Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՄԻ ՏԵՍԱԿ



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ դարձավ, որ գիտական և հասարակական շրջանակներում ավելի հաճախ անդրադարձ կատարվի բռնի իսլամացած հայերին՝ համշենցիներին, որոնք մինչ օրս ապրում են իսլամա-թուրքական միջավայրում:
Նրանց խնդիրների վերաբերյալ իր դիտարկումներն է «Հայ զինվորին» ներկայացնում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, թուրքագետ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Համշենում

-Տիկի՛ն Սահակյան, նախ պատմական անդրադարձ կատարենք այն հարցին, թե ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել հայերի բռնի իսլամացումը: Եվ ի՞նչ համատեքստում պետք է դիտարկել այս փաստը:

-Օսմանյան կայսրությունն ի սկզբանե նոր տարածքներ նվաճելով՝ այնտեղ փորձում էր հաստատել իսլամա-օսմանական համակարգ, որն ուղեկցվում էր տարբեր միջոցների իրականացմամբ: 16-րդ դարում, երբ Արևմտյան Հայաստանը հայտնվեց օսմանյան տիրապետության ներքո, չհրաժարվեց այդ քաղաքականությունից: Որպես իսլամացման ամենատարածված միջոց՝ կարող ենք նշել դևշիրմեի (մանկաժողով) իրականացումը. օսմանյան իշխանությունները պարբերաբար քրիստոնյա բնակչության միջից հավաքագրում էին առողջ, գեղեցկադեմ մանուկներին՝ 5-12 տարեկան տղաներին, նրանց տալիս էին տարբեր մահմեդական ընտանիքներին, և այս երեխաները դաստիարակվում էին մոլեռանդ մահմեդականի ոգով, մարզվում էին ֆիզիկապես: Նրանք հետագայում համալրում էին թուրքական բանակի ամենագլխավոր՝ ենիչերական ստորաբաժանումը, որի դերը նվաճողական քաղաքականության մեջ անժխտելի է:

Երկրորդ. նոր տարածքներ գրավելով՝ այնտեղ անցկացվում էին աշխարհագիրներ (գրանցումներ), որոնց անմիջապես հետևելու էր հարկահանության քաղաքականությունը: Ուստի շատ քրիստոնյաներ «կամավոր» իրենց ներկայացնում էին որպես մահմեդական՝ ազատվելով տարատեսակ հարկերից, մասնավորապես՝ գլխահարկից (ջիզիե), որը լցնում էր օսմանյան բյուջեի 45-ից մինչև 55-60 %-ը:

Երրորդ. իսլամացումն իրականացնելու համար ստեղծում էին այնպիսի պայմաններ, որ քրիստոնյան ինքը «կամավոր» դառնում էր մահմեդական: Օրինակ՝ այսպես կոչված «Ֆութուվաթ» կազմակերպության (արհեստակցական միություն) անդամ դառնալու համար հարկ էր, որ քրիստոնյան իսլամ ընդունի: Եվ միայն այս դեպքում նա կարող էր տնտեսապես ազատ գործել:

Չորրորդ. որպես կրոնափոխության ամենատարածված դրսևորում՝ նշենք հատկապես բռնի իսլամացումը, որը կատարվում էր անհատին տեղում մահվան սպառնալիքով ճնշելու միջոցով:

Արևմտյան Հայաստանի գավառները ևս դարձել են այս քաղաքականության թիրախը: 1723-1780-ական թթ. Համշենում և հարակից գավառներում տեղի է ունեցել հայերի բռնի իսլամացում՝ հետագա բոլոր հետևանքներով:

-Փաստորեն, համշենցիները քրիստոնյա չեն արդեն մի քանի դար: Ձեր դիտարկումներով՝ այդ ընթացքում ի՞նչ է փոխվել նրանց ինքնագիտակցության մեջ, և ինչպե՞ս է սա անդրադարձել մեր ազգի այդ հատվածի հոգեկերտվածքի վրա:

-Անշուշտ, այս ամենը ունեցել է իր բացասական ազդեցությունը. կրոնափոխվելով՝ նրանք դարերի ընթացքում ենթարկվել են նաև լեզվական ձուլման: Համշենցիների մի մեծ հատված ապրում է Ռիզեի նահանգում գտնվող պատմական Հայոց Համշեն գավառում: Ժամանակի ընթացքում համշենցիները կորցրել են իրենց հայկական ինքնությունը, հեռացել ազգային մշակույթից՝ իրենց թուրքերեն խոսքում պահպանելով միայն հայկական տեղանուններ, բուսանուններ, անասնապահությանը և մեղվապահությանը վերաբերող տերմիններ: Եվ պետք է նշեմ, որ այսօր էլ տարաբնույթ ձևերով շարունակվում է նրանց թրքացման քաղաքականությունը: Պատահական չէ, որ Ռիզեի տարածքը եղել և շարունակում է մնալ իսլամի ամենամոլեռանդ վայրը: Այսօր այստեղ շատացել են մզկիթները, գիշերօթիկ կրոնական դպրոցները, և շատ համշենցիներ դարձել են թուրք ազգայնականներ, հարում են գորշ գայլերին և անցել են էրգենեկոնի շարքերը: Նրանց շրջանում կան նաև այնպիսիք, ովքեր գիտեն և խոսում են իրենց հայկական արմատների մասին: Իսկ Խոփա և Բորչկա գավառներում հաստատված հայերը թեև պահպանել են տեղական հայերեն խոսվածքը, բայց նկատվում է հայկական ինքնության զգալի կորուստ: Եվ միայն այն հատվածը, որը հարում է մարքսիստական գաղափարներին, խոսում է հայկական արմատների մասին:

