրապետական ամենամյա մրցույթը, որի շրջանակներում իրականացվում են հայոց հերոսամարտերին, բանակին նվիրված ցերեկույթ միջոցառումներ:
Նախազորակոչային պատրաստության կարևորագույն բաղադրիչներից է դեռահասի կայուն հոգեկերտվածքի ձևավորումը:
ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ
Ժամանակի պահանջով պայմանավորված` կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն առաջ բերեցին դպրոցում հոգեբան ունենալու անհրաժեշտությունը, որի պարտականությունն է`
♦ աշխատանք տանել դպրոցականների հոգեկան առողջության և անձի կայացման ու ճիշտ զարգացման ուղղությամբ,
♦ աջակցել ուսումնական հաստատություններում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի և սովորողների զարգացման համար լիարժեք պայմանների ստեղծմանը,
♦ բացահայտել և կանխել անձի հոգեկան գործընթացների, վիճակների դժվարությունները և շեղումները,
♦ հայտնաբերել երեխայի անձի կայացումը դժվարացնող պայմանները, խորհրդատվության միջոցով օգնել աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին:
Սրանք հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պարտականությունների միայն առաջին չորս կետերն են, որոնք լիարժեք կատարելու դեպքում առողջ հոգեբանությամբ սերունդ կտանք բանակին: Ինստիտուտը նոր է, հետևաբար կարելի է ենթադրել, որ փորձառության պակաս կա այս ոլորտում: Պարզապես խնդրի ճիշտ կառավարման համար անհրաժեշտ է, որ բոլոր օղակները շղթայական կապով ամրակցված լինեն մեկը մյուսին: Ծնողի, մանկավարժի, հոգեբանի ուշադրության գերագույն կենտրոնը երեխան է: Սեռատարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով` պետք է յուրաքանչյուրն իր հերթին զննողական հայացք գցի երեխայի վրա` նկատված հոգեկան շեղումները ժամանակին կանխելու համար: Եթե այս փուլում անտարբեր լինենք ու թերանանք, վաղը զինվորական ծառայության պայմաններում ամենաաննշան հանգամանքն անգամ կարող է սթրեսային իրավիճակների ձևավորման առիթ դառնալ:
Օրինակով խոսենք. ծնողը ժամանակին անտարբեր է եղել տղայի մոտ նկատվող հոգեկան շեղումներին, ինչը, ծառայակից ընկերների հավաստմամբ, գլուխ է բարձրացրել զինվորական ծառայության ընթացքում: Հրավիրվել է աշխատանքային խումբ, և հոգեբանական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուց հետո են միայն ծնողները խոստովանել իրենց թերացումը նման առանցքային հարցում և շնորհակալություն հայտնել հրամանատարությանը:
Եթե տանը, դպրոցում կամ էլ բակում միջանձնային հարաբերություններում առկա են խնդիրների հոգեբանական պատճառներ, ապա դրանք անհրաժեշտ է լուծել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Դպրոցներում երեխայի` անհատի և սոցիալական անձի ձևավորմանը պետք է նպաստի ծնող – մանկավարժ – հոգեբան եռամիասնությունը:
Ինչպիսի՞ զինվոր է այսօր ընտանիքը կամ դպրոցը տալիս բանակին: Անհերքելի է, որ բանակում դրսևորած ագրեսիվ կամ խիստ պասիվ պահվածքը կարող է ավելի խոր արմատներ ունենալ, ինչը ընտանիքում ու դպրոցում երբեմն կարող է վրիպել ուշադրությունից:
ԲՈՒՀ
Բարոյական արժեքներ կրող քաղաքացու դաստիարակության գործում ոչ պակաս կարևոր է բուհի դերը, քանի որ մասնագիտական կրթություն ձեռք բերելուն զուգահեռ բուհում ուսանողը ամբողջական է դարձնում իր աշխարհայացքային ընկալումները, և հենց այստեղ պետք է ձևավորվեն հայրենասեր քաղաքացին ու զինվորը` ազգային գաղափարակիրը, պետական ու ազգային շահերի պաշտպանը:
Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով բանակն այսօր համագործակցում է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև զորամիավորումների ու զորամասերի հրամանատարական կազմը պարբերաբար հանդիպումներ է ունենում ուսանողների հետ, հայրենասիրության թեմայով անցկացնում «Արիության դասեր», որոնք ամրապնդում են բանակ-բուհ կապը:
Նորակոչիկի հոգեկան կայունության խախտում, միջավայրի կտրուկ փոփոխում. տնից` բանակ, փափուկ անկողնուց` զորանոցային պայմաններ, ընկերական մտերմիկ շրջապատից` հրամանատարական խստապահանջ կազմ, ազատ ու անհոգ կյանքից` կանոնակարգված խիստ ռեժիմ և այլն:
Բանակ զորակոչված յուրաքանչյուր նորակոչիկ իր ենթագիտակցության մեջ ունի որոշակի պատկերացում ծառայության կամ բանակի վերաբերյալ: Սեփական պատկերացումների վրա հիմնվելով` նա առաջին իսկ օրվանից կարող է հակասությունների բախվել: Բանակին` որպես նոր միջավայրի, հարմարվելու համար նորակոչիկից որոշակի ժամանակ է պահանջվում` կենցաղային պայմաններ, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կարգուկանոն, դրանից բխող անհանգստություն, անորոշության ու վախի զգացում, վախ՝ զուգորդված քեզ վստահվածի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով:
Հարմարվողության գնահատման համար զորամասերում կատարվում են սոցիալ-հոգեբանական տարատեսակ հարցումներ, որոնք օգնում են որոշակի պատկերացում կազմելու նորակոչիկների մասին: Նմանօրինակ հարցաշարերի անցկացման նպատակը ոչ միայն հարմարվողության մակարդակի որոշումն է, այլև նյարդահոգեբանական կայունության ստուգումը: Հարցաշարերն անցկացվում են երկու փուլով. 1-ին փուլն ընդգրկում է 2-4 ամիս ծառայած զինվորներին, 2-րդը` նույն զինվորներին ծառայության 6-8-րդ ամսում: Արդյունքները, որպես կանոն, փոփոխական են լինում, քանի որ ծառայության դժվարին ժամանակահատվածը հենց առաջին վեց ամիսներն են` պայմանավորված հարմարվելու հանգամանքով:
Գայանե ԾԱՏՈՒՐՅԱՆ
Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում