Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ ՉԷ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Այժմ, երբ ավելի քան մեկ տասնյակ թեկնածուներ արդեն իսկ հաստատել են իրենց մտադրությունը առաջադրվելու 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ամերիկահայերը մտածում են, թե իրենք ում աջակցեն հաջորդ տարվա ընտրություններում:

2012 թվականին նույն հարցի մասին ես մի հոդված գրեցի՝ բացատրելով, թե ինչու իմ քվեն չէի տալու ո՛չ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամային, ո՛չ էլ նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին:

Օբաման՝ որպես նախագահ, իր առաջին պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ոչ միայն դրժեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմիցս տված խոստումները, այլև աջակցություն չցուցաբերեց հայ-ամերիկյան որևէ նախաձեռնության:

Ավելի լավ իրեն չդրսևորեց Ռոմնին: Իր նախագահական քարոզարշավի ժամանակ հանրապետական թեկնածուն խոստումներ չտվեց և հանդիպումներ չունեցավ հայ համայնքի հետ: Ոմանք նրա անկողմնակալությունը մեկնաբանեցին որպես անկեղծություն՝ մտածելով, որ նա չի ցանկանում խոստումներ տալ, որոնք չի կատարելու: Մյուս կողմից, եթե նախագահի թեկնածուն այդպիսի անտարբերություն է ցուցաբերում ընտրողների նկատմամբ, երբ նրանց աջակցության խիստ կարիքն ունի, պատկերացրեք, թե նա որքան քիչ ուշադրություն կդարձնի ամերիկահայերին և նրանց խնդիրներին նախագահ դառնալուց հետո…

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ամերիկահայ համայնքը ձգտում է խոստում ստանալ նախագահի բոլոր թեկնածուներից, թե նախագահ ընտրվելու դեպքում նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Շատ հաճախ ակնկալվող հաղթանակի հրճվանքը վերափոխվում էր տագնապի, քանի որ Ռոնալդ Ռեյգանից հետո բոլոր նախագահները Սպիտակ տուն մտնելուն պես սկսում են տառապել հիշողության կորստով: Հետևաբար, հայ համայնքը հիասթափվել է ու դարձել անմասնակից ամերիկյան քաղաքական գործընթացներին՝ համարելով, որ բոլոր քաղաքական գործիչները ստախոսներ են…

Խոստումների և խաբեության այս արատավոր շրջանակից դուրս գալու համար կցանկանայի առաջարկել երկու այլընտրանքային ռազմավարություն.

Նախ՝ նախագահի բոլոր թեկնածուներին գնահատել հայ-ամերիկյան համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ նրանց ամբողջական դիրքորոշումներով.

– Ավելացնել Հայաստանին և Արցախին ցուցաբերվող ամերիկյան օգնության գումարը,

– Ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Հայաստանի շրջափակումը վերացնելու համար,

-Պահանջել, որ Թուրքիան վերադարձնի բռնագրավված քրիստոնեական եկեղեցիներն իրենց օրինական տերերին՝ հայերին, ասորիներին և հույներին,

– Դատապարտել Ադրբեջանին՝ բազմիցս սպառնալիքների և Արցախի վրա հաճախակի հարձակումների համար,

– Աջակցել Արցախի ինքնորոշմանը,

-Նպաստել Հայաստանի հետ ԱՄՆ-ի առևտրի խթանմանը,

-Տարեկան հանդիպումներ անցկացնել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վերոնշյալ ցուցակից ես միտումնավոր դուրս եմ թողել նախագահի թեկնածուներին ուղղված խնդրանքը՝ «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն արդեն բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմից… Հետևաբար, կարիք չկա ցեղասպանության ճանաչումը լակմուսի թուղթ դարձնել նախագահական ընտրություններում, հատկապես հարյուրամյակի ընթացքում միջազգային ճանաչումից հետո… Բացի այդ, երբ նախագահի թեկնածուները Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախընտրական խոստում են տալիս, չպետք է վերջիններիս մեխանիկորեն սատարել հենց միայն դրա համար՝ անտեսելով նրանց դիրքորոշումը մնացած բոլոր հարցերի վերաբերյալ…

Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ ընտրված նախագահը կկատարի մյուս հարցերի վերաբերյալ հայերին տված իր բոլոր խոստումները: Այսուհանդերձ, եթե ամերիկահայերը մեծ թվով խնդրանքներ ներկայացնեն, ապա կարող են հաջողության հասնել դրանցից մի քանիսում:

Կարևոր է նշել, որ հաշվից դուրս են այն բոլոր թեկնածուները, որոնք արդեն իսկ խաբել են հայ համայնքին նախկինում ընտրովի կամ նշանակովի պաշտոնների առաջադրվելու ընթացքում: Նման թեկնածուներից է Հիլարի Քլինթոնը, որը որպես ԱՄՆ պետքարտուղար Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «պատմական բանավեճի առարկա»՝ հակառակ, որ ցեղասպանության ճանաչման մեծ ջատագովներից է եղել անցյալում, երբ սենատոր էր և ապա 2008 թվականին՝ նախագահի թեկնածու եղած ժամանակ: Ամերիկահայերը չեն կարող հավատալ ոչ մի թեկնածուի, որն արդեն խաբել է… Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «Մեկ անգամ ինձ խաբես՝ ամոթ քեզ, երկրորդ անգամ խաբես՝ ամոթ ինձ» … Իրական խնդիրը վեր է ցեղասպանության ճանաչումից և արտացոլում է թեկնածուի նկարագիրն ու պարկեշտությունը…

Երկրորդ ընտրական ռազմավարությունը կլինի թեկնածուներին առաջին ընտրապայքարում չսատարելը՝ չխաբվելու համար կեղծ խոստումներից: Թող ընտրված պաշտոնյաները վաստակեն ամերիկահայերի վստահությունը իրենց նախորդ պաշտոնավարումների ընթացքում հայերին հուզող կարևոր հարցերի շուրջ դրական որոշումներ կայացնելով:

Ի վերջո, չքվեարկելով նախագահի թեկնածուներից որևէ մեկի օգտին նրանց առաջին ընտրապայքարում, ամենևին էլ չի նշանակում զերծ մնալ ընտրական կամ քաղաքական գործընթացներից: ԱՄՆ Սենատի մեկ երրորդը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները ենթակա են վերընտրության յուրաքանչյուր երկու տարին մեկ: Դաշնային, նահանգային և տեղական ընտրություններում ամերիկահայերը պետք է աջակցեն բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք հայերին սատարելու հարցում ձեռքբերումների փորձ ունեն, միաժամանակ պարտության մատնելով նրանց, ովքեր իրենց պաշտոնավարման ընթացքում հանդես են եկել ընդդեմ հայկական շահերի…

Ավելի խելամիտ է զբաղվել շրջահայաց և արդյունավետ քաղաքական գործունեությամբ, քան թե ապարդյուն և անհաջող մասնակցություն ունենալ ընտրություններում:

Թարգմանությունը՝
Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Պատմության էջերից


18/06/2015