Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԲԵԼՅԱՆ



Մայիսի 6-ին Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացվեց միջոցառում` նվիրված գրող, հրապարակախոս Տիգրան Պետրոսյանցի ծննդյան 60-րդ տարեդարձին: Տիգրան Պետրոսյանցը իրադարձություններով լի կյանք է ապրել, իր որդիների հետ միասին մասնակցել է Արցախյան պատերազմին, երկար տարիներ ծառայել է ՊՆ համակարգում: Այժմ էլ ստանձնել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի ղեկավարի պատասխանատու գործը:
Ներկաները մտերմիկ մթնոլորտում հանգամանալից ներկայացրին Պետրոսյանցի կենսագրությունը, նրա հետ միասին անցկացրած օրերը, արժանին մատուցելով ստեղծագործական մտքին, անսահման աշխատասիրությանը, նվիրվածությանը հայրենիքին:
-Ես շնորհավորում եմ քեզ` իմ մարտական կրտսեր ընկերոջը, եւ մաղթում իսկական զինվորական երջանկություն, առողջություն: Հավատացնում եմ բոլորիդ, մարտի դաշտում Տիգրանը ե՛ւ զինվոր էր, ե՛ւ գրող, իսկ դա իրոք արժանի է գնահատանքի,-իր խոսքում նշեց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
Գնդապետ Վանիկ Մինասյանը ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը, ապա նաեւ՝ հրամանը, համաձայն որի՝ Տիգրան Պետրոսյանցը պարգեւատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, Դ.Վարուժանի անվան դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը եւ շատ ուրիշներ ասացին իրենց սրտի խոսքը, շնորհավորեցին` բարեմաղթելով հոբելյարին նոր աշխատանքներ ու տպագրված գրքեր:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ Տիգրան Պետրոսյանցի հեղինակած «1000 հայ գեներալներ» գիրքը, որը ներառում է զինվորական բարձր կոչում ստացած 1106 հայորդիների կենսագրությունը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Բանակ և հասարակություն


19/05/2011