ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Հրամանատարական կազմը գոհ է. ուսումնական գումարտակի զինվորները հաջողությամբ հանձնեցին ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ քննությունները:
Ինժեներական զորամասի ուսումնական գումարտակում հունիսի 8-ից 13-ը անցկացվեցին ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ քննությունները: Ապագա սակրավորները քննություններից հետո համալրելու են ԶՈՒ ինժեներասակրավորային ստորաբաժանումները: Գնդապետ Ա. Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասում մենք էլ հետևեցինք քննություններին:
Քննությունների ընթացքը վերահսկում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Կարապետյանը: Ուսումնական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ն. Հարությունյանն էլ վստահեցնում էր, որ իր զինվորներից շատերը դրական գնահատականներ կստանան և բարձր կպահեն թե՛ իրենց և թե՛ հրամանատարության պատիվը: Ինչպես ինքն է նշում՝ զօր ու գիշեր չարչարվել են, որ մեր բանակում ծառայեն գործի գիտակ սակրավորներ:
Զինծառայողները քննություն հանձնեցին ինչպես մասնագիտական, այնպես էլ շարային, կրակային, ֆիզիկական, մարտավարաշարային, ՀՊՊ, համազորային կանոնադրություն առարկաներից: Գերազանց գնահատականներով աչքի ընկան հատկապես սերժանտ Ասլիկյանի ջոկի զինվորները: Որպես կրտսեր հրամանատար, խոսելով սակրավորի մասնագիտության և իր ջոկում ծառայող ընկերների բարձր առաջադիմության մասին, սերժանտ Ասլիկյանը մասնավորապես ասաց.
-Սակրավորի մասնագիտությունն առանձնահատուկ է նրանով, որ նա միշտ վտանգավոր գոտում է` սահմանին մոտ, թշնամու թիկունքում, ականապատված տարածքներում: Սակրավորի հիմնական խնդիրը ականների տեղադրումն է, ականազերծումն ու նոր խրամատների ստեղծումը: Անկեղծ ասած` այսօր հասկացա, որ մեր ամիսների քրտնաջան աշխատանքը տվել է ծիլեր: Եվ վստահ եմ` ցանկացած պահի մեր սակրավորները պատրաստ կլինեն կատարելու իրենց առջև դրված խնդիրները:
Քննությունների արդյունքների ամփոփումից հետո «բավարար» գնահատական ստացած զինվորներն իրենց ծառայությունը կշարունակեն նախապես վիճակահանությամբ որոշված զորամասերում, իսկ «գերազանց» ստացողները` որպես ջոկի հրամանատարներ:
Ապագա ջոկի հրամանատար, կուրսանտ Սիմոնյանը ծառայությունը շարունակելու է առաջնագծում: Երջանիկ է, որ կատարվելու է իր երազանքներից մեկը: Մինչ այդ, ուսումնական գումարտակի բոլոր զինծառայողներն անհամբերությամբ սպասում են տասնօրյա արձակուրդին:
Ստուգող հանձնաժողովը և հրամանատարական կազմը գոհ էին քննությունների արդյունքներից: Իր առջև դրված խնդիրը գումարտակը կատարել է բարձր մակարդակով, ինչի վկայությունը դրական գնահատականն է:
Առաջնորդվելով «ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքեր` գիտության և քաջության համաձուլվածք» կարգախոսով՝ զինծառայողները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և պատվով կատարելու հայրենիքի պաշտպանության սուրբ, պատասխանատու առաքելությունը:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Ազգային բանակ