Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԵՐԵՆ «ПОСТ» և «СТОРОЖЕВОЙ» ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ



1. «Пост» տերմինի հայերեն համարժեքը ՊԱՀԱԿԱԿԵՏՆ է: Պահակակետը ժամապահի պահպանությանը և պաշտպանությանը հանձնված օբյեկտ է, որևէ տեղամաս, մարտական տեխնիկայի և ռազմական այլ արժեքների պահպանության տարածք: Պահակակետը լինում է ներքին և արտաքին: Ներքին պահակակետերը սարքավորվում են որևէ շինության ներսում, մեծ մասամբ զորամասերի շտաբներում` մարտական դրոշի, ինչպես նաև հատուկ (գաղտնի) սենյակների պահպանության համար: Արտաքին պահակակետերը սարքավորվում են շինություններից դուրս` պահեստների, մարտական տեխնիկայի, ինչպես նաև զանազան ռազմական արժեքավոր իրերի պահպանության համար: Պահակակետերի կազմի մեջ մտնող օբյեկտների շուրջ ստեղծվում են արգելված գոտիներ` «ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է», «ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՏԻ» ցուցանշաններով:

2. «Сторожевой» տերմինի հայերեն համարժեքը ՊԱՀԱԿԱՅԻՆ ԿԵՏՆ է: Ի տարբերություն պահակակետի, որը ժամապահի պահպանությանը հանձնված որևէ օբյեկտ է, պահակային կետը պահպանության մարմին է: Այն առանձնացվում է պահակային ջոկատից, պահակային ուղեկալից կամ տեղաբաշխված ստորաբաժանումներից և նախատեսված է պահակային պահպանություն կատարելու համար: Պահակային կետերը, սովորաբար, լինում են ջոկի կազմով և դիրքեր են զբաղեցնում պահպանվող ստորաբաժանումներից շուրջ 1500 մետր հեռավորության վրա: Նրանք հակառակորդի միայնակ զինվորներին գերի են վերցնում կամ ոչնչացնում են, իսկ գերակշռող ուժերի հետ մարտի են բռնվում և կասեցնում են նրանց առաջշարժումը, մինչև նոր առաջադրանք ստանալը:

ՍԱՐԳԻՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ռազմական


09/07/2015