Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՀԱՎԱՏԱՑ ԲԱՄԲԱՍԱՆՔԻՆ



♦ Վրաստանի վրա ազդելու ի՞նչ լծակներ ունի Ադրբեջանը:
♦ Մեղադրանք. Վրաստանը հեղափոխություն է պատրաստում Ադրբեջանում:
♦ Փորձագետ. «Բաքուն եւ Անկարան թույլ չեն տա Վրաստանին դառնալու լիդեր»:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ

Բավական էր՝ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այցելի Հայաստան, որպեսզի Ադրբեջանը սպառնալիքներ հնչեցնի Վրաստանի հասցեին: «Հայերի հետ եղբայրանալու` վրացական նոր քաղաքականության շարժառիթներն անհասկանալի են եւ զարմանալի»,- մայիսի 4-ին հայտարարեց ադրբեջանցի «քաղաքագետ» Մուբարիզ Ահմեդօղլուն, որը ցավագին է ընդունել վրացի նախարարի առաջարկությունը հայ գործընկերներին: Հիշեցնենք, որ խոսքը լեռնային հրաձիգների պատրաստման Սաչխեթիի դպրոցում հայ զինծառայողներին ուսուցանելու մասին է: Այդ դպրոցին շնորհվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի ուսուցման եւ կրթության կենտրոնի կարգավիճակ: Վրաստանը նպատակ ունի այն վերածելու տարածաշրջանային կենտրոնի, որտեղ ցանկության դեպքում կարող են պատրաստվել ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Սեւծովյան տարածաշրջանի եւ Միջին Ասիայի երկրների զինծառայողները: Ակնհայտորեն` խոսքը խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության մասին է, եւ այդ նույն կենտրոնում կարող են վարժանքների մասնակցել նաեւ ՆԱՏՕ-ի հետ սերտորեն համագործակցող Ադրբեջանի զինծառայողները:
Բայց արի ու տես, որ Ահմեդօղլուի հիվանդագին երեւակայությունը այդ առաջարկի մեջ հետին միտք է տեսնում. «Հաշվի առնելով, որ հայերն ի վիճակի չեն պատերազմելու ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրանի դեմ, ինչպես նաեւ այն, որ վրացիները հայ զինվորականներին չէին վարժեցնի իրենց դեմ կռվելու համար, հասկանալի է դառնում, որ այդ քայլն ունի հակաադրբեջանական ուղղվածություն: Տարածաշրջանում ռազմական դիմակայության ամենահավանական օջախը Լեռնային Ղարաբաղն է: Այդ պատերազմում հատուկ հմտություն պետք կլինի` լեռնային տեղանքում մարտական գործողություններ վարելու համար»:
Պարզվում է նաեւ, որ Ահմեդօղլուին եւ նրա տերերին նյարդայնացրել են վրացի բարձրաստիճան պաշտոնյաների` վերջերս հաճախակի դարձած այցելությունները Հայաստան (Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ պաշտպանության փոխնախարար Նոդար Խարշիլաձեն` հունվարին, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին` իբր, ոչ պաշտոնական այցով` ապրիլի սկզբին, պաշտպանության նախարար Բաչո Ախալայան` ապրիլի 18-ին, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` ապրիլի 26-ին, Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին` փետրվարի 16-ին եւ ապրիլի 28-ին):
«Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում իր դժգոհությունը Վրաստանի իշխանությունների վերջին գործողություններից, այն դեպքում, որ Ադրբեջանի ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետը չընդունեցին Բաքու ժամանած Վրաստանի տնտեսական զարգացման նախարարին եւ արդարադատության նախարարին», «Ադրբեջանը շատ լծակներ ունի` Վրաստանի ղեկավարության վրա ազդելու», «Սահակաշվիլին թերագնահատում է Ադրբեջանի հնարավորությունները», «Հայերին աջակցելով` Սահակաշվիլին Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկի է դիմում»` ահա այն սպառնալիքները, որոնք Ադրբեջանի ղեկավարությունը Ահմեդօղլուի բերանով հնչեցրեց Վրաստանի հասցեին (http://www.aze.az/news_axmedoqlu_gruziya_nesprost_57132.html):