-Ինչպիսի՞ մարտահրավերների առջև են այսօր կանգնած համշենցիները:

-Ամենացավալի իրողությունն այն է, որ այսօր համշենցիների մեծ մասն այնպես է ինտեգրվել թուրքական հասարակությանը, որ դժվար է ասել՝ արդյոք իրենք գիտակցո՞ւմ են իրենց մշակութային ինքնության կորուստը, թե՞ ոչ: Բայց կան մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ջանում են պահպանել իրենց տեղական՝ համշենական մշակույթը՝ լեզուն, պարերը, երգերը, տեղանունները, կենցաղը…

-Տիկի՛ն Սահակյան, իսկ ի՞նչ շահարկումների են ենթարկվում համշենցիների խնդիրները Թուրքիայում:

-Թուրքիայում հորինվել է մի «պաշտոնական» տեսակետ, ըստ որի՝ համշենցիներն իբր հայեր չեն, այլ ծագում են թուրք-օղուզական ցեղերից, անգամ համշենցիների լեզուն համարում են թյուրքական: Եվ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով առավել աշխուժացել են թուրք ազգայնական թևի այն ներկայացուցիչները, ովքեր հարձակում են գործում այլընտրանքային, այսինքն՝ պատմական, իրական հենքի վրա հիմնված տեսակետների և ուսումնասիրությունների վրա: Այն ամենը, ինչը կապված է Հայոց պատմության և հայկականության հետ, նրանք ժխտում, մերժում են և վարկաբեկում: Սա հատուկ է թուրքական պատմագիտությանը:

-Թուրքական շրջանակներում հաճախ է շահարկվում այն հարցը, թե իսլամացած հայերի թիվն անցնում է 1 միլիոնից: Որպես ուսումնասիրող՝ որքանո՞վ եք այս տվյալներն իրական համարում:

-Դրանք շատ սուբյեկտիվ են: Ոչ ոք այնտեղ ժողովրդագրական հարցում չի կատարել: Ինչ վերաբերում է համշենցիներին, ապա իմ ուսումնասիրությունների և լավատեղյակ մարդկանց հաղորդած տվյալների համաձայն՝ այսօր Արդվինի, Խոփայի և Բորչկայի գավառներում ապրում է շուրջ 35-40 հազ. հայախոս, բարբառակիր համշենցի: Նրանց մի մասն այսօր հաստատվել է Թուրքիայի այլ շրջաններում: Իսկ Ռիզեի նահանգում ապրող համշենցիների թիվը, որոնց մի մասն ապրում է Թուրքիայի այլ քաղաքներում, հաշվվում է մոտ 60.000 թրքախոս համշենցի: Եվ Թուրքիայի այլ վայրերում հաստատված համշենցիների հետ միասին նրանց ընդհանուր թիվը մոտ 150.000 է: Իհարկե, այս տվյալները ոչ պաշտոնական են:

-Վերջին ժամանակներում բռնի իսլամացած հայերի շրջանում նկատվում է նաև դարձ դեպի քրիստոնեական արմատները: Ըստ Ձեզ՝ որո՞նք պետք է լինեն մեր պետության անելիքները նրանց հայկական իրականությանը ինտեգրելու համար:

-Արդեն երկար տարիներ զբաղվում եմ այս խնդրով և ընդամենը երկու համշենցու կարող եմ նշել, որոնք եկել են Հայաստան, ամուսնացել և ստեղծել են հայկական ընտանիք: Իսկ մնացած համշենցիների մասին կարող եմ ասել, որ նրանց առջև նման խնդիր դրված չէ. կրում են թուրքական անուն-ազգանուն, ընդգրկված են տարբեր ոլորտներում. նրանց շարքերում կան բժիշկներ, իրավաբաններ, անգամ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սա մի իրականություն է, որը մենք պետք է ընդունենք: Ինչ վերաբերում է պետության անելիքներին՝ կարծում եմ, որ մեր երկիրը պետք է իր դռները բացի նրանց առջև, ովքեր իսկապես անկեղծորեն կցանկանան վերադառնալ հայության գիրկը: Սա մի գործընթաց է, որին միջամտել չես կարող: Մեր պետությունն այսօր պետք է օգնի իր գիտաշխատողներին, պաշտպանի նրանց, որպեսզի վերջիններս կարողանան խորանալ այս խնդրի մեջ, բացահայտել իրական վիճակը, տալ սթափ և սառը գնահատական, թե ինչ է կատարվել մեր ազգի մի հատվածի հետ, որը ցեղասպանության այդ տեսակի զոհն է…

Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


18/06/2015