ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջեւ համագործակցությունն ու բարեկամությունը խոր արմատներ ունեն: Վարժարանի սաները բազմիցս այցելել են համալսարան, մասնակցել տարաբնույթ մշակութային, հայրենասիրական ուղղվածությամբ միջոցառումների, հանդիպել մեր մշակույթի անվանի ներկայացուցիչներին, ոգեշնչվել նրանց ելույթներով: Մայիսի 4-ին այդ համագործակցության հերթական դրսեւորումն էր, այս անգամ հյուրընկալողի դերում վարժարանն էր: Ռազմական կրթօջախ էին այցելել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Սեդա Վերմիշեւան, մշակութային ոլորտի հայտնի եւ սիրված դեմքեր, համալսարանի ուսանողներ: Զինվորական կարգուկանոնից, խստապահանջությունից բացի կարեւորելով նաեւ հոգեւոր ու մշակութային դաստիարակությունը` ուսանողները վարժարանի պատանի սաների համար ասմունքեցին, երգեցին, ներկայացրին առավելապես Սեդա Վերմիշեւայի ստեղծագործությունները: Ելույթ ունեցան նաեւ Բարսեղ Կանաչյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը, օպերային երգիչ Կարպիս Մանուկյանը, երաժշտական արվեստի դպրոցի աշակերտները: Վարժարանի բեմի վրա կայացավ նաեւ երգի պրեմիերա. Սեդա Վերմիշեւայի բանաստեղծության բառերով եւ երգահան Ժասմինա Արեւշատյանի գրած երաժշտությամբ երգիչ Ալեքսանդր Ժույկովը, դաշնակահար Լեւոն Հարությունյանի նվագակցությամբ, առաջին անգամ կատարեց «Արցախ» երգը` ոգեւորության մեծ ալիք բարձրացնելով դահլիճում: Տիկին Արեւշատյանը տեղեկացրեց, որ հետագայում նախատեսվում է երգի կատարումը նվագախմբի հետ միասին:
-Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու, մեր բանակի վաղվա օրը տեսնելու համար: Ուրախ եւ հպարտ եմ, որ ես, մեր մյուս գործիչները հնարավորություն ունենք փոքր-ինչ բարձրացնելու ձեր ոգին: Հավատացնում եմ, զինվորականի համար ոգին անչափ կարեւոր է, դրա շնորհիվ ես հաղթում թվապես եւ տեխնիկապես ավելի ուժեղ հակառակորդին: Հուսով եմ, մեր ելույթները օգտակար կլինեն ձեզ համար, իսկ դուք էլ ձեր հերթին կնպաստեք ընկերների, պարզապես տարեկիցների ոգու ամրապնդմանը,-իր խոսքում նշեց տիկին Վերմիշեւան:
Միջոցառումն ամփոփեց վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը: Նա նշեց, որ վարժարանի սաների մեծ մասը համալրելու է ազգային բանակի սպայակազմը, եւ նմանատիպ միջոցառումները խիստ կարեւոր են ապագա սպաների ընդհանուր կրթվածության, աշխարհընկալման, ինտելեկտուալ բարձր որակների համար: Գնդապետը հատկապես նշեց վարժարանի եւ լեզվաբանական համալսարանի միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ շնորհակալագրով պարգեւատրեց այդ կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցող, համալսարանի գրադարանի միջոցառումների կազմակերպիչ Զարուհի Ավետիսյանին, որը նաեւ տվյալ հանդիպման նախաձեռնողներից էր:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