ՋԵՄԱԼԻ ԲԱՄԲԱՍԱՆՔԸ

Ուշագրավ է, որ սպառնալիքները հաջորդեցին Ռուսաստանի մահմեդական կոմիտեի նախագահ, ազգությամբ ադրբեջանցի, իր հայատյացությամբ հայտնի քաղաքագետ Հեյդար Ջեմալի սադրիչ հայտարարությանը, ըստ որի «Վրաստանի տարածքից նախապատրաստվում է պետական հեղաշրջում Ադրբեջանում, ինչի իրականացման պատասխանատու է նշանակված Վրաստանի Անվտանգության խորհրդի անդամ Գիգա Բոկերիան»: Ջեմալի խոսքով, Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը գործում է հեղափոխական կենտրոն, որի պատասխանատուն վրացերենին հրաշալի տիրապետող ոմն ամերիկուհի է: Նրա պարտականությունն է, իբր, անմիջական կապ պահպանել Ադրբեջանի ընդդիմության հետ: Միաժամանակ, Վրաստանի քաղաքացի երիտասարդ ադրբեջանցիներից, իբր, կազմավորվում են «Կտրուկ մերժում» անունը կրող ջոկատներ, որոնք «հրամանի են սպասում` ադրբեջանական իշխանությունը տապալելուն ուղղված վճռական գործողությունների դիմելու համար»: Գործողությունների օր է նշանակված մայիսի 28-ը:
Ըստ Հ.Ջեմալի, Վրաստանի ղեկավարությունը այն բանից հետո է կտրուկ ակտիվացրել կապերը Հայաստանի հետ, երբ Իլհամ Ալիեւը մերժել է ընդդեմ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինք ձեւավորելու` Վրաստանի առաջարկը, որն այս տարվա մարտին, իբրեւ թե, Ադրբեջանի ղեկավարությանն է ներկայացրել նույն Գիգա Բոկերիան (http:// www.regnum.ru/news/1399626.html): Իսկ մայիսի 4-ին Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Սոսո Շատբերաշվիլին հավելեց, որ Վրաստանի ղեկավարության հետ միասին Ադրբեջանում իշխանափոխություն է պատրաստում նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Բնականաբար, Վրաստանի արտգործնախարարությունը` հանձին նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեի, Ջեմալի հայտարարությունը որակեց որպես «զառանցանք» եւ չմեկնաբանեց: Իր հերթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարեց, որ «Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, իսկ վերջին բոլոր հայտարարությունները միտված են մեր երկրի կապերին վնաս հասցնելու»:
Թվում է՝ սրանով հարցը փակվեց: Բայց պարզվում է, որ Ադրբեջանի ղեկավարության կասկածները, այնուամենայնիվ, չեն փարատվել: Այդ է վկայում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի այն հայտարարությունը, թե «պետք է հետաքննություն անցկացնել եւ ստուգել՝ բանն ինչ է: Անկասկած, մեր երկրից դուրս եւ մեր երկրում կան ուժեր, որոնք շահագրգռված չեն մեր տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ադրբեջանի կայունությամբ»: Փաստորեն, Հ.Ջեմալի ասածները անվստահության ու կասկածամտության պարարտ հող են գտել Ադրբեջանի իշխանության ներսում: Սա ունի մի քանի պատճառ:

ՀԱԿԱՍՈՂ ՇԱՀԵՐ

Առաջին. Իլհամ Ալիեւը լրջորեն վախենում է, որ արաբական աշխարհում սկսված հեղափոխությունների ալիքը կհասնի Ադրբեջան: Նա խիստ դժգոհ է Ադրբեջանում Արեւմուտքի գործունեությունից եւ ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունից, իսկ Վրաստանը համարվում է Արեւմուտքի հենարանը Հարավային Կովկասում: Ըստ ադրբեջանական ընդդիմադիր «Ենի մուսավաթ» թերթի` դեսպան Մ.Բրայզան ապրիլի 15-ին հանդիպել է Ադրբեջանի ամենաազդեցիկ դեմքերից մեկի` արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովի հետ եւ ասել, որ եթե Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներն արագորեն չիրագործվեն, ապա կտուժեն նախեւառաջ երկրի հարուստներն ու օլիգարխները. ԱՄՆ-ը «կսառեցնի» արտասահմանում նրանց բանկային հաշիվներն ու կալանք կդնի նրանց ամբողջ ունեցվածքի վրա: Արեւմտյան երկրների դեսպանները հանդիպումներ են ունենում ադրբեջանական ընդդիմության հետ, ինչը նյարդայնացնում է իշխանություններին: Իլհամ Ալիեւը վախենում է ժողովրդից եւ մահափորձից. այդ են վկայում մարզեր կատարած այցելությունների ժամանակ ձեռնարկված անվտանգության աննախադեպ միջոցառումները` ընդհուպ մինչեւ նախագահի ամբողջ երթուղին դիպուկահարների հսկողության տակ վերցնելն ու պատահական մարդկանց` նախագահին մոտենալը բացառելը (այս մասին գրում է «Ազադլիգը»): Պարզ է, որ նման վախերով համակված մարդը հեշտությամբ կհավատա Հ.Ջեմալի ասածներին:
Երկրորդ. Ադրբեջանի հարստանալուն զուգահեռ, նրա եւ Վրաստանի շահերը սկսում են հակասել, քանի որ խախտվում է նրանց միջեւ ուժերի հավասարակշռությունը, Ադրբեջանի հավակնությունները մեծանում են: Ադրբեջանն ինչքան շատ ներդրումներ է անում Վրաստանի տնտեսության մեջ, ինչքան շատ նավթ ու գազ է տալիս Վրաստանին, ինչքան շատ փող է վճարում էներգակիրների տարանցման համար, այնքան ավելի լկտիորեն է սկսում թելադրողի դիրքերից հանդես գալ նաեւ քաղաքականության մեջ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Վրաստանը ունեն տարածքային որոշ վեճեր, իսկ վրաստանաբնակ ադրբեջանցիներն այդ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա ազդող լուրջ ուժ են:
Երրորդ. այսօր Ադրբեջանի էներգակիրների տարանցման համար Վրաստանը ստանում է ընդամենը մեկ-երկու հարյուր միլիոն դոլար, ինչը Վրաստանի պետբյուջեի 10 տոկոսն էլ չի կազմում: Մինչդեռ Վրաստանի համար այդ գումարի քաղաքական գինը շատ մեծ էր` Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորուստը: Ուստի Ադրբեջանը փորձում է մեծացնել Վրաստանի կախվածությունն իրենից, որպեսզի թույլ չտա նրան պայմաններ թելադրել եւ ավելացնել տարանցման վարձը:
Չորրորդ. Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին «սեղմում է» Վրաստանը` մեծացնելով տնտեսական ու ժողովրդագրական ազդեցությունն այդ երկրում: Վրաստանը կախման մեջ է հայտնվում ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Թուրքիայից: Այս հարցում Ադրբեջանն ու Թուրքիան ունեն միասնական ռազմավարություն: Մասնավորապես, Թուրքիան բացահայտորեն աջակցում է Աբխազիային` ուշադրություն չդարձնելով Վրաստանի վրա: «Կարելի է վստահաբար ասել, որ Բաքուն ու Անկարան բոլոր ջանքերը կներդնեն, որպեսզի թույլ չտան Վրաստանին դառնալու տարածաշրջանային լիդեր»,- համոզված է ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Ռազմաքաղաքական


19/05/2011