Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՀՀ ԶՈՒ ՓՈՐՁԱՔԱՐ



ՀՀ ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանը զինված ուժերի մարտական պատրաստության գործում կարևորագույն դերակատարում ունի: Այն բոլոր զորատեսակների ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս անցկացնելու դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր բնույթի վարժանքներ, զորավարժություններ՝ ցանկացած տեսակի մարտական տեխնիկայի և սպառազինության կիրառմամբ: Ինչպես նշում է զորավարժարանի պետ, փոխգնդապետ Լևոն Գալստյանը, այստեղ ստուգվում է յուրաքանչյուր զինվորի ու սպայի պատրաստվածության աստիճանը, ուսումնական փուլի ընթացքում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների արդյունավետությունը:

Դաշտային պայմաններում, մարտականին հնարավորինս մոտ իրադրությունում, զինծառայողները կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները, համատեղ գործողությունների արդյունքում հասնում ստորաբաժանման տարբեր օղակների լիակատար ներդաշնակման: Ընդ որում, մասնագիտականից ոչ պակաս ուշադրություն է դարձվում զինծառայողի հոգեբանական պատրաստությանը: Մի բան է, երբ զինվորը զորամասի տարածքում առօրյա պարապմունքների է մասնակցում, բոլորովին այլ բան, երբ նա իրապես զգում է վառոդի հոտը, արևին, անձրևին իր ընկերների հետ միասին մարտական խնդիր է կատարում, կոփվում:

Ընդհանրապես, զինված ուժերի մարտունակությունը խաղաղ պայմաններում որոշվում է նաև մեծ ու փոքր զորավարժությունների միջոցով: «Բաղրամյան» զորավարժարանն ունի բոլոր հնարավորությունները՝ բացահայտելու ստորաբաժանումների իրական մարտական հնարավորությունները:

Զորավարժարանը բավական մեծ տարածք է զբաղեցնում՝ ավելի քան 13 հազար հեկտար: Այն սահմանակից է միանգամից մի քանի շրջանի՝ Արմավիր, Բաղրամյան, Թալին, Աշտարակ: Պարզ է, որ այդքան մեծ տարածություն վերահսկելը չափազանց դժվար է: Այդ պատճառով էլ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում շրջակա գյուղերի գյուղապետերի հետ, նրանց հետ միասին հարակից գյուղերի բնակիչները հրահանգավորվում են: Անհրաժեշտ բացատրական և կազմակերպական աշխատանքներ են տարվում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Անվտանգության ապահովմանը զորավարժարանում առաջնահերթ ուշադրություն են դարձնում: Այստեղ զինվորական ծանր տեխնիկա են վարում, կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից, գործածվում է անգամ ավիացիա և ծանր հրետանի:

-Մեր հրաձգարանը աշխատում է անխափան, հստակ, ինչպես ժամացույց: Մեր գործողություններն էլ համապատասխանաբար պլանավորվում են վայրկյան առ վայրկյան: Հատկապես այն պահերին, երբ չորս կողմը մարտական հրաձգություն կատարող ստորաբաժանումներ են, մենք կրկնակի լարվածությամբ ենք գործում, ինչի շնորհիվ էլ կարողացել ենք մինչ օրս խուսափել լուրջ միջադեպերից: Վստահ եմ՝ այսուհետ նույնպես այդպես է լինելու,- նշում է փոխգնդապետ Գալստյանը:

Զորավարժարանը ծանրաբեռնված է ամբողջ տարվա ընթացքում: Միայն նախապատրաստական փուլում կամ էլ զորակոչի շրջանում է փոքր-ինչ հանգիստ տիրում: Նույնիսկ այդ դեպքում հրաձգարանի անձնակազմը չի հանգստանում: Ամբողջ տարածքը մանրակրկիտ ուսումնասիրվում է, նորոգվում են վնասված ենթակառուցվածքները: Ամեն ինչ կարգի է բերվում, և գործընթացը նորից է սկսվում: Մեկ կամ մի քանի զորամասերի անձնակազմեր ժամանում են զորավարժարան, ճամբարային ավան են բացազատում: Զորամասի հրամանատարությունը փոխգնդապետ Գալստյանին պարզաբանում է պահանջվող թիրախային իրադրությունը, վաշտերի, գումարտակների հրամանատարների հետ կատարվում է տեղազննություն, որից հետո նախապատրաստվում է համապատասխան մարտավարական կամ կրակային պատրաստության դաշտը: Դա կախված է անցկացվող վարժանքի բնույթից. անձնակազմը կարող է հարձակողական կամ պաշտպանական գործողություններ վարել, հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացում իրականացնել և այլն: Կան պատրաստի դաշտեր, օրինակ՝ ինքնաձիգից առաջին, երկրորդ ստուգողական կրակային վարժությունները կատարելու համար: Բայց հիմնականում կարիք է լինում ամեն ինչ զրոյից սկսել, նույնիսկ մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ տեղափոխել թիրախային իրադրությունը, ինչպես եղավ մոտ երկու ամիս առաջ. զորամասերից մեկի անձնակազմը մշտական տեղակայման վայր վերադառնալու հրամանն անսպասելի շուտ ստացավ, փոխվեց նաև իրենց առջև դրված խնդիրների կատարման ընթացքը: Անհրաժեշտ թիրախներով, տեխնիկական, ազդանշանային և այլ միջոցներով կահավորված դաշտը հավաքվեց, տեղափոխվեց այլ տարածք, իսկ երեկոյան հետ բերվեց հաջորդ գումարտակի համար:

-Մարտական հրաձգության ժամանակ օգտագործվում են տարբեր տեսակի թիրախներ: Կան մեկանգամյա թիրախներ, որոնք խոցելուց հետո այլևս գործածական չեն, կան նաև հրաձգային զենքերի թիրախներ՝ նախատեսված 100-150 փամփուշտի համար: Նշեմ, որ վերջին շրջանում սկսել ենք ավելի շատ թիրախներ «ծախսել»: Ոչ թե վատնում ենք, այլ զինվորներն են սկսել ավելի լավ կրակել, մեկ կամ երկու կրակոցից խոցում են թիրախը:

Մեծ զորավար Բաղրամյանի անունը կրող զորավարժարանը փորձաքար է մեր զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների համար: Անձնակազմն անում է ամեն ինչ, որպեսզի տարբեր զորամասերից եկած ստորաբաժանումները որևէ խնդիր չունենան, կարողանան լիարժեք վարժանքներ անցկացնել: «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի բազմակողմանի հնարավորությունները հաշվի առնելով՝ անցկացվում են նաև միջազգային կարգի զորավարժություններ, ինչպես, օրինակ՝ 2013թ. «Լավագույն ջանքը»: Սեպտեմբեր ամսին կանցկացվի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» խոշոր զորավարժությունը: Այժմ այստեղ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/06/2015